Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ

 Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ

«Երեք տարուց ավելի էր՝ քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն անցնում էին շինծու քրեական գործով, որի նպատակը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում»,-հայտնում է  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակն ու մանրամասնում, վերջիններս 2021թ. ապրիլի 22-ին հազարավոր այլ քաղաքացիների հետ միասին բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի դեմ, աջակցություն հայտնել բերման ենթարկված տասնյակ սյունեցիների։

Նրանց մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու՝ ցույցի ժամանակ, իբր, Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խախտել էին հասարակական կարգը, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Վերաքննիչ քրեական դատարանը նրանց անմեղ էր ճանաչել ու արդարացրել, սակայն դատախազությունը հաջորդիվ բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։

«Այսօր հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է այդ բողոքի համաձայն վարույթ ընդունել։

Նշենք, որ սույն անհիմն քրեական գործով անցնող անձանցից չորսը հանդիսանում են ՀՅԴ հայաստանյան կառույցի անդամներ, որոնց թվում` նաև լրտվամիջոցի ղեկավար։

Անհիմն հետապնդվողների թվում էր նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախկին ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը, ով կյանքից անժամանակ հեռացավ այս գործի դատաքննության փուլում»,-ասված է ԳՄ տարածած հայտարարության մեջ։