Թորոսյանի ընկերը նախկինում կիսվում էր Ս․ Սարգսյանի մասին լուրերով, հայրն էլ մարտնչող ՀՀԿ-ական էր

Թորոսյանի ընկերը նախկինում կիսվում էր Ս․ Սարգսյանի մասին լուրերով, հայրն էլ մարտնչող ՀՀԿ-ական էր

Տեղեկացրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մանկության ընկեր, նախկինում Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն Հայկ Սայադյանն իր մեքենայով  ավտովթարի է ենթարկել մի քաղաքացու, որը գանգուղեղային ծանր վնասվածքներով և ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, ինչը հաստատել էր Սայադյանն ինքը, ինչը ըստ  այս մասին հաղորդած քաղաքացի Արգամ Դավթյանի, ամեն կերպ փորձել էր կոծկել առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը։ Հատկապես, որ նա եղել է ծառայողական մեքենայով։ 

Անձը՝ Արգամ Դավթյանը, ով տեղակացրել էր վթարի մասին, այսօր   նոր մանրամասներ  փոխանցեց։

Ըստ այդմ՝   Հայկ Սայադյանն ամեն օր լինում է ր  նախարարությունում։ «Այդ դեպքում ամեն օր ի՞նչ է անում նախարարությունում՝ կաբինետից կաբինետ։  Ճիշտ է՝ վթարից հետո սկսել է չգալ»,- փոխանցեց անձը։

Ըստ նրա՝  սույն Սայադյանը, որը  ԾԻԳ-ում աշխատանքի էր ընդունվել 2018-ի հունիսի 10-ին՝ հեղափոխությունից հետո, այնքան էլ հեղափոխականներից չէ։ Նրա հայրը ՀՀ առողջապահության նախարարությունում երկար տարիներ եղել աշխատակազմի ղեկավար, ապա եղել է Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը, ում գործունեությանը Hraparak.am-ը նախկինում բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել է։

2012-ի մարտին, օրինակ, գրել էինք, որ Մխիթար Հերացու անվան  Երեւանի պետական բժշկական համալսարան տեղափոխվելուց անմիջապես հետո այստեղ սկսվել են խժդժությունները կադրային փոփոխությունների, աշխատավարձի եւ այլ հարցերի շուրջ: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ նա, անդամագրվելով ՀՀԿ-ին, պարտադրել է ԵՊԲՀ կոլեկտիվին՝ եւս հետեւել իր օրինակին։ Նույն Հայկը, ի դեպ, հեղափոխությունից ընդամենը 40 օր առաջ՝ 2018-ի փետրվարի 2-ին, մեծ սիրով իր անձնական էջում կիսվում էր նախկինների մասին նյութերով։ Մասնավորապես, թե ինչ հանձնարարական է տվել Սերժ Սարգսյանն Ալթունյանին։ Կամ՝ Դերենիկ Դումանյանի, որն ասել էր՝ ով տեղում չէ, չի աշխատի։

Սակայն ԾՒԳ-ում  Հայկ Սայադյանը երկար չի մնացել, քանի որ   նեղ շրջապատում ասել է, որ ԾԻԳ-ի աշխատավարձը ցածր է, արտագաղթում է։ Իսկ սրանից  հետո շատ կարճ ժամանակում  հայտնվում է Կիպրոսում։

 «Կիպրոսում որևէ արտառոց բան չկա, եթե կարճ ժամանակ հետո հետ չգար, և Արսեն Թորոսյանը նրան ընդունել չտար Գլոբալ հիմնադրամում։ Եվ նա ձերբակալված փոխնախարար Արսեն Դավթյանի հետ սկսում է տարբեր ծրագրեր համակարգել, ֆինանսավորման հետ կապված, մարդասիրական օգնության ՊՈԱԿ-ի հետ կապված և այլ շատ գործառույթներ»,- հաղորդեց  Արգամ Դավթյանը։ 

Ըստ նրա՝ այս հանգամանքը շատերի ուշադրությանը չէր արժանանա, եթե ֆինանսական գործառույթների հետ կապ չունենար և առանց հիմնավորման Կիպրոսից հետ գալուց հետո նորից չնշանակվեր աշխատանքի։

Հայկ Սայադյանը մեզ հետաքրքրող հարցերին խոստացավ պատասխանել՝ գրավոր և վաղը։ Իսկ սռողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չի պատասսխանում  Hraparak.am -ի հարցերին։