Քանդվում ենք

Քանդվում ենք

Որքան էլ դժգոհենք Արմեն Սարգսյանից եւ համարենք, որ նա չարդարացրեց մեր հույսերն ու չկանխեց մեր երկրին սպառնացող վտանգները, չենք կարող չարձանագրել, որ երկրի «գլուխը» սոլիդ, պատվարժան, գրագետ մարդ էր, բարձրաստիճան շրջանակների հետ հարաբերվելու ունակ, ներկայանալի անձ։ Եվ չենք կարող չտագնապել, թե ով է զբաղեցնելու այդ բարձր աթոռը եւ որքան է իջեցնելու ՀՀ նախագահի նշաձողը։

Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող ենք վստահաբար ասել, որ հաջորդ նախագահը, անգամ եթե նա միջանկյալ՝ անցումային շրջանի նախագահ է, ինքնուրույն ու կայացած մարդ չի լինելու, այլ հլու-հնազանդ մի հերթական «ուսապարկ» է նշանակվելու, որի առաքելությունը կսահմանափակվի վարչապետի որոշումները դակելով եւ անմռունչ նրան ենթարկվելով։ Ինչը կնշանակի, որ այս մի ինստիտուտն էլ կոչնչացվի, եւ խնամի-բարեկամ-ընկեր-ուսապարկ միասնությունը վերջնականապես կամրապնդվի։

Եթե սրան հավելենք նաեւ այն, որ շուտով Արման Թաթոյանին փոխարինելու է Փաշինյանի նշանակած արդարադատության փոխնախարար մի կին, որն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ցուցադրեց իր մտածողությունը, եւ այն որեւէ լավ բան չի խոստանում մեզ՝ մարդու իրավունքների պաշտպանի գաղափարի եւ հետագա գործունեության իմաստով, ապա պարզ կդառնա, որ մեր երկիրը շարունակում է գլորվել անդունդը։ Օմբուդսմենի գրասենյակն էլ կդառնա ֆորմալ մի բան, եւ հերթական կարեւոր ինստիտուտը մեզանում կոչնչանա։ Պետականության կորուստը միայն հողի, տարածքի կորուստը չէ, դա նախեւառաջ ինստիտուտների ոչնչացումն է, որի լավագույն ձեւը լուրջ, հեղինակավոր ղեկավարին աննշան ու հնազանդ մեկով փոխարինելն է։ Երբ պետությունը սկսում են կառավարել ընտանեկան սկզբունքով՝ տնավարի, եւ կադրերին էլ ընտրում են այդ սկզբունքով, պետությունը սկսում է վերանալ։