Հակառակը՝ Երեւանում ու Գյումրիում էլ պետք է լինի քաղաքապետի ուղիղ ընտրություն

Հակառակը՝ Երեւանում ու Գյումրիում էլ պետք է լինի քաղաքապետի ուղիղ ընտրություն

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի կրած պարտությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե, հետևություններ անել կարելի է, բայց ոչ գլոբալ։ «Գտնվում ենք հետհեղափոխական շրջանում: Քաղաքական առումով մարդիկ օգտվել են ազատ ընտրություն կատարելու իրենց իրավունքից, սա ամենակարևոր արձանագրումն է: Կարող եմ ասել, որ երբեք Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծողները չեն ձևակերպել իրենց առաջ բարձր նպատակներ: Ըստ էության, արձանագրվել է այն, ինչը բազմիցս Երրորդ հանրապետության պատմության ընթացքում արձանագրվել է. դա այն է, որ մեր երկրում, ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքականացված են լինում: Եվ այս ամենից մեր հետևությունն այն է, որ ընտրությունները պետք է մաքսիմալ դառնան քաղաքական»։ Իսկ դրա համար, ըստ նրա՝ պետք է Երևանի ու Գյումրու օրինակով, մյուս փոքր քաղաքներում էլ անցկացվեն համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ ավագանու անդամների ցուցակով։

Նշենք, որ նախկին իշխանությունները տարբեր քաղաքական վախերով ու նպատակահարմարություններով պայմանավորված՝ մշտապես  ՏԻՄ համակարգի  հետ կապված փորձարկումներ են արել․ փոխել են օրենքներ, համայնքները խոշորացրել են, տարբեր վարչական անուններ են փոխել։ 

Առերևույթ տպավորություն է, որ նոր Կապան ու Աբովյան թույլ չտալու համար է 
քաղաքական մեծամասնությունը ուզում գնալ այդ քայլին՝ ավագանու ծանր բալաստը քարշ տալով ՔՊ առաջնորդի անունի հետևից։

Նշված խնդիրների շուրջ զրուցել ենք «Հայաստանի համայնքների միության» նախագահ  Էմին Երիցյանի հետ։

-Պարոն Երիցյան, ի՞նչ կարծիքի եք հանրապետության բոլոր քաղաքներում համամասնական ընտրություններ անցկացնելու մասին։

-Իրականում այդտեղ երկու հարց  իրար հետ միասին են, որովհետև համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրակարգի մասին է խոսքը։ Ավագանու պարագայում մենք միշտ էլ արտահայտվել ենք, որ պետք է լինի խառը ընտրակարգ․և՛ համամասնական, և՛ անհատներն էլ առաջադրվելու իրավունք ունենան։ Օրինակ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում անհատները կաշկանդված են։ Էդ իմաստով ավագանու ընտրակարգը պետք է փոխվի, բայց ոչ 100 տոկոսով համամասնական, այլ և՛ համամասնական, և՛ մեծամասնական։ Համայնքի ղեկավարի պարագայում՝ լրիվ հակառակը։ Այսինքն՝ ուղիղ ժողովրդավարության, ուղիղ պատասխանատվության համակարգը շատ ավելի արդյունավետ է ու ժողովրդավարական։

Այսինքն՝ ոչ միայն պիտի համայնքներում պահպանվի համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունը, այլ Երևան, Գյումրի, Վանաձորում էլ կարիք կա, որ նորից անցնեն համայնքի ղեկավարի ուղիղ ընտրություններին։ Այս հարցն ունի նաև սահմանադրական կողմ։ Նախկինում Սահմանադրությունը միանշանակ ամրագրում էր, որ ուղիղ ընտրություններով են ձևավորվում և՛համայնքի ղեկավարը, և՛ավագանին։ Հիմա Սահմանադրությունն ասում է, որ համայնքի ղեկավարը կարող է ընտրվել կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի։ Սա ռիսկային է,  որովհետև ԱԺ-ում կա մեկ մեծամասնություն, որն ասում է, որ համայնքի ղեկավարը պետք է  ընտրվի անուղղակի, հետո 5 տարի հետո լինի այլ մեծամասնություն, որն ասի՝ ուղղակի պետք է ընտրվի։ Սա ինստիտուցիոնալ առումով անկայունություն է ստեղծում։ Եվ դա Սահմանադրության թերություններից է, որ կայուն ընտրական համակարգ չի ձևավորում։

-Իսկ ինչու է ուղիղն ավելի ժողովրդավարական։ Ինչու՞ անհատը, ոչ թե կուսակցությունը։

-Դա ուղիղ պատասխանատվություն է ընտրողի առաջ։ Իսկ մյուս տարբերակով կարող է համայնքի ղեկավարի պատասխանատվությունը լինի իր ղեկաավարության, իր թիմի առջև։

-Ժամանակին ինչո՞վ էր հիմնավորվում  Երևանի Գյումրու, Վանաձորի անուղղակի ընտրությամբ քաղաքապետ ունենալը։

-Իշխանությունների քաղաքական վախերով։ Մայրաքաղաքը մեծ է ու քաղաքական համակարգի համար վախեր կային, որ Երևանը երկրի կեսն է ու, հետևաբար,  երկրում երկիշխանություն կստեղծվի։

-Փաստորեն, կարելի՞ է հասկանալ, որ նույն քաղաքական վախերը կան, բայց արդեն փոքր քաղաքների պարագայում։

Չեմ  կարծում, ուղղակի կուսակցությունները  հետաքրվածություն ունեն մտնելու համայնքային հարթություն, բայց դա առաջին հերթին պիտի տեղի ունենա ավագանու միջոցով,ոչ համայնքի ղեկավարի։ Այսինքն՝ որևէ համայնքում կարող է կուսակցութունը ցուցակ տա, որում լինեն համայնքի համար նշանակալի մարդիկ, մեծամասնություն շահեն, բայց կուսակցությունը որոշի, որ այդ ցուցակից 18 տարեկանը լրացած ինչ-որ մեկը համայնքի ղեկավար։ Էս դեպքում ժողովրդի ազդեցությունը համայնքի ղեկավարի վրա՝ դառնում է անուղղակի՝ կուսակցության միջոցով։ Եվ նույն ձևով էլ տարալուծվում է պատասխանատվությունը։