Ձախողում ամեն ինչում

Ձախողում ամեն ինչում

Իշխանությունների գլխավոր անելիքը պետական կարեւորության հարցեր լուծելն է, նախ` անվտանգության: Դրա մեջ մտնում են առաջին հերթին դիվանագիտական աշխատանքը, դաշնակիցներ ձեռք բերելն ու բարեկամական հարաբերություններ հաստատելը, բանակը զինելը, աչալուրջ հետախուզություն, սահմանների պաշտպանություն կազմակերպելը, պատերազմի վտանգը կանխելը, իսկ եթե բանը հասնի պատերազմին` այն ճիշտ վարելն ու հաղթելը: Հետո գալիս են՝ բիզնես միջավայրի ձեւավորում, հավաքագրված հարկերի եւ եկամուտների ճիշտ օգտագործում, սոցիալական արդար քաղաքականություն, իրավական արդարացի համակարգի կառուցում, առաջադեմ կրթական ու առողջապահական համակարգ եւ այլն: Սրան էլ հաջորդում է կենցաղային խնդիրների կառավարումը` աղբահանություն, ջրի, հոսանքի մատակարարում, ասֆալտ եւ այլն: Ոմանք ասում են, որ այս իշխանությունն անվտանգային խնդիրները չի կարողանում լուծել, բայց մյուս հարցերում հաջողում է:

Դե, ասենք, ինչ-որ տեղ մանկապարտեզ է վերանորոգվում, ինչ-որ տեղ ասֆալտ են գցում, մի տեղ փառատոն կամ ինչ-որ կոնֆերանս են կազմակերպում: Բայց եթե ավելի ուշադիր լինեք, կտեսնեք, որ այս իշխանությունը ոչ միայն գլոբալ անվտանգային խնդիրներն է հիմնովին ձախողել, կենսապահովման մյուս բոլոր հարցերում էլ համատարած ձախողումներ են: Եթե աշխատանքի սղության պայմաններում այսօր 500 դպրոց տնօրեն չունի, իսկ սեպտեմբերի 1-ը որոշ դասարաններում առանց դասագրքերի են սկսում, մյուս դասագրքերում էլ հարյուրավոր թերություններ կան: Եթե բանը հասել է հոսանքի ու ջրի այնպիսի անջատումների, որ մարդիկ 90-ականներն են հիշում: Եթե տրանսպորտով տեղաշարժվելը մայրաքաղաքում անհնարին է դարձել, իսկ մեր գյուղերը կայծակի արագությամբ դատարկվում են... ի՞նչ հաջողությունների մասին է խոսքը: