Բակո Սահակյանը նոր հրամանագրեր է ստորագրել

Բակո Սահակյանը նոր հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով:

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։

Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:
Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Նախագահի հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Նախագահի հրամանագրով՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Հիշեցնենք, որ մենք դեռ դեկտեմբերի 12-ին՝ «Հերթով ազատում են պաշտոններից․ հեղափոխությունը հասավ Արցախ» վերտառությամբ հոդված էինք գրել, որտեղ ներկայացնում էինք Լևոն Մնացականյանի ազատումն ու Կարեն Աբրահամյանի նշանակումը, որը հերքվում ու քննադատության էր արժանանում շատերի կողմից, սակայն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած որոշումները հաստատեցին մեր լուրերը։