Բադասյանը՝ ՊԵԿ-ում իրականացվող «կադրային ջարդի» մասին (տեսանյութ)

Բադասյանը՝ ՊԵԿ-ում իրականացվող «կադրային ջարդի» մասին (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը իր ղեկավարած հիմնարկում կադրային ջարդ է սկսել՝ արդեն վեց վարչության պետ է ազատվել, ավելի վաղ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն էր ազատվել, որը համակարգի հիմնասյուներից էր, էլի աշխատակիցներ։ Բադասյանը հին, փորձառու կադրերին հանում, իր ուզած մարդկանց է տեղը նշանակում։

Այսօր կառավարության նիստից հետո, երբ հարցրինք՝ ինչո՞ւ է նման փոփոխություններ իրականացնում համակարգում, Բադասյանն այսպիսի բացատրություն տվեց․ «Նախ կադրային ջարդ պետական եկամուտների կոմիտեում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որ բնական է ցանկացած պետական մարմնի համար, և կարող եմ ասել, որ կադրային քաղաքականության հիմքում ընկած է միայն մեկ սկզբունք՝ այն, որ նախապատվությունը տալիս ենք այնպիսի աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ, և հարկային, մաքսային համակարգի ներսում ցուցաբերել են իրենց որպես պրոֆեսիոնալ կադրեր»։

Ինչ վերաբերում է վեց վարչության պետերի ազատմանը, Բադասյանը չհերքեց՝ նշելով, որ կան վարչության պետերի փոխատեղումներ, նոր նշանակումներ, և նրանց հիմնական, գերակշիռ հատվածը համակարգի ներսից են։

Դիտարկմանը, որ նախկին ՊԵԿ նախագահների օրոք նման արմատական փոփոխություններ չեն եղել, որ գան ու հին, փորձառու կադրերից ազատվեն, հիմա որքանո՞վ է նպատակահարմար փորձառու կադրերից ազատվել և սեփական թիմակիցներով համալրել համակարգը։

«Ես ասեմ, որ նշանակումներն արվում են հենց փորձառության հիման վրա։ Ես ՊԵԿ նախագահի տեղակալ աշխատել եմ, և, ըստ էության, մեծ տարբերություն այն ժամանակվա կադրային փոփոխությունների քանակի հետ չեմ կարող արձանագրել»,-ասաց Բադասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում