Սերժ Սարգսյանի ընկերն եմ, բայց ինձ չեն կասկածում

Սերժ Սարգսյանի ընկերն եմ, բայց ինձ չեն կասկածում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում երեկվանից մեկնարկեցին նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, որը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից է, նույնպես ներկայացրեց բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ իր ղեկավարած կառույցի եզրակացությունը։ Յոլյանի ելույթից հետո նրան խնդրեցինք համեմատություն անել նախորդ եւ այս իշխանությունների ժամանակ բյուջեի կատարման առումով, սակայն՝ ապարդյուն․ Յոլյանը, հղում անելով օրենքի այն դրույթին, որ ի պաշտոնե չի կարող քաղաքական գնահատականներ հնչեցնել, մեր բոլոր հարցերին միայն մեկ պատասխան էր կրկնում․ «Դրեք համեմատեք 2017-ի եւ 2018-ի մեր եզրակացությունները, եւ ամեն ինչ պարզ կլինի»։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է աշխատում նման կաշկանդվածությամբ, երբ դժվարանում է անգամ մասնագիտական համեմատություն անել, կարծիք հայտնել։ «Շատ նորմալ, չկա ոչ մի կաշկանդվածություն»։

- Պարոն Յոլյան, Դուք Սերժ Սարգսյանի ամենամտերիմներից եք, Ձեզ հետ էր սիրում շախմատ խաղալ, ինչպե՞ս ստացվեց, որ  շարունակում եք պատասխանատու պաշտոնին մնալ նաեւ իշխանափոխությունից հետո։

- Ես կողմնակից չեմ, երբ քաղաքական կոնյունկտուրան փոխվում է, մարդիկ աշխատանք են կորցնում, սկսում են քավոր-սանիկ փոխել, ընկերություն, հարաբերություններ փոխվել եւ այլն, եւ այլն։ Դա չի կարելի։ Ես հոյակապ հարաբերություններ եմ ունեցել Դարբինյան Արմենի հետ, որի օրոք եկել եմ պետական համակարգ։ Ողորմածիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նշանակումով եղել եմ առողջապահության փոխնախարար։ 2007 թվականին նշանակվել եմ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, ութուկես տարի աշխատել եմ այդ պաշտոնում, 2016 թվականին նշանակվել եմ էներգետիկայի նախարար, աշխատել 6.5 ամիս, հինգ ամիս առանց աշխատանք մնացել ու հետո հայտնվել այս պաշտոնում։ Ես նկարագրում եմ, որ հասկանալի դառնա, ինչ-որ չափով դա Ձեր հարցի պատասխանն է։

- Բայց Կարեն Կարապետյանը Ձեզ չպահեց կառավարությունում։

- Ինքն ինձ առաջարկեց վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ասաց, որ միացնելու է նաեւ ֆիննախի ԿՌՈՒ-ն եւ հետագայում ֆինանսական ոստիկանության հեռանկարով, պարզապես ես գտա, որ ավելի լավ է չաշխատեմ, քան զբաղվեմ այն գործով, որն ինձ այդ պահին չէր հրապուրում։ Ես շատ կիրթ հրաժարվեցի այդ առաջարկից եւ հինգուկես ամիս մնացի գործազուրկ։

- Պարոն Յոլյան, նոր իշխանությունները նախկինների նկատմամբ  յուրահատուկ վերաբերմունք ունեն, ովքեր էլ որ պաշտոն են զբաղեցրել, ավելի լոյալ մարդիկ են եղել, մինչդեռ Դուք Սերժ Սարգսյանի ամենամտերիմներից եք։

- Ես այդ գնահատականների առումով կարծիք չեմ ասի, բայց կոնկրետ ինձ հետ կապված՝ մենք համագործակցում ենք, աշխատում ենք, պալատն ունեցել է խնդիրներ, որը ես բարձրացրել եմ վարչապետի առջեւ՝ սկսած վարձատրությունից, ինչը խիստ կարեւոր է, վերջացրած հաստիքացուցակով։ Ստացել ենք հարցերի դրական լուծումներ, Ձեր ասած՝ կաշկանդված չենք եղել այս ընթացքում։ Ընդհանրապես, ե՛ւ 2017, ե՛ւ 2018 թվականին ես կաշկանդվածություն չեմ ունեցել, դատախազական մարմինների հետ սերտ համագործակցել ենք նաեւ 2017-ին։ 2018-ի ամփոփումից հետո էլ կան մի քանի ուղղություններ, որոնց վերաբերյալ կրկին նյութեր ենք տրամադրել, երբ առերեւույթ հանցագործություններ ենք նկատել, բայց առայժմ այդ մասին չեմ խոսի։ 

- Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, յուրայինները նրա հրաժարականից հետո ինքնակամ հեռացան համակարգից, ի՞նչն է Ձեզ պահում այս պաշտոնում։

- Մենք բոլորս այս երկրի քաղաքացիներն ենք, անկախ ամեն ինչից՝ բոլորիս սիրտը ցավում է երկրի ապագայի համար։ Եթե ինչ-որ մեկը կարող է ներդրում անի՝ լինելով հայ, պարտավոր է այդ ներդրումն անել։ Պետք չէ ազգը կիսել յուրային-ոչ յուրայինի։ Եթե կարող ես մի բան անել պետության համար ու չես անում, դա հայավարի չէ։ Մի խոսքով՝ որեւէ մեկն ինձ չի կասկածել, որեւէ մեկի մոտ նման հարց չի առաջացել՝ ինչու ես մնացել, ինչու չես գնացել։

- Սերժ Սարգսյանը գոնե Ձեզ խոստովանե՞լ է, թե ինչ նկատի ուներ իր հայտնի հայտարարությամբ՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ»։

- Մենք քաղաքական հարցերով խոսակցություն չենք ունեցել։ Առհասարակ, մենք հանդիպում ենք այնքան, որքան նախկինում, մի քիչ էլ՝ քիչ, այն ժամանակ գործի բերումով, գուցե, ավելի շատ էինք հանդիպում։