ՔՊԿ աշխատակազմի ղեկավարը ուզում է ծանոթանալ «Հրապարակի» բանկային հաշիվներին

ՔՊԿ աշխատակազմի ղեկավարը ուզում է ծանոթանալ «Հրապարակի» բանկային հաշիվներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի փաստաբանը երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց, որ «Հրապարակ» թերթը ներկայացնի իր բոլոր ֆինանսական հոսքերը՝ 2019 թվականի սեպտեմբերից մինչ այսօր։ Կարող ենք սա գնահատել որպես ՔՊ կուսակցության կողմից անկախ, ընդդիմադիր թերթի նկատմամբ վերահսկողություն սահմանելու, դրա ֆինանսական հաշիվներին տեղեկանալու, ճնշում գործադրելու փորձ։

Այժմ՝ դեպքի մասին մանրամասն։ «Հրապարակի» ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկանքը ՔՊԿ աշխատակազմի ղեկավարին պետք է, որպեսզի, ինչպես վերջինիս ներկայացուցիչը դատարանում ասաց, հականա, թե արդյոք թերթն ունի՞ հնարավորություն՝ վճարելու ներկայացված հայցային պահանջը՝ 2 մլն դրամ զրպարտության համար, եթե, իհարկե, լինի դատարանի համապատախան վճիռ, արդյոք «Հրապարակ» թերթի միջոցները բավարարո՞ւմ են նման փորձության համար՝ Փաշինյանի կուսակցության աշխատակազմի ղեկավարի ուզած փողը նրան տալու։

Փաստորեն, ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավարը մտահոգ է «Հրապարակ» թերթի համար, չի ուզում, որ թերթն աղքատանա, եւ ուզում է համոզվել՝ հո շատ բարձր գին չի՞ ուզել իր պատվի ու արժանապատվության կորուստը փոխհատուցելու համար։

Հիշեցնենք․ Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայում ՔՊԿ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը կարծում է, որ 2019 թվականի սեպտեմբերի 28-ին «Հրապարակում» լույս տեսած «Վայոց ձորի մարզպետի տան մոտ տեսախցի՞կ է եղել» հոդվածով, որում անդրադարձել ենք Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի որոշ հանգամանքների, իրեն զրպարտել ենք։ Հղում անելով մեր աղբյուրին՝ մենք գրել էինք այն, ինչ դեպքին առնչվող վկաները, տուժողի իրավահաջորդը կրկնել էին հրապարակային տարբեր ելույթներում՝ որ շենքի բակում, որտեղ նախկին մարզպետը բնակվում է, որեւէ տեսախցիկ չի եղել։ «Դրանք տեղադրվել են արդեն դեպքից հետո, իսկ հետագայում ամիս-ամսաթիվը հետ են տվել։ Տեսախցիկներ տեղադրողը Վարդան Մխիթարյանն է․․․ Նրա դուստրը՝ Անի Մխիթարյանը, հավանաբար հոր ծառայությունների դիմաց, շուտափույթ կարգով ընդունվել է աշխատանքի»։
Հենց այս տեղեկությունն էլ Տրդատ Սարգսյանը համարում է զրպարտող, իր պատիվն ու գործարար համբավն արատավորող եւ մեզնից 2 մլն դրամ ու հերքում է պահանջում։

Այս գործի հանգամանքները դեռ մանրամասն կքննվեն, դեռ մենք հնարավորություն կունենանք դատարանում ապացուցելու, որ գործել ենք բարեխղճությամբ՝ պահպանելով ողջախոհության սկզբունքն ու լրագրողական էթիկայի կանոնները։

Սակայն ապացույցների ներկայացման այս փուլում մեզ պարզապես ապշեցրեց ՔՊԿ աշխատակազմի ղեկավարի միջնորդությունը դատարանին՝ պահանջել «Հրապարակից»՝ տեղեկանք ներկայացնել թերթի բոլոր ֆինանսական հոսքերի վերաբերյալ՝ նյութի հրապարակման օրվանից մինչ օրս։ ՔՊԿ աշխատակազմի ղեկավարի ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը միջնորդության մեջ նշեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասը․ «Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան»: Դատավոր Արթուր Մկրտչյանը, որը վարում է այս գործը, եւս ակնհայտորեն զարմացած էր։ Նա հարցրեց՝ նշված տեղեկատվությունը նշանակություն ունի՞ Ձեր հայցում նշված որեւէ փաստ ապացուցելու համար, ինչին Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչը պատասխանեց․ «Որ պարզենք, թե արդյոք նա ունի՞ վճարելու հնարավորություն, եթե դուք գումարային փոխհատուցման որոշում կայացնեք։ Այն փաստն ապացուցելու, որ պատասխանողն ունի հնարավորություն՝ մեր պահանջած գումարը վճարելու համար»։

Դատավորը ստիպված էր բացատրել հայցվորին, որ նույն՝ 64-րդ հոդվածի երրորդ մասում գրված է, որ առաջին մասում «նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով»։ Նա նաեւ հարցրեց, թե ինչու է հայցվորը ֆինանսական տեղեկատվություն պահանջում 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը, եթե դատավարությունը կարող է տեւել, ասենք, մեկ տարի։ Պատասխանն էր, որ, սովորաբար, ֆինանսական վիճակը պատկերացնելու համար բավարար է ունենալ մեկ տարվա շրջանառությունը։

«Ինչպե՞ս մեկնաբանենք այն հանգամանքը, որ վարչապետի ղեկավարած կուսակցության աշխատակազմի ղեկավարը փորձում է ընդդիմադիր թերթի ֆինանսական հոսքերին տեղեկանալ դատարանի միջոցով»։ Մեր այս հարցին ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավարի ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը պատասխանեց․ «Ես օգտվում եմ իմ դատավարական իրավունքից»։

«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանն էլ նշեց, որ կողմը կարող էր ընդամենը հայցի ապահովման միջոց պահանջել։ «Արդյոք սա չի՞ նշանակում, որ դուք ուզում եք պարզել՝ ընդդիմադիր «Հրապարակ» թերթը գումար ունի՞, թե՞ ոչ, որ հետագայում դա օգտագործեք «Հրապարակ» թերթը փակելու համար։ Օրինակ, ճշտեք, թե ովքեր են ֆինանսավորում, որքան են ֆինանսավորում, առավել եւս, քանի որ ընդդիմադիր թերթ է, եւ այդ տվյալը, որը դատարանը կպահանջի, եւ թերթը կներկայացնի, դա օգտագործեք հետագայում թերթը փակելու համար, կամ այն անձանց կամ կազմակերպություններին ճնշելու, որոնք ներկա պահին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «Հրապարակ» թերթին»։ Ըստ Ճարոյանի, «Հրապարակ» թերթն այսօր ամենաընդդիմադիր ԶԼՄ-ներից է, եւ, բնականաբար, իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ունեն «Հրապարակին»՝ ֆինանսականից մինչեւ տեղեկատվական աղբյուրներ։

Դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց միջնորդությունը։