Ազգային ժողովի «ցիրկը» բացօթյա արեք՝ տոմսերի վաճառքով
Հաղթանակի զբոսայգում բախվեցի կրկեսի։ Ուզում էի ծանոթ ճանապարհով զբոսնել, մեկ էլ ընկա «ցիրկի» մեջ։ Ինչ-որ դզած-փչած մի կառույց էր, որտեղ տոմսեր էին վաճառում ու մտնում, «ցիրկ» էին նայում։ Հարցը երևույթը չէր։ Ամբողջ Հայաստանը կրկեսային ներկայացման մեջ է և դրա մեջ զարմանալի բան չկա։ Հարցը մտահղացման մեջ է։ Այն ներկայացումները, որոնք տրվում են Երևանի ավագանիում, Ազգային ժողովում կամ այլ պետական կառույցներում, կարելի է տեղափոխել վրանային ռեժիմի, թող մարդիկ տոմս գնեն ու գան՝ ցիրկ նայելու։ Հավատացնում եմ՝ քաղաքական «ցիրկերը» ավելի մեծ հանդիսատես կունենան, մոտիկից կշփվեն կրկեսի դերասանների հետ, իրենք նույնպես կարձագանքեն նրանց կրակոտ, հայհոյանքներով համեմված ու քրտնաշաղախ բացականչություններին։ Զբոսայգում տարածք դեռ կա, հերոսների արձաններին կարելի է մեծ տարածքներ չտալ։
Այ, օրինակ, կեցցե այն մտահղացողներին, ովքեր Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի արձանի տարածքն արդեն փակել են և ինչ-որ շինության նման անշինություն են կառուցել։ Մոնթեն խեղճ- խեղճ ծիկրակում է շինության հետևից, ու ափսոս, կենդանի չէ, որ ասի՝ այդ ի՜նչ եք անում մեր տարածքների հետ․․․ Ինչևէ, կարծում եմ՝ բյուջեն մեծ հասույթ կունենա, պռնկեպռունկ կլցվի, երբ Ազգային ժողովը բացօթյա անեն։ Հատկապես, երբ մասնակցեն կրկեսի արքաները։ Շենքն էլ օդ ու ջրի պես պետք է այս տոչոր իշխանությանը։ Լսել եմ, որ արդեն բացօթյա են իրականացնելու կլլման գործողությունները, ոգևորիչ քայլ է, թող շարունակեն․․․ Կրկեսային ներկայացման ձևով մասնակցությունն ավելորդ ծախսերից մեր ծնկած երկրին կազատի։ Թանկարժեք կոստյումների գալստուկների, հագուստների ու կոշիկների անհրաժեշտությունը չի լինի։
Կարծիքներ