Մեկ հոգու սխալի պատճառով փակվեց մի ողջ ընկերություն

Մեկ հոգու սխալի պատճառով փակվեց մի ողջ ընկերություն

Ինչպես հայտնի է, քաղավիացիայում իրականացված աուդիտի հետևանքով հայկական 2 ավիաընկերություններ զրկվել են դեպի եվրոպա չվերթներ իրականացնելու լիցենզիայից։ Դրանցից մեկը՝ «Տարոն Ավիա» ընկերությունը, ընդհանրապես դադարեցրել է գործունեությունը, ընկերությունը փակվել է։  Ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հետևյալ պարզաբանումն է տվել․

«Տարոն–Ավիա» ՍՊԸ ավիաընկեությունը Հայաստանի ավիաշուկայում իր կանոնավոր օդային առևտրային հաղորդակցությունների մեկնարկը տվել է 2017 թվականի ապրիլի 25–ից ՝թռիչքներ իրականացնելով Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի ՌԴ մի քանի քաղաքներ, իսկ հետագայում նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի ՌԴ մայրաքաղաք՝ ամենօրյա հաճախականությամբ,  և դադարեցրեց չվերթները 2018 թվականի հունվարի 15–ից։ Ավիաընկերությունը 2019 թվականի օգոստոսի 1-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից ՀՀ Կառավարության «հատուկ» պատվերով իրականացրել է «R&AR» տուրիստական ավիաընկերության չարաշահումների «զոհ» դարցած մեր հայրենակիցների տարհանումը։ 
2019 թվականի մայիսի 1-ից իր «Boeing 737-500» օդանավով սկսել է Երեւանից թռիչքներ կատարել դեպի ռուսական Վորոնեժ եւ Միներալնիե Վոդի ուղղություւներով՝ «Armenia» ավիաընկերության փոխարեն:  Հայաստանի ավիացիայի պատմության մեջ «Տարոն-Ավիան» եղել է միակ ավիաընկերությունը, որը դուրս է եկել ավիաշուկայից առանց որևիցէ ֆինանսական պարտավորության՝ այսինքն առանց գեթ 1 ՀՀ դրամ պարտք ունենալու թե ՀՀ Պետական բյուջեի, թե որևիցե իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ։

2019 թ. ընթացքում «Տարոն–Ավիա» ավիաընկերությունը EASA-ին (Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն) Հայտ էր ներկայացրել TCO (Third Country Operators) հավաստագիր ստանալու նպատակով, որը իրավունք է ընձեռնում երրորդ երկրների ավիաընկերություններին մուտք գործել ԵՄ օդային տարածք։ Հայտին կից ներկայացվել են ավիաընկերության գործունեությանը վերաբերվող մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ մարդկային գործոնի (Ավիաընկերությունում նշված գործընթացը համակարգող համապատասխան աշխատակցի թույլատրված շատ կոպիտ սխալի) արդյունքում EASA հանձնաժողովի ուսումնասիրությանն են ներկայացվել թռիչքների անվտանգությունը ոչ ճիշտ բնութագրող փաստաթղթեր։ 

Այդ նպատակով 2019-ի հուլիսին ստուգումներ է իրականացրել հայկական ավիաընկերությունում, որի ընթացքում արձանագրվել են հենց այդ մարդկային գործոնի հետևանքով ի հայտ եկած «թերությունները»։ Այդուհանդերձ EASA-ի կողմից «Տարոն–Ավիա» ՍՊԸ ավիաընկերությանը տրվել էր 6 ամսյա ժամկետ' հայտնաբերված «թերությունները» վերացնելու համար: Այսինքն ավիաընկերությունը պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացներ իրականում գոյություն չունեցող «խախտումների» պատճառների, դրանց վերացմանն ուղղված և հետագայում նմանատիպ սխալների կանխարգելման քայլերի վերաբերյալ։ Սակայն մենք, անհանգստանալով և մտավախություն ունենալով, որ այդուհանդերձ կարող ենք հայտնվել ԵՄ այսպես կոչված «սև ցուցակում», որը կարող է լուրջ «հարված» հասցնել Հայաստանի Հանրապետության պետականության, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի միջազգային հեղինակության վրա։ Այդ իսկ պատճառով մենք ՀՀ ՔԱ Կոմիտեի ղեկավարության հետ համատեղ քննարկման և բանակցությունների արդյունքում կայացրեցինք մեր համար չափազանց դժվարին, բայց մեր համոզմամբ «միակ» ճիշտ տարբերակը՝ դադարեցնել «Տարոն–Ավիա» ավիաընկերության հետագա գործունեությունը

2019-ի դեկտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը թարմացրել է իր «սեւ ցուցակը» (EU Air Safety List), որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց օդանավերը կա՛մ իրավունք չունեն մուտք գործել ԵՄ օդային տարածք, կա՛մ դրանց հանդեպ գործում են որոշակի սահմանափակումներ:

Ներկա պահին 115 ավիաընկերության արգելված է մուտք գործել Եվրամիության տարածք: Այդ ավիաընկերությունների ցանկում բացակայում է «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը: 
Դրանցից 109-ը 15 երկրի ներկայացուցիչներ են, այսինքն՝ ավիացիոն անվտանգության եվրոպական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով այս երկրներն ու դրանցում գրանցված ավիափոխադրողները հայտնվել են «սեւ ցուցակում»: Այդ երկրների ցանկում բացակայում է Հայաստանի Հանրապետությունը: 

«Տարոն–Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը միշտ էլ տվել է առաջնահերթություն և շատ բարձր է գնահատել թռիչքների անվտանգությունը և իր ողջ գործունեության ընթացքում միշտ ղեկավարվել է այն բարձր մակարդակի վրա պահելու սկզբունքով։ Մեր կողմից շահագործվող օդանավերը միշտ եղել են տեխնիկապես սարքին (ժամանակին անցե են կացվել բոլոր անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքները), թռիչքների համար պիտանի վիճակում, որի ամենամեծ վկայությունն է նաև այն, որ «Տարոն–Ավիա» ավիաընկերության քաղաքացիական օդանավեր շահագործելու ընթացքում չի գրանցվել և ՈՉ ՄԻ ավիացիոն ՊԱՏԱՀԱՐ և ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊ»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

«Տարոն-ավիան» նաև անդրադարձել է վերջին օրերին հնչած մի քանի հայտարարությունների, այդ թվում վարչապետի հայտարարությանը, թե երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի  մեջ․

«Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի
իրականացրել դեպի Բուլղարիա։

Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ
ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։

Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով և ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում»։

Մենք կապվեցինք ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանի հետ՝ նրան հարցնելով, թե արդյոք հնարավոր չի եղել եվրոպական գործակալությանը տեղեկացնել մարդկային գործոնի հետևանքով առաջացած սխալի մասին․

«Երբ իրենք եկան մեզ մոտ , մենք այդ ընթացքում իրենց փորձեցինք դա բացատրել , հասկացնել, համոզել, որ դա իրոք մարդկային գործոն է եղել, թյուրիմացություն է եղել, և թերություններ չեն եղել, բայց իրենք, փաստորեն, դա չընդունեցին, դրանից հետո անիմաստ էր իրենց ինչ-որ բան փորձել ապացուցելը»,- պատասխանեց Քարամյանը։

Իսկ Քաղավիացիայի կոմիտեն չփորձե՞ց միջամտել, իր հերթին համոզել գործակալությանը․

«Ես այսքանից ավել իրավասու չեմ որևէ բան մեկնաբանել»,- պատասխանեց Քարամյանը։