Պառակտված ու ցաքուցրիվ

Պառակտված ու ցաքուցրիվ

Իշխանությունում գտնվելը մարդկանց եւ քաղաքական ուժերին համախմբում է, ընդդիմությունում գտնվելը՝ պառակտում։ Կերակրատաշտը հզոր բան է, դրա շուրջ ով ասես կարող է միավորվել՝ բոլոր տարաձայնությունները մոռանալ եւ մի կողմ դնել, հանդուրժել նվաստացում եւ անգամ՝ արժանապատվության ոտնահարում։ Ընդդիմադիր լինելը ջրի երես է հանում բոլոր տարաձայնություններն ու հակասությունները, անգամ երկիրն աղետի հասցրած իշխանություններին վռնդելու նպատակի համար միավորվելը միշտ չէ, որ հաջողվում է։ Առաջին դեպքում, երբ դու իշխանության մեջ ես, շահը շատ կոնկրետ է ու այսրոպեական, երկրորդ դեպքում շահը հեռվում է՝ հեռանկարում։ Դա է պատճառը, որ իշխանության ներսում գտնվող, իրարից անչափ տարբեր, ծայրահեղորեն չհամընկնող քաղաքական հայացքներ ու խառնվածք ունեցող մարդիկ համատեղվում են եւ խաղաղ գոյակցում, իսկ ընդդիմադիր դաշտում հայտնվելով՝ անգամ գաղափարակից ընկերները չեն կարողանում յոլա գնալ՝ արագ պառակտվում են ու իրարից հեռանում։

Թվում է՝ ի՞նչն է խանգարում, որ ղարաբաղյան ծագում ունեցող երկու նախկին նախագահները հանդես գան համատեղ պլատֆորմով, միավորեն իրենց ուժերը եւ միասին պայքարեն իշխանությունների դեմ։ Բայց նրանք, պարզվում է, սկզբունքային տարաձայնություններ ունեն, որը ո՛չ համատեղ անցած ճանապարհը, ո՛չ ընդհանուր «թշնամին», ո՛չ միասնական նպատակն ու ծրագիրը չեն վերացնում։ Նրանք չեն միավորվում նաեւ ՀՀ առաջին նախագահի հետ, չնայած վերջին շրջանում նրանց բոլորի տեսակետը կարծես համընկնում է։ ՀՀ նախկին նախագահների հետ միասնական հանդես գալու փորձեր չեն անում նաեւ Արցախի նախկին նախագահները, չնայած թվում էր՝ նրանց բոլորին պետք է միավորի Արցախի ճակատագրով մտահոգությունը եւ իրենց ողջ կյանքի ձեռքբերումը փրկելու ձգտումը։