Հերոսությունից խոսում են դասալիքները, գելխեղդներից՝ տուզիկները

Հերոսությունից խոսում են դասալիքները, գելխեղդներից՝ տուզիկները

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «ՄԻՏՔ ազգային խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ: 

Թե ինչ է խոսել մտավորականների հետ Քոչարյանը, Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոսակցությունն ընթացել է ընդհանուր գաղափարների շուրջ։ «Կոնկրետ չի շեշտվել մշակույթ, կրթություն, տնտեսություն, հիմա առաջնահերթն այս ճգնաժամից դուրս գալն է։ Բայց, միեւնույն ժամանակ, այդ նույն բանակը, տնտեսությունը պաշտպանում են մշակույթը, մեր ազգային ինքնությունը»,- ասում է Ջավադյանն ու հավելում, որ հանդիպման ընթացքում Քոչարյանն ավելի շատ լսել է, քան թե խոսել կամ առաջարկներ արել․ «Հիմա իր համար շատ կարեւոր է հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումների, դիալոգների մեջ մտնելը։ Դա նախընտրական հանդիպում չէր, այլ՝ նախանախընտրական հանդիպում»։ 

Լ․ Ջավադյանն ընդգծում է՝ այսօր խոսքը միայն երկրի անվտանգության մասին չէ, այլ՝ ողջ ազգի․ «Եթե ազգի բավականին մեծ տոկոս հանդուրժում է ներկա կառավարությանը, եւ ներկա կառավարությունն էլ մտածում է, որ հնարավորություն կունենա ստանալ ինչ-որ մի ձայն, նույնիսկ՝ 1 տոկոս, ուրեմն մենք խնդիր ունենք հենց ազգի պահպանման հարցում։ Մեր պատմության մեջ բազմաթիվ անգամներ գրավել են մեր տարածքը, բայց ազգը կարողացել է նոր սերունդ տալ, բայց հիմա մենք հայտնվել ենք զուտ ազգային ճգնաժամի մեջ»։

Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավարի գնահատմամբ՝ բոլորի համար ակնհայտ է, որ այսօր ընտրության երկու բեւեռ կա, մի մասը հավաքվում է Քոչարյանի, մյուսը՝ Փաշինյանի կողքը․ «Քոչարյանն այս պահին համախմբողն է բոլոր այն ուժերի, որոնք հակազդում են այն մարտահրավերներին, որի հարցում ներկա կառավարությունը եւ նրան սատարող ուժերը ցույց տվեցին, որ անմեղսունակ են։ Ես՝ որպես քաղաքացի, չեմ կարող մինչեւ վերջ պնդել, որ նրանք դավաճան են կամ ունեն դավաճանական սցենար թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո, բայց կարող եմ ասել, որ անմեղսունակ են, չունեն ղեկավարման փորձ, եւ, ցավալիորեն, ամենաճիշտ որակումը ներկայիս ղեկավարին տվեց Իլհամ Ալիեւը, երբ ասաց, որ նա անգամ մի կոլխոզ չի ղեկավարել եւ իր պետությունը քանդեց»։ 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձին՝ Լ․ Ջավադյանը վկայակոչում է նրա մեծ փորձը․ «Նա ստանձնեց ղեկավարությունը Հայաստանի համար ամենադժվար պահերին, նա կարողացավ բարձրացնել տնտեսությունն այն պայմաններում, երբ Հայաստանն էլի կատարյալ շրջափակման մեջ էր։ Հիմա այս պարադոքսը կա․ մեզ պետք է զարգացնել տնտեսությունը, սակայն խուսափելով այդ ապաշրջափակումից, որովհետեւ դա կործանարար կլինի Հայաստանի համար, ինչպես, օրինակ, Թուրքիայի հետ սահմանը բացելը, դա կոչնչացնի տնտեսությունն ամբողջովին, մենք ունենք Աջարիայի օրինակը, ու թե ինչ է նշանակում թուրքական եւ ադրբեջանական կապիտալի ներմուծումը»։ 

Ինչ վերաբերում է նախկինների՝ «գելերի» վերադարձը կանխող «գելխեղդների»՝ ներկայիս կառավարության քաղաքականությանը, ապա․ «Հերոսությունից, բանակից խոսում են նախկին դասալիքները, իսկ գելխեղդներից խոսում են, ժողովրդի լեզվով ասած՝ տուզիկները։ Ինչպես որ բալոնկա ցեղատեսակը չի կարողանա հասկանալ թագավորական դոգին։ Ալիեւն ու իր գեներալներն էլ են շուտ-շուտ հայերին անվանում շներ, զուգադիպությո՞ւն է, որ ներկա կառավարությունն էլ վերցնում եւ համեմատություն է անում շների հետ եւ ինչո՞ւ է անում»։ 

Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեւինյանն ասում է՝ հանդիպման ընթացքում բոլորն են արտահայտել իրենց անհանգստությունը երկրի ապագայի հետ կապված․ «Ինձ թվում է՝ հիմա ազգովի ենք անհանգիստ, երկիր կորցնելու վախը բոլորիս մոտ կա, ու չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն գիտակցում պահի լրջությունը ու դեռ պաշտպանում են ներկայիս կառավարությանը»։

Որպես քաղաքացի՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Ռոբերտ Քոչարյանից։ «Կարծում եմ՝ միակ մարդը, որ այսօրվա դրությամբ կարող է ինչ-որ չափով օգտակար լինել իր գիտելիքներով, փորձով, խելքով, ով կկարողանա հաղթահարել այս ճգնաժամը՝ նա է, ուրիշ տարբերակ չկա։ Թե ինչպես կընթանան ընտրությունները՝ վախենալու է մտածել այն առումով, որ մենք գործ չունենք մի մարդու հետ, ով կայուն է․ խոսքը ներկայիս իշխանությունների մասին է։ Մինչեւ այսօր մարդիկ չեն գիտակցում, թե ուր ենք գնում, այսօրվա դրությամբ դեռ հող են հանձնում, ու դա կարծես շարունակական է դառնում։ Ես չեմ կարող ասել, որ իմ ողջ շրջապատը Քոչարյանին է ընտրելու, բայց նրանք հաստատ ուզում են, որ փոխվի այս կառավարությունը։ Ես չգիտեմ՝ ինչպես են մտածում կամ մտածո՞ւմ են արդյոք այն մարդիկ, ովքեր հարում են ներկայիս վարչապետին։ Ի դեպ, այդ մարդկանց մեջ էլ կան լուրջ, կրթված մարդիկ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ իրատես չեն, հատկապես եթե տեսնում ես, թե այսօր ինչ է կատարվում, ու չես փորձում ինչ-որ ձեւով բարձրաձայնել կամ ընդվզել, փոխարենն ասում ես՝ բա ո՞վ գա՝ հիշելով նախկիններին։ Նախկիններին անցած ժամանակով ես մեղադրում, բայց այսօր այս մարդն անում է այն, ինչ չեն արել նախկինները․ կողոպուտ, հողերի հանձնում, հազարավոր զոհեր, ամեն վատ բան կատարվեց այս մարդու օրոք, եւ նրանք չեն ընդունում սա։ Այսինքն՝ հիմա էլ պետք է գա հաջո՞րդ սերունդը, որ ասի՝ նախկիններն էին մեղավոր։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը, որ կա մեր ժողովրդի մեջ»։ 

Մեներգչուհին կոչ է անում բոլորին՝ սթափվել, լինել իրատես եւ տեսնել մեր շուրջը կատարվողը։ «Նույնիսկ որդեկորույս ծնողը կարող է նրան պաշտպանել, ասելով՝ դա նախկիններն են արել, այսինքն՝ ինքն այնքան է «նախկիններ» բառով լցրել մարդկանց գլուխը, որ մարդիկ չեն գիտակցում իրականությունը։ Մինչդեռ նախկինների օրոք մենք՝ որպես քաղաքացի, հանգիստ էինք, վստահ էինք, որ ունենք պետություն, բանակ, որ հսկում է մեր սահմանները, ունենք թիկունք, դաշնակից, հանձին՝ Ռուսաստանի, իսկ հիմա չունենք այդ պաշտպանվածությունը ոչ մի կերպ։ Ես վախենում եմ իմ երեխաների, թոռների համար, ժողովուրդն ապագա չի տեսնում այստեղ ու փախնում է համատարած։ Այսօր զրուցում էի մեկի հետ՝ նորից ասաց, որ եթե նա մնա, ես կգնամ, այստեղ չեմ մնա։ Ու ինձ շատ նյարդայնացնում է դրսում ապրող հայերի մեծ-մեծ խոսելը, երբ պաշտպանում են ներկայիս կառավարությանը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ հիման վրա են դա անում»,- ասում է Մ․ Դեւինյանն ու հույս հայտնում, որ ընտրությունները կանցնեն արդար, եւ չեն կեղծվի մարդկանց ձայները։