Մի հաչիր

Մի հաչիր

Վագիֆ Դարգահլիին

Բաքվի խարդավանքը՝ հակադրելու Հայաստանի նախկին եւ ներկա իշխանություններին, երեւում է, ձախողվում է: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան քառօրյայի մասին հրապարակային դիտարկումներին հակառակորդի ռազմական գերատեսչության խոսնակ Վագիֆ Դարգահլիի վայրենի արձագանքը դա է վկայում: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանի գնահատականները պսակազերծում են ապրիլյան «հաղթանակի» մասին Իլհամ Ալիեւի հոգեխանգարմունքային զառանցանքերը, սույն «գնդապետիկն» անցնում է խարդախատմության եւ նախ ապրիլյան քառօրյայի հարցով խորհրդարանական հանձնաժողովն անվանում «հետաքննչական»՝ տպավորություն թողնելու, որ նոր իշխանությունը քննում է նախորդի «հանցագործությունները» եւ նպատակ ունի պատժիչ քայլերի գնալ, ապա հայտարարում, թե այդ հանձնաժողովը «բացահայտել է, որ հայկական կողմն ունեցել է 560 զոհ, խփվել է 35 տանկ» եւ այլն: Հայաստանը եւ Արցախը ուժեղ եւ կայացած պետություն են նաեւ նրանով, որ երբեք ճշմարտությունը չեն թաքցնում ժողովրդից: Ապրիլյան քառօրյա մարտերում մարդկային եւ այլ կորուստները վաղուց հրապարակված են:

Այդ Ադրբեջանն է թաքցնում իր սպանվածների իրական թվաքանակը: Այդ պաշտոնական Բաքուն է հանրությունից գաղտնի պահում, որ վերջերս Տավուշի ուղղությամբ ոչնչացված գեներալ Հաշիմովը 2016թ. ապրիլի 3-ին խայտառակաբար փախուստ է տվել դիրքից՝ հայ զինվորներին որպես ռազմավար թողնելով Ադրբեջանի պետական դրոշը: Այդ ճշմարտությունն օրերս Թուրքիայից է հնչեցվել, այն երկրից, որ Ադրբեջանի հանցակիցն է Թալիշում խաղաղ բնակչության վայրենաբար սպանության գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը 2016թ. քառօրյա պատերազմում հաղթած ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն էր: Միայն այն, որ ադրբեջանական կողմը երկրի պետական դրոշի արժանապատվությունը չի կարողացել պահել, եւ հայ զինվորն իր ճտքակոշիկները մաքրել է նրանով, բավական է, որպեսզի Սերժ Սարգսյանը հպարտությամբ հայտարարի, որ հայկական կողմն ապրիլյան քառօրյաում հաղթել է:  Սա այն դեպքն է, երբ, մի կողմ դնելով նրբասացությունը, պետք է ուղղակի հայտարարել. «Մի հաչիր, Վագիֆ Դարգահլի: Մենք կարող ենք քաղաքական մրցակիցներ լինել, չկիսել մեկս մյուսի հայացքները, բայց պատերազմի, երկրի անվտանգության եւ արժանապատվության հարցում միասնական ենք եւ թույլ չենք տա, որ դու կեղտախոսես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին»: