Հանձնաժողովը կպատասխանի՞, թե ով է մեղավոր հազարից ավելի մահերի համար

Հանձնաժողովը կպատասխանի՞, թե ով է մեղավոր հազարից ավելի մահերի համար

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծվել է 6-րդ քննիչ հանձնաժողովը։ Խոսքը «Covid-19»-ի դեմ իշխանությունների վարած պայքարն ուսումնասիրող հանձնաժողովի մասին է, որի անունն է՝ «Նոր կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»:

Երեկ ԱԺ-ն քննարկում էր հանձնաժողովի կազմը։ Մենք զրուցել ենք ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ, ով սկզբում թեական խոսեց հանձնաժողովի ձեւավորման մասին, մինչդեռ այն իրավունքի ուժով արդեն ստեղծվել է, բայց, պարզվեց, խորհրդարանը կարող է մերժել թվակազմը որոշելու հարցը, ու հանձնաժողովը կարող է փաստացի չգործել։ Նշենք, որ ընդդիմությունն առաջարկել է 12 անդամ, որի մեծ մասը, ըստ Դոնթի բանաձեւի, կլինի «Իմ քայլից»։

- Պարո՛ն Զեյնալյան, ի՞նչ վերաբերմունք ունեք հանձնաժողովի ձեւավորման հետ կապված։

- Ըստ էության՝ հանձնաժողով ձեւավորելու առաջարկ անելն իրենց իրավունքն է, եւ մենք ամենեւին էլ դեմ չենք՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, վերլուծություն իրականացնելու եւ վերջում ներկայացնելու հաշվետվություն։

- Մտավախություն չունե՞ք, որ արդյունքում հնարավոր է այնպիսի հանգամանքներ ի հայտ գան, որ ոմանց համար քրեական պատասխանատվության առջեւ կանգնելու հարց ծագի։

- Ի՞նչ է նշանակում՝ մտավախություն։ Բացարձակ մտավախություն չկա էստեղ։ Հանձնաժողովը, վստահ եմ, կախված քվեարկության արդյունքներից, եթե սկսի աշխատել, իրականացնելու է արդար վերլուծություն եւ, ըստ էության, եթե սկսեց իր աշխատանքները, «Իմ քայլը» դաշինքից 7 պատգամավոր ներգրավված է լինելու հանձնաժողովի աշխատանքներում։

- Ինչո՞ւ եք ասում «եթե», այսինքն՝ հնարավոր է, որ հանձնաժողովը չստեղծվի՞։

- Քվեարկության արդյունքներից է կախված։

- Քվեարկություն՝ որ ստեղծվի՞, թե՞ քվեարկություն՝ որ հանձնաժողովի կազմը որոշվի, քանզի օրենքի ուժով այն արդեն ձեւավորվել է։

- Հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է։ Քվեարկությունը լինելու է թվաքանակի հետ կապված, թե քանի հոգուց պետք է բաղկացած լինի։ Արդյունքներից նոր կերեւա արդեն՝ հանձնաժողովը ձեւավորվելո՞ւ է, թե՞ ոչ, սկսելո՞ւ է ակտիվ իր աշխատանքները, թե՞ ոչ։

- Ես լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «արդյունքներից կերեւա՝ ձեւավորվելո՞ւ է, թե՞ ոչ», եթե օրենքի ուժով այն արդեն ձեւավորվել է։

- Եթե լինի 51 տոկոս կողմ, հանձնաժողովը կսկսի իր աշխատանքները, եթե ոչ, ուրեմն՝ ոչ։

- Փաստորեն, այնքան էլ օրենքի ուժով չի ձեւավորվում։

- Հանձնաժողովը ձեւավորվել է, քվեարկությունը վերաբերում է քանակությանը, թե քանի հոգուց պետք է բաղկացած լինի աշխատախումբը, դա ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է։

- Այսինքն՝ հանձնաժողովը, միեւնույն է, ձեւավորվել է եւ գործելո՞ւ է՝ լինի տասը հոգով, թե՞ ավելի շատ կամ քիչ։

- Քվեարկությունը լինելու է միայն թվակազմի հետ կապված հարցում, եթե մեծամասնությունը՝ 51 տոկոս եւ ավելին, դեմ քվեարկեց էս նախագծին՝ թվաքանակի վերաբերյալ առաջարկին, հանձնաժողովն իր աշխատանքները, ըստ էության, չի կարող իրականացնել։

- Փաստորեն, հակասություն է առաջանում՝ մի կողմից օրենքով սահմանվում է, որ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, մյուս կողմից՝ կարող է ԱԺ-ն մերժել թվակազմի հարցը, ու հանձնաժողովը փաստացի չգործի։

- ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է դա, միգուցե էնտեղ որոշակի ոչ հստակ ձեւակերպումներ կան։

- Լավ, վերադառնանք բովանդակությանը։ Ըստ Ձեզ՝ համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարությունը թերացում, բացթողումներ, սխալներ ունեցե՞լ է, ընդհուպ՝ իրավական հետեւանքների հանգեցնող սխալներ։

- Դա ահռելի վերլուծության արդյունք է, որպեսզի ես հիմա կոնկրետ եզրակացություն անեմ կամ որոշակի մեկնաբանություն, կամ ենթադրություն։ Հանձնաժողովը կստեղծվի, իր աշխատանքները կկատարի եւ կտա գնահատականները։

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ անհրաժեշտություն կա՞ր նման հանձնաժողով ստեղծելու, Ձեր սրտո՞վ է, օրինակ, այսպիսի հանձնաժողովի ձեւավորումը։

- Տեսեք, ըստ էության՝ որոշակի վերլուծություններ պիտի անես, էստեղ սրտով լինել-չլինելու, այսինքն՝ էմոցիոնալ, հուզական ֆոնով որոշումներ կայացնելու հարց չէ։ Հանձնաժողովն իրականացնում է վերլուծություններ, հետազոտություններ, հարցումներ եւ վերջում ներկայացնելու է հաշվետվություն։ Բնականաբար, ես էստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում այդ հետազոտությունները, ուսումնասիրությունները կատարելու, քննարկումներ ծավալելու, միգուցե ինչ-որ անձնանց հրավիրելու, որոշակի հարցապնդումներ իրականացնելու հարցում։

- Խնդիր չեք տեսնում, որովհետեւ Դուք ավելի շահեկան դիրքում եք հիմա՝ գործադիրում չեք, օրենսդիրում եք։

- Բացարձակ կապ չունի դա, ի՞նչ կապ ունի, թե որտեղ եմ։

- Որովհետեւ գործադիրն է հիմնական պատասխանատվություն կրողը։

- Մենք մի թիմ ենք, եւ պատասխանատվություն կրողն իշխող ուժն է։

- Բայց եթե պարզվի, որ այդ հազարից ավելի մահն ինչ-որ մեկի թերացման պատճառով է եղել, եւ նա պետք է կանգնի օրենքի առջեւ, դա հաստատ Դուք չեք լինելու։

- Հանձնաժողովը կստեղծվի, իր աշխատանքները կիրականացնի, կներկայացնի հաշվետվություն, ըստ այդմ՝ կկատարենք եզրահանգումներ։

- Երբ Սերժ Սարգսյանն ասուլիս էր տալիս, ու նրան հարցրին, թե ով է պատասխան տալու ապրիլյան պատերազում ունեցած 100 զոհի համար, ինքը մեղքի զգացում չունի՞, շատերի մոտ հարց առաջացավ՝ իսկ «քովիդի» պատճառով տեղի ունեցած հազարից ավելի մահերի համար ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի։

- Էլի հարցը տանում եք էմոցիոնալ դաշտ, յուրաքանչյուր անձի կյանքը եւ առողջությունը բացարձակ արժեք է։

- Իսկ ինչո՞ւ չհաջողվեց ձեր կառավարությանը՝ պահպանել հազարից ավելի քաղաքացիների կյանքը եւ առողջությունը։

- Հարցը տանում եք էմոցիոնալ դաշտ, թե ինչու չհաջողվեց պահպանել։

- Դուք էլ էմոցիոնալ պատասխան տվեք։

- Բացարձակ էմոցիոնալ պատասխան տալու կարիք չկա էստեղ։

- Բայց նաեւ էմոցիոնալ դաշտում է հարցը, ի վերջո, մահացածների հարազատների մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չկարողացան փրկել իրենց մերձավորներին, ո՞վ է թերացել իր աշխատանքում, որ ունեցանք այսքան զոհ։

- Հանձնաժողովը վերլուծություն կիրականացնի ու այդ հարցերի պատասխանները կտա։