Արտաքին ագրեսիայի դեպքում կօգնենք ԿԺԴՀ-ին. Պուտին

Արտաքին ագրեսիայի դեպքում կօգնենք ԿԺԴՀ-ին. Պուտին

Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է արտաքին ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության տրամադրում: Այս մասին հունիսի 19-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը նախատեսում է նաև փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը, ով այցով գտնվում է Փհենյանում։
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահն ընդգծել է, որ խոսքը նաև ռազմական օգնության մասին է:

Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հայտարարություններին Ռուսաստանի Դաշնությանը հարվածելու համար մի շարք սարքավորումների և բարձր ճշգրտության սպառազինության համակարգերի մատակարարման մասին։ 

«Սա միայն հայտարարություն չէ, սա արդեն տեղի է ունենում, և այս ամենը արևմտյան երկրների կողմից տարբեր տեսակի միջազգային պարտավորությունների շրջանակում ստանձնած սահմանափակումների կոպիտ խախտում է»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան և Փհենյանը կշարունակեն հակազդել «պատժամիջոցների արևմտյան ծանոթ պրակտիկային»։

Կիմ Չեն Ընն իր հերթին Ռուսաստանին անվանել է «ամենաազնիվ բարեկամ և դաշնակից», իսկ Պուտինին՝ «կորեացի ժողովրդի ամենաթանկ բարեկամը»։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիրը «խաղաղասեր և պաշտպանական բնույթ ունի»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԿԺԴՀ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նոր փաստաթղթի անհրաժեշտությունն առաջացել է «աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի խորը էվոլյուցիայի պատճառով»: