Մետաֆորիկ «մերձեցման երեկո»

Մետաֆորիկ «մերձեցման երեկո»

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից մի քանիսը երեկ ասուլիս էին հրավիրել խորհրդարանում՝ պատմելու, թե ինչպես է անցել Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, ինչ հարցեր են քննարկել, ինչ բանաձեւեր ու զեկույցներ են ընդունվել եւ այլն։

ԵԽԽՎ-ի գլխավոր ինտրիգը, սակայն, Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելուն ուղղված բանաձեւի ընդունումն էր, որին մեր պատվիրակության անդամներից ոչ բոլորն են «կողմ» քվեարկել։

Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «դեմ» էր քվեարկել, իսկ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն առհասարակ չէր մասնակցել քվեարկությանը։

Սա մեծ աղմուկ բարձրացրեց հայկական մամուլում, որ իշխանական պատգամավորները փաստացի դեմ են եղել մեր դաշնակից երկրի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելուն։ Դրանից հետո Ռուբինյանը հայտարարեց, թե իր «դեմ» քվեարկելը տեխնիկական վրիպակ է եղել, եւ իրենք քննարկում են ռուսների հետ մերձեցման երեկո կազմակերպելու հարցը։

Սա էլ առանձին մեկնաբանությունների ու զավեշտի տեղիք տվեց։ Նախ տարակուսանք առաջացրեց Ռուբինյանի՝ սխալմամբ «դեմ» քվեարկելու հանգամանքը, քանզի ցուցատախտակին երեւում է, թե ինչպես է քվեարկել, եւ կարող էր անմիջապես շտկել սխալը։

Այնուհետեւ բուռն քննարկվեց, տեղ-տեղ նաեւ հեգնանքի ու սարկազմիկ մեկնաբանությունների արժանացավ ռուսների հետ հավանական «մերձեցման երեկո» անցկացնելու մեր պատվիրակության ղեկավարի ցանկությունը։

Ոմանք ֆանտազիաներին տուրք տվեցին՝ պատկերացնելու, թե որքան բուռն կանցներ այդ երեկոն ռուսների հետ։ Ակնհայտ էր, որ հայկական պատվիրակության ղեկավարի՝ «մերձեցման երեկո» կազմակերպելու ցանկությունը ռուսների սիրտը շահելու համար էր, ինչը երեկ, ըստ էության, չհերքեցին մեր պատվիրակության անդամները։ 

Ի վերջո, ինչպե՞ս անցավ մերձեցման երեկոն, պատվիրակությունից ովքե՞ր են մասնակցել, ի՞նչ տպավորություն են ստացել ռուսների հետ մերձեցումից՝ հարցրինք երեկ պատվիրակության անդամներին։
«Վստահաբար կարող եմ պնդել, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է տեխնիկական վրիպակ, որովհետեւ դահլիճում եմ եղել, ներկա եմ եղել դրան:

Մերձեցման որեւէ երեկոյի կամ ցերեկույթի չեմ մասնակցել»,- ասաց պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Հովհաննես Իգիթյանն էլ հավելեց, որ մերձեցման երեկոյից տեղյակ չէ՝ եղել է, թե ոչ, բայց եթե լիներ էլ, ինքը որեւէ խնդիր չունի մասնակցելու նման միջոցառումների: Ի դեպ, Իգիթյանն իր՝ քվեարկությանը չմասնակցելն ինչ-որ քաղաքագիտական վելուծությունների ծիրում մեկնաբանեց, որից այդպես էլ պարզ չհասկացվեց, թե նա ինչու չի մասնակցել քվեարկությանը։
Ռուբեն Ռուբինյանն ասուլիսին չէր մասնակցում, նա դարձյալ  գործուղման էր, այս անգամ՝ Լեհաստանում։ 

Ասուլիսին ներկա անդամներից Տաթեւիկ Հայրապետյանն էլ նշեց, որ միայն իրենք չեն սխալ քվեարկել, նաեւ՝ լիտվացի ու լատվիացի պատգամավորները, որի մասին հետո հայտարարեցին։

«Այսինքն՝ զուտ մարդկային գործոնը միայն պարոն Ռուբինյանի դեպքում չէր խաղացել»,- ասաց նա՝ նշելով, որ ուշ ժամ էր, բոլորի հետ էլ կարող էր պատահել նման բան։

Մեր դիտարկմանը, թե Ռուբինյանը կարծես արդարանալու համար հայտարարեց մերձեցման երեկո կազմակերպելու մասին, որ երեւի շտկեն սխալն ու ռուսների սիրտը շահեն, պատվիրակության իմքայլական անդամ Սոս Ավետիսյանը, ըստ էության, չհերքեց այս դիտարկումը. «Պարզ է, որ պետք էր բացատրել մեր ռուս գործընկերներին, որ մենք, իհարկե, կողմ ենք, որպեսզի իրանք վերադառնան Եվրոպայի խորհուրդ։ Ասվել է, որ մերձեցման երեկո կարելի է քննարկել։

Դա ընդամենը մի մեսիջ էր, որի հիմնական նպատակը նա էր, որ մենք մեր ռուս գործընկերներին բացատրել ենք, որ վրիպակ է տեղի ունեցել, եւ այդքանը»։ 

Ի վերջո, ռուսների հետ երեկոյան հանդիպե՞լ են, թե՞ ոչ․ պատվիրակության մեկ այլ իշխանական անդամ Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Ռուսների հետ մերձեցման երեկո, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության հետ որեւիցե հանդիպում չի եղել, եղել են ոչ պաշտոնական շփումներ ԵԽԽՎ նիստի ամբողջ ընթացքում՝ բավականին բարիդրացիական, եւ դուք գիտեք, որ մենք այնուհետեւ մասնակցեցինք հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին եւ առիթ ունեցանք նաեւ մեր դիրքորոշումը ներկայացնելու մեր ռուսաստանյան գործընկերներին։

Ինչ վերաբերում է խնջույք, միջոցառում կամ որեւիցե այլ բան կազմակերպելուն, նման բան չի եղել։ Ինձ թվում է՝ պարոն Ռուբինյանը «մերձեցման երեկո» ասելով՝ նաեւ մետաֆորիկ ինչ-որ նշանակություն է տվել դրան»։