Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դագաղի վերջին մեխը խփողն է

Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դագաղի վերջին մեխը խփողն է

Օրերս, Հայաստանից մտավորականների պատվիրակություն էր մեկնել Մոսկվա`  հանդիպելու Ադրբեջանի պատվիրակության հետ, ինչին բազմաթիվ կոշտ արձագանքներ եղան,  դրանցից մեկը «Ձայն Հայրենեաց» մտավորական մշակութային շարժման հայտարարությունն էր։ Բայց շարժումը կարծես անտեսել էր 3 օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց մտքերը, մենք շարժման առաջնորդներից մեկին` Սերժ Սրապիոնյանին հարցրեցինք` լսել է եւ ինչ մտածում Փաշինյանի ասածների մասին։

-Մարդը սկզբից արդեն հայտարարել էր, որ Ղարաբաղի կողմից չի ընտրվել ու հարցերին չի կարող խառնվել։ Հիմա իր, այսպես ասած, չակերտյալ քաղաքականությամբ Արցախը բերեց կանգեցրեց բավականին լուրջ կատաստրոֆայի առաջ։

Հուլիսյան, տավուշյան դեպքերից առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ սահմանային ինչ-ինչ տարածքներում ադարբեջանցիները առաջ են եկել նոր պոստեր են դնում, դիտակետեր են դնում, դրան հաջորդեց` պատահաբար մեքենա է մոտեցել մեր դիրքին, մերոնք կրակել են, հրահրեցին բախում, համատարած արկղերով պագևատրումներ և հերոսի կոչումներ ստացան, հայտնի չի` ովքեր ու ինչի համար։ Այս ամբողջը ըստ էության նույն տրամաբանության  ծիրի մեջ է։ Այս ամեն ինչից հետո, Ղարաբաղի մասին չբանակցող մարդը սկսեց վերելակում հարցեր լուծել, հետո հայտարարեց կիրթ ու կառուցողական գործընկերոջ մասին, այս ամենը տրամաբանական շղթայով եկավ չէ՞... հետո տեղի ունեցավ 44-օրյան, մարդը բունկերից դուրս չեկավ, վարձու ինչ-որ գեներալիկներ, նոր թխված գեներալիկներ հայտնվեցին, հետո մահափորձի դերասանություն։ Երբ կարծիք հայտնեցի Ջալալի մեքենայի պայթեցման մասին, ֆեյքային ոհմակը հարձակվեց վրաս, բայց մինչև այսօր չի բացահայտվել այդ գաղտնիքը։
Ես հայտարարում եմ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում միտումնավոր վերացվեց հնարավոր ընդդիմադիր ուժը՝ դա հայ զինվորն էր 18-21 տարեկան, այն գեներալների պաշտոնանկությունն ու նոր պաշտոնների հիմնումը, էն հին գեներալները, որ ափալ-թափալ (կներեք արտահայտության համար) գնացին Արցախ` իրենց փորձով փոխանակվելու, որը կխանգարեր մարդկային պատմության մեջ չտեսնված դավաճանական գործարքին, նրանց մեկուսացրին։ Եւ եկավ հասավ իր մտածած տարամաբանությանը՝ «Արցախը Ադրբեջան է և վե՛րջ», հիշե՛ք «Արցախը Հայաստանից մինչև Արցախը Ադրբեջան է և վե՛րջ» զարգացումները, հայելու նման կերևա ամեն բան։
Հեծանիվով աշխատանքի գնացող մարդը հետագայում 2 զրահապատ մեքենա է գնում, 1 զրահապատ մեքենա էլ իր թեմակցի համար, այն պարագայում, երբ աղքատությունը գերազանցում է 30%-ի շեմը, և աղբատեղերի մոտ մարդիկ գրեթե հերթ կանգնած` աղբարկղերն են քրքրում, սա ինչի՞ մասին է վկայում։

Այն, ինչ Նիկոլն ուզում է ասել, ասում է  ո՛չ թե ինձ, ո՛չ թե քեզ, Ալիևին է ասում. «Ղարաբաղի հետ մենք գործ չունենք, Արցախում հայկական բանակը լուրջ մասնակցություն չի ունենա, եթե դու հարձակվես»։

Էս ամբողջ թուրքական քաղաքականությունը բերեց հասցրեց նրան, որ մարդը հասավ իրավունք ունենալու աստիճանի, և ասաց՝ Արցախում Հայաստանը ոչ մի կապ չունի, նվերը տվեց պրծավ։ Արցախում, փոքրիկ խրճիթում իրեն արքա կարծող, նախագահ կա, ինչ կա, ուզում է ինչ-որ ատամ ցույց տալ, սա հերթական ողբերգության արարն է։ Արայիկ Հարությունյանի դեմագոգիան ինձ նոր չի հայտնի։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դագաղի վերջին մեխը խփողն է։

- Ուշացա՞ծ չէր, Արայիկ Հարությունյանի հայտարարությունը:

- Այս երկուսը երբեք ուշացած ոչ մի բան չեն ասում, սրանք տրամաբանորեն իրար հետ պայմանավորված քայլեր են։ Նիկոլը գրեթե ասաց, որ «Արցախը Ադրբեջան է և վե՛րջ», հիմա էս մարդը իր ժողովրդին պիտի ցույց տա, որ` գիտե՞ք, ինչ կա սա ինձ չի վերաբերում, ես Արցախի մնացորդացի նախագահն եմ, և ես ասում եմ՝ Արցախի ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը։ Ժողովո՞ւրդ եք թողել էնտեղ, որ մի հատ էլ հայտարություն անի, վիթխարի Արցախից ժողովրդին հավաքեցիք լցրեցիք Ստեփանակերտ ու մի քանի հարակից գյուղեր, էլ ինչ Արցախի մասին ենք խոսում։

Արդեն Արցախի խնդիրը չի, դրված է Հայաստանի խնդիրը, եթե Տավուշում մարդը արդեն այլընտրանքային ճանապարհ է կառուցում...Բարեբախտաբար Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր մտածելու ունակությունը չեն կորցրել և հասկանում են, որ անկլավների անվան տակ էլ Հայաստանից մի խոշոր պատառ Ալիևին ` տրվելու։ Հետո բանագնացներ ես ուղարկում` մտավորականների ավան տակ, ադրբեջանցիների հետ հանդիպելու, էդ մտավորականներին էլ ժողովրդի աչքում ես ոչնչացնում։ Այո՛, «Ձայն հայրենեաց» շարժումը ցույց տվեց իր հեգնական վերաբերմունքը, իրեն ոչ բնորոշ բառապաշարով, որովհետև մեզ այլ ճանապարհ չեն թողել։ Մենք տեր ենք յուրաքանչյուր ասված բառի համար, թող դատի տան։ Արմեն Մուրադյանն ինձ համար եղել է էտալոնային բժիշկ, ընտիր կազմակերպիչ, ես իր մասին ասել եմ ամենաբարձր կարծիքը, ինչու՞ գնաց մասնակցեց էդ ֆալշին։ Բաբայանի մասին չեմ խոսում, նա ինձ համար վաղուց չգոյ երևույթ է։ Ստանիսլավսկու թատրոնի հերն անիծողը գնացել է էնտեղ ի՞նչ պայմանավորվի, ի՞նչ կրոնական ու մշակութային խնդիրներ են քննում, երբ քո մշակույթը ամբողջ օրը պղծում ու տրորում են։  

Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը հիմար է, սխալվում են, էս մարդն ամեն ինչը շատ լավ կազմակերպել է, իր գիծը առաջ տանելու համար բոլոր մանրամասները հաշվի առել, և կտանի կհասցնի Հայաստանը այն կետին, որը նախատեսել է, այն է` Հայաստանի վերացում։