Տիրան Խաչատրյանի գործով բոլոր ամբաստանյալներն ազատության մեջ են
9 ամիս է, ինչ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատաքննութուն է ընթանում։
Վերջինիս պաշտպաններից Արմեն Անդրիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ գրավոր ապացույցների հետազոտման փուլում են․ «Քննության փուլում ենք, նիստերը պարբերաբար նշանակվում են, բնականան հունով ընթանում է դատաքննությանը»։
Նա նշեց, որ այս պահին գործով ամբստաստանյալներից ոչ ոք անազատության մեջ չէ․ «Այդ իմաստով լրիվ ընդունելի է այս նիստերի հերթականությունն ու ժամանակահատվածները»։
Անդրադառնալով՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավին եւ չբացակայելու արգելքին, ինչպես նաեւ հարցին, թե դա որքանո՞վ է խոչընդոտում նրա ազատ տեղաշարժին, ասաց․ «Այս պահին, եթե ասեմ, որ չի խանգարում, ապա՝ ոչ, բայց մենք հասկանում ենք, որ պրոցես է, որի միջով պետք է անցնենք, այս պահին պաշտպանական կողմը այդ խափանման միջոցներով բավարարված է, որովհետեւ ի սկզբանե պարոն Խաչատրյանի նկատմամբ կալանք է ընտրված եղել»։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Արամուսի ռեստորանում միջադեպի ժամանակ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Ըստ մեղադրանքի, 2024թ. հունվարի 11-ին Տիրան Խաչատրյանն իր ընկերների ու ծանոթների՝ Գարիկ Հայրապետյանի, Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Արամուս բնակավայրի «էրիկի մոտ» հացատան առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ: Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ վեճ է ծավալվել, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքով: Այնուհետև Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս: Հայհոյանքներից, ծեծկռտուքից հետո տարածքից հեռացած Տիրան Խաչատրյանը նորից է վերադարձել՝ ՀՀ պաշպանության նախարարի հրամանով իր անվամբ պարգևատրված ատրճանակով, անզգուշությամբ կրակ է արձակվել, աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան հաճախորդներից Հրայր Մնացականյանը:
Կարծիքներ