ՌԴ-ն և Թուրքիան մեծացրին իրենց ազդեցությունը, իսկ Իրանի ազդեցությունը կորցրեց իր նախկին շուքը

ՌԴ-ն և Թուրքիան մեծացրին իրենց ազդեցությունը, իսկ Իրանի ազդեցությունը կորցրեց իր նախկին շուքը

Այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ստորագրվեց մի փաստաթուղթ, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։

Հաջորդ օրը ռուսական «Կոմերսանտ» թերթը հրապարակեց մի քարտեզ, որը փաստաթղթում տեղ գտած կոմունիկացիոն երթուղիների նախնական տեսքն է բնորոշում։ Համաձայն քարտեզի՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանից սկսող երկաթուղային գծի մի ճյուղն անցնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով ու մտնում Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ Նախիջևանից շարունակվող ճյուղը գնում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքով, հետո մտնում Հորադիսով ու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով անցնում-գնում է Ռուսաստան։

Երկաթուղային մյուս գիծը սկսում է Թուրքիայի Հանրապետության Իգդիր քաղաքից, անցնում է Նախիջևանով, Մեղրիով, Հորադիսով ու հասնում Բաքու։

Այս կոմունիկացիաներով ստեղծվում է մի իրավիճակ, համաձայն որի՝ Հայաստանն ընկնում է թուրք-ադրբեջանական հնարավոր շրջափակման ու նոր իրողությունների մեջ, որոնք բավականին մշուշոտ են՝ հաշվի առնելով Հայաստանի գործող իշխանությունների անորոշ և անբովանդակ քայլերը, ապիկարությունը։ Բացի այդ, այստեղ կա ևս մի նրբություն․ Հայաստանն Իրանի հետ ունի անցակետ, որը Մեղրիով է անցնում։

Այս խնդրի մասով Իրանում դեռևս սպասողական վիճակ է, հստակ բաներ դեռ չկան, որոշակի տեսակետ կամ կարծիք։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը։

«Դատելով իրակական կողմի պասիվությունից կամ ճանաչելով Իրանը՝ կարելի է ասել, որ այնտեղ ներկայումս սպասողական վիճակ է, նրանք փորձում են հասկանալ, թե կողմերն [Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան] ինչ են մտածում այդ ամենի շուրջ, և ի վերջո դա իրականություն կդառնա՞, թե՞ պարզապես կմնա որպես «Կոմերսանտի» կողմից հրապարակված մի քարտեզ, և հետո տեսակետներով հանդես կգա։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է կարող հայը նստի գնացքը ու գնա, կամ հայի բեռն Ադրբեջանի Նախիջևանի միջով հասնի ինչ-որ «Իքս» տարածք։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ կան փաստաթղթի կետերի հետ կապված հարցերում։ Ըստ իս՝ սա անորոշ, օդից կախված ինչ-որ բան է»։

Հարցին՝ «տնտեսական և քաղաքական զարգացման հնարավորություններ կա՞ն հայ-իրանական հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո հայ-իրանական հարաբերությունները, կարծես թե, այդքան լավ չէին կամ անորոշ էին», Վարդանյանը պատասխանեց

«Որպեսզի լինեն տնտեսական բարձր հարաբերություններ, պետք է լինի քաղաքական բարձր վստահություն և հարաբերություններ։ Նախկինում կային երկուստեք քաղաքական բարձր հարաբերություններ, և նույնիսկ այդ պարագայում հայ-իրանական տնտեսական հարաբերությունները կաղում էին։ Էլ ինչի՞ մասին է խոսքը, երբ ներկայումս չկա այն քաղաքական բարձր վստահությունը։ Ակնհայտ է, որ վերջին 3 տարում հայ-իրանական հարաբերությունները սառը կամ քնած, սպասողական վիճակում են»։

Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմի ընթացքում և հրադադարից հետո նոր իրողություններ ստեղծվեցին՝ Ադրբեջանին աջակցող Թուրքիայի Հանրապետությունը էականորեն մեծացրեց իր ազդեցությունը տարածաշրջանում և մասնավորապես Ադրբեջանում։ Իր ազդեցությունը բավականին մեծացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնությունը՝ նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ տեղակայելով, դարձավ 2020 թվականի նոյեմբեր 9/10-ի հայտարարության միակ երրորդ կողմը Մինսկի համանախագահների մեջ։ Պատերազմի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին որպես հատուկ բանագնաց Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին և Թուրքիային ներկայացրեց ԼՂ կարգավորման իրանական ծրագիրը, սակայն, ըստ էության, այն չիրականացավ։

- Իսկ ի՞նչ գործողություններ է դիմում և կդիմի Իրանը՝ հաշվի առնելով նոր իրողությունները։Իսկ Իրանը, հաշվի առնելով այս նոր իրողությունները։

Ըստ Վարդանյանի՝ Իրանը որոշել է իր որոշ չափով զիջած դիրքերը վերականգնել ի հաշիվ տնտեսական ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում [Արցախի տարածքներում]՝ որոշակի ներդրումներ կատարելով։ «Ներկայություն ունենալով՝ ազդեցություն ձեռք բերել ադրբեջանական հանրապետության վրա։ Քանի որ Իրանում հասկացել են, որ ինչ-որ չափով դիրքերը զիջել են Թուրքիային Հարավային Կովկասում ընդհանրապես և մասնավորապես Ադրբեջանում։ Փորձելու են վերականգնել իրենց կորսված դիրքերը և ազդեցությունը, մանավանդ, որ այս կառուցվելիք միջանցքն էլ ավելի է հարվածելու իրանական շահերին։ Որովհետև, եթե հիմա Ադրբեջանը մեծ կախում ունի Իրանից, այդ միջանցքի կառուցումով՝ կկորցնի այդ ազդեցությունը։ Այսպիսով, կորցնելով ազդեցությունը Նախիջևանի վրա՝ ազդեցության որոշակի պաշար կկորցնի Ադրբեջանի վրա»,- պարզաբանեց իրանագետը։

Այս տարվա հունվարի 13-14-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երկօրյա այցելությամբ Պակիստանի Իսլամական Հանրապետությունում էր, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանում էր արդեն հունվարի 12-ից՝ եռօրյա այցով։ Իսլամաբադում բացի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր կայացել Պակիստանի ԱԳ նախարար Մախդում Շահ Մահմուդ Քուրեշիի հետ։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, սպասվող մարտահրավերներին։

Երեկ թուրքական անգլալեզու «Հուրրիյեթ Դեյլլի Նյուզ» պարբերականը գրել է, որ եռակողմ հանդիպումից հետո երեք նախարարները հանդես են եկել համատեղ հռչակագրով՝ «Իսլամաբադի հռչակագիր»։ Հռչակագրում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի, Կիպրոսի, Ջամմու և Քաշմիրի խնդիրներին։

«[Նախարարները] խորին մտահոգություն հայտնեցին 2019թ․ օգոստոսի 5-ի միակողմանի գործողությունների (տարածքային խնդիրը Պակիստանի և Հնդկաստանի միջև է - ՀՐԱՊԱՐԱԿ), Ջամմու և Քաշմիրում մարդու իրավունքների խախտումները շարունակելու և դրա ժողովրդագրական կառուցվածքը փոխելու ջանքերի կապակցությամբ և վերահաստատեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի վեճի խաղաղ կարգավորման համար` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի», - նշվում է հռչակագրում:

Բացի այս, ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել «Կիպրոսի հիմնախնդրի արդարացի, կայուն, իրատեսական և փոխընդունելի կարգավորման գործընթացին, ինչպես նաև միջազգային իրավունքի հիման վրա Էգեյան և Արևելյան Միջերկրածովում առկա հիմնախնդիրներին: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախարարները «վերահաստատեցին իրենց աջակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերջը դնելու և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ սուվերենության և տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»:

Բացի այդ, Պակիստանի և Թուրքիայի միջև բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկումներ են ընթանում միջուկային ծրագրի շուրջ։

Հունվարի 10-ին Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, հետազոտողների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իրանի և Արևմուտքի միջև բանակցությունների վերսկսման հույս հայտնելով, շեշտել է, որ «պատժամիջոցները վերացնելու դեպքում Իրանը տարածաշրջանում իրական տնտեսական տերություն դառնալու ներուժ ունի»:

«Ինչ վերաբերում է Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի միջև հարաբերություններին, ապա այստեղ Իրանն ունի մի շարք գործիքակազմեր՝ ազդելու Պակիստանի վրա կամ Պակիստանում գործըթնացների վրա։ Իսկ Իրանի՝ տնտեսական տերություն դառնալու հնարավորությունները հեռու չեն իրականությունից, բայց այստեղ հարց կա, թե երբ է դուրս գալու պատժամիջոցների տակից և այդ պատժամիջոցները որքան է տևելու»,- նշեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոսը։

- Պակիստանը կփորձի՞ կոմունիկացիաների ապաշրջափակումից օգտվել, նաև փորձել մեր տարածաշրջանում ինչ-որ ազդեցություն ունենալ կամ ընդհանուր իսլամական աշխարհում։

Ահարոն Վարդանյանը չի կարծում, թե «Կոմերսանտի» քարտեզով նշված երթուղուց Պակիստանը անմիջականորեն փորձի օգտվել, քանի որ Ռուսաստանն է հսկելու միջանցի անվտանգությունը, և այն փաստորեն նրա վերահսկողության տակ է լինելու։ «Եվ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Ճիշտ է, Պակիստանն ատոմային տերություն է, բայց դա չի նշանակում, որ կարելի է ծանրակշիռ դերակատարություն կամ խոսք ունենալ միջազգային հարաբերություններում։ Միջազգային հարաբերություններում բազմաթիվ հակակշռող պետություններ կան՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Միացյալ Նահանգներ, թեկուզ նաև Հնդկաստանը և այլն»,- նշեց նա։

Արևելագետի խոսքերով՝ Պակիստանը պատերազմից առաջ էլ, դրա ընթացքում էլ մշտապես շեշտել է, որ Ադրբեջանի կողմից է, վերջինիս դիտարկում է որպես եղբայրական պետություն, և «ամեն ինչ անելու է որպեսզի Ադրբեջանը հաղթի»։

«Զենք-զինամթերք, ամեն ինչ տրամադրել է։ Հարցն այն է, որ մենք Պակիստանի հետ չենք աշխատել, մեր կողմից նույնիսկ Պակիստանի հետ աշխատելու քայլ չի եղել, և դրանից օգտվել է ադրբեջանական հանրապետությունը։ Եվ ներկայումս էլ Պակիստանը փորձում է օգտվել, և ինչու ոչ, մեծ պետություն է, բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող, և փորձում է իր ազդեցության լծակները մեծացնել։ Բայց մեկ բան է փորձել է, մեկ այլ բան՝ ստացվելը»,- ընդգծեց նա։

- Այսինքն՝ ռուսական ու թուրքական գործոնը չի՞ թողնի Պակիստանին որևէ կերպ ազդեցություն տարածել։

- Տարածաշրջանում ներկայումս այնպիսի խառը իրավիճակ է, որ ինչ-որ բան կանխատեսելը բավականին բարդ է։ Մի բան է պարզ, որ Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան մեծացրեցին իրենց ազդեցությունը, իսկ Իրանի ազդեցությունը, այսպես ասեմ, կորցրեց իր նախկին շուքը։