Հուշարձանների պահպանության ցանկը պետք է վերանայել

Հուշարձանների պահպանության ցանկը պետք է վերանայել

Օրեր առաջ Ալավերդուն հարակից Սանահին կայարանի՝ ցարական շրջանում կառուցված շենքերի քանդումն ինքն իրենով մի քանի հարց բարձրացրեց․ նախ՝ ի՞նչ են լինելու այն հուշարձան-շենքերի ճակատագրերը, որոնք պաշտոնապես գրանցված չեն որպես հուշարձան։ Հետո՝ եթե գրանցված չեն, ուրեմն պահպանության ենթակա՞ չեն։

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ շենքերը գրանցված չեն, ուստի պահպանության ոչ ենթակա։ Նման դեպքերում կա՞ օրենքով նախատեսված որեւէ մեխանիզմ կամ ընթացակարգ, որպեսզի դրանք պահպանվեն։ «Ցարական Ռուսաստանի կողմից կառուցված դեպոյի այդ 3 շենքերից մեկը տարիներ առաջ գրանցվեց որպես պատմական հուշարձան։ Դա ամենագեղեցիկն է, որն այսօր էլ կա։ Բայց արդեն 5-6 տարի է՝ ոչ մի նորահայտ հուշարձան չի գրանցվում, անընդհատ մարզային ծառայության աշխատողները դիմում են, որ նոր խաչքար են գտել, բայց դրանք չեն գրանցվում, որոնց քանակը մի քանի հարյուրի է հասել»։

Թե ինչու չի գրանցվում, կոնկրետ չի կարող ասել․ «Պետք է ԱԺ մտնի, հետո այդ ցանկը հաստատվի, գիտամեթոդական խորհուրդներում քննարկվի՝ արդյոք հուշարձա՞ն է ներկայացվածը, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ երկար գործընթաց է»։ Այսինքն՝ խնդիրը միայն փաստաթղթային երկար գործընթա՞ցն է, թե՞ պետությունը չի ուզում նաեւ հավելյալ գումար ծախսել նորահայտ հուշարձանների պահպանության ուղղությամբ։ «Գումարի մասին չեմ կարող որեւէ բան ասել, բայց որ պետք է անեն, փաստ է, որովհետեւ անընդհատ դամբարաններ են դուրս գալիս, դրանք էլ են հուշարձաններ, այսինքն՝ նորահայտը միշտ կա ու կա։ Ի դեպ, նորահայտների շարքում տարիներ առաջ նաեւ այդ շենքերը ներկայացվեցին, որոնք, սակայն, չհաստատվեցին»,- ասում է ու նկատում՝ քանի որ Ալավերդու ճանապարհները սարքում են, դրա պատճառով էլ քանդել են այդ 2 շենքը։

«Այդ հատվածը շատ խիստ շրջադարձային ճանապարհ է, եւ անհրաժեշտություն կար ճանապարհի այդ հատվածը կարգի բերելու։ Իսկ փախստականներին, ովքեր այդ շենքերում ապրում էին, կառավարությունը, կարծեմ, ամեն մի ընտանքին մոտ 30 հազար դոլար փոխհատուցում է տվել։ Այդուհանդերձ, իմ՝ որպես ճարտարապետի համոզմամբ, այդ շենքերը պետք էր պահպանել, պետք էր ճանապարհի ելքը գտնել, որովհետեւ դա պատմություն է, կոլորիտ, միջավայր, դրանով կերպար ես կորցնում, անկախ նրանից՝ նորաստե՞ղծ քաղաքներ են, թե՞ ոչ։ Ցարական Ռուսաստանից այնտեղ շատ լավ կամուրջներ, հենապատեր կան, որոնցից ոչ մեկը հուշարձան չէ, հիմա, ինչ է, բռնենք քանդե՞նք դրանք։ Մեր այցեքարտը մեր պապերի թողած ժառանգությունն է՝ գյուղական տներից սկսած, մինչեւ վաղ միջնադար»,- ասում է ու ենթադրում, որ գուցե ժամանակին հենց այդ հեռահար նպատակն ունեցել են, որ ճանապարհի վրա է, գուցե հետո խանգարի, ու չեն տվել նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Նալբանդյանի կարծիքով՝ մշակույթի նախարարությունն այստեղ ամենաքիչը կապ ունի, մեղավորը, ըստ նրա, տեղական ինքնակառավարման մարմիններն են։ «Ալավերդու տարածաշրջանը շատ բարձիթողի վիճակում է։ Վերջին 2 տարում տեսնում եմ զարգացման աշխատանքներ մյուս քաղաքներում՝ Գորիսում, Կապանում, բավականին քաղաքներ ունենք, որ ակտիվացել են, բայց Ալավերդիում ոչ մի բան առաջ չի գնում, հակառակը՝ հետ է գնում, եւ ինձ համար շատ ցավալի է այդ փաստը։ Իսկ Ալավերդին մինչեւ երկրի խորհրդայնացումն ուներ շատ լավ պատմություն, որովհետեւ այնտեղ հանքեր են եղել, հին շատ լավ գործարան կա՝ իր կերպարով, դեպոները, գնացքի կայարանները, բայց դրանցից շատ բան գրանցված չէ։ Դա մնում է քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների խղճներին»,- ասում է նա ու հավելում, որ լուծում կլիներ, եթե համայնքը կամ համայնքապետը տվյալ շենքը հռչակեր հուշարձան եւ ամեն ինչ աներ այդ շենքը պահպանելու ու նաեւ տուրիզմի համար հետաքրքիր վայր դարձնելու համար։

«Համայնքի ղեկավարը եթե լավն է ու գիտակցում է իր քաղաքի պատմությունը, նույնիսկ եթե հուշարձանի ցանկում գրանցված չէ, ինքը պետք է այդ հոգսը տանի։ Բայց այստեղ միշտ կա գերակա շահի հասկացողությունը, մի տեղ ջրամբար են կառուցում, մի տեղ՝ ճանապարհ։ Դրանք գերակա շահեր են, որ, ուզի-չուզի, պետք է այդ տարածքն ազատվի»,- ասում է ու ընդգծում, որ ինքը կողմնակից է, որպեսզի տեղական նշանակության հուշարձանները հանձնեն համայնքների պահպանությանը։

Ստեփան Նալբանդյանը կարծում է, որ մոտ 26 հազար հուշարձանների պահպանության ցանկը պետք է վերանայել․ «Երեւի այդ 26 հազարից 10 հազարը պետք է հանել, որովհետեւ այնպիսի հուշարձաններ կան, ինչպիսիք են հայրենական պատերազմի զոհվածների հուշարձանները, որոնք սովետական տարիներին արված անորակ քանդակներ են։ Պետք է դրանք ցանկից հանել, տալ գյուղին, գյուղացիները թող իրենց հարգանքի տուրքը մատուցեն իրենց համագյուղացիներին, եւ հենց գյուղը՝ ինքը, պետք է հարգանքով վերաբերվի զոհվածների շիրիմներին։ Կամ, օրինակ, Գառնիի կամուրջը, որը մեր նշանավոր հուշարձաններից էր, բայց այսօր ես խնդրում եմ կառավարությանը՝ հանել այդ ցանկից, որովհետեւ այն այլեւս հուշարձան չէ, որովհետեւ փչացրին»։