Ի՞նչ է անելու Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կարգավորող հանձնաժողովը
Հունվարի 29-ին հրապարակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որով ստեղծվում է աշխատանքային խումբ՝ կարգավորելու համար պետության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ հարաբերություններում առաջ եկած խնդիրները։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:
Մայր Աթոռը, ի դեմս իր խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի, արդեն հասցրել է ողջունել այդ հանձնաժողովի ստեղծումը, հետեւյալ հայտարարությամբ․ «Ողջունելի է ՀՀ իշխանությունների հանձնառությունը Ազգային Եկեղեցու առջև ծառացած հարցերին լուծումներ գտնելու հարցում հանուն մեր ազգային ու հոգևոր զարթոնքի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով հունվարի 29-ին ստեղծված աշխատանքային խումբը ձևավորվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ վարչապետի քննարկումների արդյունքում` փոխադարձ համաձայնությամբ։ Վստահ ենք, խմբի աշխատանքը, Աստծո կամոք, կնպաստի Եկեղեցի-պետություն հարաբերությունների առավել արդյունավետ ծառայեցմանը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի շահերին»։
Առավել ստանդարտ եւ ոչինչ չասող հայտարարություն երեւի թե դժվար կլիներ պատկերացնել։ Մինչդեռ, հարցերը, որոնք կապված են այս ստեղծվելիք աշխատանքային խմբի հետ, բավականին շատ են, թեկուզ եւ հաշվի առնելով հետհեղափոխական ներկայիս իրականության մեջ Առաքելական եկեղեցում ընթացող խմորումները։ Ում նախաձեռնությամբ է ստեղծվում այդ աշխատանքային խումբը, ինչ հարցեր է այն քննարկելու, ինչ լիազորություններ է ունենալու, որոշումների կայացման իրավունք ունենալու է, թե զուտ խորհրդակցական մարմին է լինելու, արդյոք այն ծնունդ է տալու մեկ այլ՝ ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող մարմնի եւ վերջապես այդ ինչ հարաբերություններ են առկա պետության եւ եկեղեցու մեջ, որոնք կարիք ունեն կարգավորման նման աշխատանքային խմբի ներգրավմամբ։ Սրանք բերված հարցերի մի մասն են միայն, որոնք մնում են բաց եւ որոնք պատասխանները պարզապես պետք է կռահել կամ «կարդալ տողարանքները» եւ Փաշինյանի որոշման, եւ Մայր Աթոռի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի հայտարարության։
Ում նախաձեռնությունն է
Վահրամ քահանա Մելիքյանի հայտարարության տեքստից կարելի է հասկանալ, որ Առաքելական եկեղեցում առկա խնդիրների կարգավորման համար Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի միջեւ քննարկում/ներ/ է տեղի ունեցել, որի արդյունքում կողմերը եկել են փոխհամաձայնության, ստեղծել նման եկեղեցա-պետական խառը հանձնաժողով։ Չի բացառվում, որ նման խմբի ստեղծման անհրաժեշտությունը հենց Փաշինյանինը լինի։ Հատկապես, որ խումբը ղեկավարում է կառավարության ներկայացուցիչը, այսինքն նախաձեռնողականությունը պետությանն է, հակառակ պարագայում կլիներ օրինակ համաղեկավարություն, օրինակ կառավարության ներկայացուցչի եւ եկեղեցու ներկայացուցչի մասնակցությամբ։ Բացի այդ, խմբում 13 անդամից ութը ներկայացնում է պետությունը, 5-ը եկեղեցին, ինչը կրկին խոսում է այն մասին, որ առաջարկն արվել է վարչապետի կողմից, իսկ Գարեգին Բ-ին այլ բան չի մնացել, քան համաձայնել։
Ինչ խնդիրներ է քննարկելու
Այն, թե ինչ խնդիրներ է քննարկելու կամ նույնիսկ լուծելու այս խումբը կարելի է հասկանալ խմբի կազմն ուսումնասիրելով։ Նախարարի տեղակալի մակարդակով խմբում ներկայացված են՝ արդարադատության, տարածքային կառավարման, արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի, պաշտպանության, տնտեսական զարգացման, ֆինանսների, ոստիկանության, կադաստրի, պետեկամուտների, եւ սոցիալական ոլորտների գերատեսչական մարմինները։ Այլ խոսքով ասած՝ կյանքի հիմնական ոլորտները։ Սա արդեն խոսում է այն մասին, որ օրինակ արտաքին գործերի նախարարության պարագայում հարցն առնչվելու է եկեղեցականների կամ եկեղեցու աշխատակիցների՝ արտասահման գործուղումների պարագայում վիզայի հետ կապված խնդիրներին, որին կմասնակցի նաեւ ոստիկանության ներկայացուցիչը, թեեւ ոստիկանության ներկայացուցիչը կմասնակցի կաթողիկոսի կամ եկեղեցապատկան տարածքների անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների քննարկումներին կամ կարգավորումներին, իսկ ԱԳՆ ներկայացուցիչն էլ մասնակցություն կարող է ունենալ միջազգային կարեւոր հարթակներում Գարեգին Բ-ի հանդես գալիք ելույթների կամ հայտարարությունների մշակմանն աջակցելով։ Ֆինանսա-տնտեսական բլոկը ներկայացնող նախարարությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը եւս հականալի է։
Մայր Աթոռը Հայաստանում խոշոր հարկատուներից է, նաեւ համարվոում է խոշոր գործատուներից մեկը։ Բացի այդ, պարբերաբար վերջինս ստանում է նյութական նվիրատվություններ տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից, ինքն էլ ծիսական նշանակության մոմ պատրաստելու համար պարաֆին է ներկրում եւ այս ամբողջը մաքսազերծելու, օրինականացնելու եւ հարկային դաշտ բերելու անհրաժեշտություն կա։ Նախկին իշխանությունների դեպքում, ինչպես արդեն քանիցս գրել է «Հրապարակը», ամեն ինչ շատ ավելի պարզ էր՝ նամակ-խնդրագրեր էին գնում տարբեր նախարարություններ եւ գերատեսչություններ, եւ հարցը ընդառաջման կարգով լուծվում էր «վերեւների դաբրոյով», որն ըստ ամենայնի Գարեգին Բ-ի եւ առհասարակ եկեղեցական վերնախավի՝ նախկին իշխանությունների հանդեպ ունեցած կրավորական կեցվածքի «գինը» կարելի է համարել, կամ դրա բաղադրիչներից մեկը։
Հիմա, թերեւս, երբ տարեկան մի քանի տասնյակ, գուցե՝ հարյուր տոննա պարաֆին ես ներկրում, կամ ստանում ես միլիոնների հասնող գույքի նվիրատվություն, այդ ամենը այլեւս նախկին ձեւով անհնար է կարգավորել, օրինականացնել, մաքսազերծել։ Սրան գումարած նաեւ այն, որ Մայր Աթոռը նաեւ որոշակի ֆինանսական գործառույթներ կառարող, կորպորատիվ-սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց է, ու անշարժ գույքի հայաստանյան խոշոր սեփականատերերից մեկը եւ այս ամենը կրկին օրիանկան գործընթացներով եւ ոչ թե նախկինի պես կարգավորելու խնդիր կա։ Արդարադատության նախարարության ներկայացուցչն էլ օրինակ կարող է մասնակցել եկեղեցու ներքին վարչա-տարածքային կառուցվածքի հետ կապված պետության առաջ ունեցած իրավական խնդիրների կարգավորմանը։ Խոսքը Հայաստանում գործող եկեղեցական թեմերին կորպորատիվ կառույցի մասնաճյուղի իրավական կարգավիճակ տալու խնդրին կարող է վերաբերվել օրինակ, քանի որ մեծ հաշվով Հայաստանի տարածքում գործող եկեղեցական տարածքային վարչական միավորները՝ թեմերը չունեն առանձին միավոր որպես իրավաբանական անձի կարգավիճակ եւ սրանով պայմանավորված լիովին կախված են Մայր Աթոռից ամենատարրական գործարքներ իրականացնելիս անգամ։
Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչն էլ հասկանալի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խնդիրներն է կարգավորելու։ Առհասարակ, նախկին իշխանությունների օրոք եկեղեցականները ունեին անարգել ելումուտ դպրոցներ, մանկապարտեզներ, համալսարաններ, հիվանդանոցներ, քրեակատարողական հիմնարկներ, ծերանոցներ, մանկատներ եւ այլն։ Այս աշխատանքի շարունակման ընթացքում առաջացած հարցերը եւս կարող են դառնալ արդեն այս խմբի քննարկելիք նյութը։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ այս խումբը ապագայում ծնունդ է տալու պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորող նոր մարմնի։ Ի դեպ, ժամանակին, ԽՍՀՄ տարիներին, գործում էր Հայ եկեղեցու գործերի խորհուրդը, որը վերացվեց անկախությունից հետո։
Կարծիքներ