«Վալեքսն» Ալավերդիում փողո՞ց է սեփականաշնորհել

«Վալեքսն» Ալավերդիում փողո՞ց է սեփականաշնորհել

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ դեռեւս չի մտել, սակայն քրեական մարմինները բազմաթիվ գործեր են քննում՝ այս կամ այն գույքին տիրանալու հետ կապված: Սա ապացուցում է, որ պետությունից ու քաղաքացիներից թալանվածը միանգամայն հնարավոր է վերադարձնել գործող քրեական օրենսգրքի սահմաններում, եւ նոր՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց օրենքի ընդունման անհրաժեշտություն չկար:  

Մայիսի 7-ին ԱԱԾ-ն հաղորդեց այդպիսի մի քրեական գործի մասին: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներն Ալավերդու Կիրովի փողոցի շուրջ 90 մետր հատվածի վերաբերյալ սեփականության իրավունք են գրանցել: Խոսքն Ալավերդուց դեպի Մադան գյուղ տանող ճանապարհի մասին է, որը պետական սեփականություն էր, 2001 թվականից չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված: Որեւէ ընկերության կամ անհատի սեփականություն լինել այն չէր կարող, բայց հաշվառված է որպես «Վալլեքս գրուպ» ընկերություններից մեկի՝ «Վալլեքս կապիտալ» ՓԲԸ-ի սեփականություն: 

«Վալլեքս կապիտալն» այդ տարածքը չէր օգտագործում, ինչպես վկայում են Ալավերդու բնակիչները: «Իր գործարանի միջով էր անցնում, դրա համար էդ հատվածը տվել էին իրեն, որ գործարանի տարածքն ամբողջանար: Իրենք չէին օգտագործում, բայց դե՝ բնակիչների ելումուտին խանգարում էր, շլագբաումներ էին շարել ճամփի դիմաց»,- ասաց մեր զրուցակիցը: Տարածքը «Վալլեքսին» են տվել կադաստրի նախկին աշխատողները: «Հիմա կադաստրի աշխատողն ուրիշ է»: Կադաստրի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրված երկու հոդվածներով՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու եւ պետական, համայնքային սեփականության զավթման հատկանիշներով (ՔՕ 308-րդ հ. 2-րդ մաս, 3152-րդ հ.): 

Թե ովքեր են այդ նախկին աշխատողները, պետական մարմիններում տեղյակ չեն: Կադաստրի կոմիտեի Ալավերդու գրասենյակից մեզ երկար «լո-լո» կարդացին առ այն, որ իրենք գրասենյակ չեն, այլ՝ ստորաբաժանում, հետեւապես ոչ մի կապ չեն կարող ունենալ գույքի փոխանցման գործարքների հետ: «2012 թվականից կադաստրի ստորաբաժանումները փոխարինվել են գրասենյակներով: Ստորաբաժանումները կատարում են իրավունքի գրանցումներ, իսկ գրասենյակները տրամադրում են արդեն իսկ պատրաստի փաստաթղթերը»,- ասաց սույն մարմնի ղեկավար Դավիթ Թարմինյանը: 

Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը հաջողացրեց մոտ 10 րոպե խոսել հեռախոսով ու ոչ մի հարցի հստակ պատասխան չտալ: «Գործարքի ժամկետները չգիտեմ, գործը նախաքննության փուլում է, նախաքննությունը ես հարգում եմ, դիմեք ԱԱԾ»։ «ԱԱԾ գրությունից պարզ երեւում է, որ խոսքը Կիրովի փողոցի մասին է»։ «Երբ որ ճանապարհ ենք ասում, ենթադրում ենք ճանապարհ, երբ որ փողոց ենք ասում, փողոց ենք ենթադրում»,- ասում էր քաղաքապետը: Նա նույնիսկ տեղյակ չէր, թե ինչ վնաս է հասցվել իր բնակչին. «Ես վնասի չափի մասին չեմ կարող ասել, խնդիրը վերաբերում է համայնքի շահին կպչելուն, եթե դրան կպչում են, կպչում են նաեւ բնակչի շահին»: Կոնկրետ ինչո՞վ է կպել բնակչի շահին «Վալլեքս կապիտալը», չե՞ն թողել, որ մարդիկ էդ տարածքով քայլեն: Քաղաքապետը պատասխանեց. «Չթողալը հարաբերական է, բայց կարող են խոչընդոտ հանդիսանալ»: Թերեւս մի տեղեկություն հաջողվեց «պոկել» քաղաքապետից՝ «Վալլեքս գրուպ» ընկերություններն Ալավերդիում 32 հեկտար տարածք ունեն:

«Վալլեքս գրուպից» մեր հարցերին չպատասխանեցին, առաջարկելով գրավոր ներկայացնել դրանք, իսկ ընկերությանը մոտ աղբյուրն ասաց, որ ԱԱԾ տված տեղեկությունները «մատից ծծած ինֆորմացիա են՝ Նոյի թվի»: «Ընկերությանը այդ փողոցը պետք էր ընդամենը իր տարածքը ամբողջացնելու համար, այնտեղ ոչինչ էլ չկա, դատարկ փողոց է», - ասաց «Վալեքսին» մոտ աղբյուրը:

Փողոցը սեփականաշնորհած «Վալեքս Կապիտալ» ՓԲԸ հետ կապվել չհաջողվեց: Այս ընկերությունը գրանցված է Ստեփանակերտում»: