Նպատակն ուսուցչին խրախուսե՞լն է, թե՞ վերջնականապես ջարդուխուրդ անելը
Երեւանի եւ ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման ավելի քան 15 կենտրոններում նախօրեին իրականացվել է օտար լեզուների՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» եւ «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորում, որը մի քանի օր է՝ կրքեր է բորբոքել ուսուցիչների շրջանում, քանի որ թեստերը եղել են շատ բարդ՝ ի տարբերություն նախորդ տարիների։
Անգլերենի կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները փաստում են, որ կազմած թեստը ոչ մի աղերս չուներ անգլերենի դասավանդման եւ ուսուցչի անգլերենի գիտելիքների հետ։ «Թեստը եղել է Քեմբրիջի մոդուլային թեստ, որը տեղադրված է համացանցում։ Այսինքն` մեր հարգարժան նախարարությունն ուզում էր պարզել, թե որ ուսուցիչն է համապատասխանում Քեմբրիջի C2 native դասավանդողներին։ Թեստը ոչ մի կապ չուներ նախորդ տարվա թեստի հետ, որը բավականին հեշտ եւ հաղթահարելի թեստ էր, ոչ մի կապ չուներ իրենց տեղադրած ուղեցույցի հետ։ Թեստում առկա են բավականին շատ վիճելի հարցեր։ Ինչ անիմաստ հարցեր են (գտնել սխալ կամ ճիշտ նախադասությունները), քերականություն ստուգելու ուրիշ ձեւ չկա՞, ամեն հարցի տակ՝ 7 կետ, էդ որ կետերն ավելացրել են, ժամանակն ինչո՞ւ չեն ավելացրել, այս ամոթն ուսուցչին չէ վերագրված, այլ՝ պետությանը»,- ուսուցիչների խմբերից մեկում նշել էր ատեստավորմանը մասնակցած մանկավարժներից մեկն ու առաջարկել չեղարկել այս կամավորի արդյունքները եւ կազմել Հայաստանի կրթական համակարգին հարիր անգլերենի թեստ։
Պարզվում է՝ գրեթե նույն պատկերն է եղել ռուսերենի մասով։ «ЕГЭ-ի հարցերն էին (Ռուսաստանի միասնական քննական հարցերը), ոչ միայն Քեմբրիջի, այլ նաեւ Լոմոնոսովի դասախոսների են փնտրում մեր մեջ»,- նկատել էր մեկ այլ ուսուցիչ։
Կամավոր ատեստավորմանը մասնակցած գրեթե բոլոր ուսուցիչները դժգոհ են թեստի որակից, բարդությունից, ավելին՝ դրանք ծրագրային նյութերից ու շտեմարանային վարժություններից շատ են տարբերվել։ Մի բան հստակ է՝ համատարած բողոքը խոսում է այն մասին, որ կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որպեսզի ուսուցիչները չհաղթահարեն պահանջվող շեմը, բայց, որպես այդպիսին, համարվեն կամավոր ատեստավորմանը մասնակցած: «Ձեր նպատակն ու վերջնարդյունքն ուսուցչին խրախուսե՞լն է, թե՞ վերջնականապես ջարդուխուրդ անելը: Տեղյա՞կ եք, որ բոլոր դպրոցներում ու մանկավարժական բուհերում առատ թափուր տեղեր են: Չե՞ք մտահոգվում` դա ինչից կլինի: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ հինգ տարով է ատեստացիան: Եթե մասնագետն անցնում է այդ քննությունը, հինգ տարի հետո նրա գլխից ցնդո՞ւմ են գոյականն ու ածականը: Ուսումնասիրեք Վրաստանի փորձը․ մանկավարժն ատեստավորվում է, ու վերջ, ամբողջ կյանքում նրա կոչումները պահպանվում են, բայց միշտ վերապատրաստումների միջոցով պարտավորվում է թարմացնել գիտելիքները: Նորից եմ կրկնում` հնարավոր չէ, որ հարյուրավորներն ու հազարը վատը լինեն, վերջիվերջո՝ էդ մարդիկ տարիների փորձառություն ունեն ու եթե գրանցվում են քննությունների, ուրեմն նաեւ վստահ են իրենց ուժերի վրա: Իսկ դուք ի՞նչ եք անում… Ուղղակի մասսայական ջարդեր կազմակերպելու փոխարեն կարող եք հանգիստ ասել, որ աշխատավարձի բարձրացման հնարավորություն չունենք: Այդպես ավելի ազնիվ կլինի… Ուսուցիչները բոլոր ժամանակներում ըմբռնումով են մոտեցել ու նվիրումով են աշխատել՝ հնարավոր ու անգամ անհնարին պայմաններում»,- ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից մեկի դիտարկումն է:
Մասնակիցների կարծիքով՝ վերադասի կողմից կազմված թեստի գիտելիքները ո՛չ դասարանի կարգապահական մասն ապահովելու համար են անհրաժեշտ, ո՛չ էլ գիտելիքներ փոխանցելիս: «Անգլերենի թեստ կազմողը հանրակրթական դպրոցի ուսուցչին Հարվարդում կամ Քեմբրիջում աշխատելու նպատակով C2 մակարդակով դասախո՞ս էր փնտրում։ Գժվել են լրիվ։ Ուսուցչի՞ն են ուզում ստորացնեն, թե՞ ոնց։ Իրենց հրատարակած 7-րդ դասարանի գրքով պարապելու համար իրոք որ պետք է Հարվարդ ավարտած լինես, բայց այս դեպքում էլ աշակերտները պիտի գոնե Բրյուսով ավարտեն, նոր գան դպրոց»։
Ի դեպ, այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 6 հազար 355 ուսուցիչ։ «Վախեցել են, որ այս տարի ավելի շատ ուսուցիչներ կհաղթահարեն, այդ պատճառով ավելի են բարդացրել։ Հարգելի ուսուցիչներ, անկախ մեր գիտելիքների մակարդակից, պետք է միասնական լինենք, օգնենք միմյանց, այդ ժամանակ ատեստավորման կանչողներն իրենք կխուսափեն մեզ ատեստավորելուց։ Մինչեւ հիմա չհասկացանք, որ դա միտումնավոր է արվում՝ ուսուցչին վարկաբեկելու համար, որ աշխատավարձ չբարձրացնեն, ինչո՞ւ եք մասնակցում, բոյկոտեք, ոչ ոք թող չգնա, մեր գիտելիքները թող ստուգվեն մեր ծրագրերի շրջանակում, ավելի խորացված, բայց ո՛չ այդ թեստերով, որ մեր դասավանդման հետ կապ չունի։ Մի՛ գնացեք այդ խայտառակ գործընթացին ընդառաջ, չհասկացա՞ք, որ սա ոչ թե ուսուցչի համար է, այլ ուսուցչի դեմ»,- նկատել էր մի ուսուցիչ։
Կարծիքներ