Զուսպ եղեք, տիկին

Զուսպ եղեք, տիկին

«Ոչ մի քաղաքական գրառում չեմ արել այս 20 օրվա ընթացքում եւ չեմ անելու, #Հաղթելուենք, դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք տականքներ։
Փառք հայոց բանակին
Փառք մեր արծիվներին»: 

Ֆեյսբուքյան այս գրառման հեղինակն ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» խմբակցություն) Քրիստինե Պողոսյանն է, նույն ինքը՝ Kristine Poghosyan-ը։ 

Սույն տիկնոջ ոչ հավասարակշիռ պահվածքին տողերս գրողն էլի  է անդրադարձել եւ հիմա դեժավյուի մեջ է․ նույն ջղային տիկինն է՝ նույն ոճաբանությամբ եւ նույն անհանդուրժող պահվածքով։ 
Զարմանալին այն է, որ տիկինը Ֆեյսբուքի  հանրային հարթակն օգտագործում է ինչ-որ հակառակորդների (դատելով բառապաշարից՝ թշնամիների) ահաբեկելու նպատակով, թեեւ այդպես էլ չի մասնավորեցնում, թե ո՛ւմ են ուղղված իր խոսքերը, ովքե՛ր են «տականքները»։ 
Դուք չե՞ք գիտակցում, որ թեկուզ եւ անհասցե, բայց ատելության ու անհանդուրժողականության խոսք եք տիրաժավորում, տիկի՛ն։ Դուք չե՞ք գիտակցում, որ խախտում եք համերաշխության այն ուխտը, որ ճակատագրական այս օրերին բոլորս ենք միմյանց հետ լռելյայն կնքել։

Գրառման հեղինակին խորհուրդ էլ տամ։ Մարդը, ով անհասցե հիշատակում է «տականքների», իրավունք չունի այդ բառից  հետո գրել ո՛չ «փառք» բառը, ո՛չ «հայոց բանակ» սուրբ բառակապակցությունը, ո՛չ էլ «արծիվ» որակումը։ «Տականք» հայհոյական բառն արդեն բացառում է այդ բառերը գրելու բարոյական իրավունքը։

Զո՛ւսպ եղեք, տիկի՛ն, պահպանե՛ք բարեկրթության նորմերը․ դրանք Դուք պիտի մարդկային ռեսուրսներ կառավարելու Ձեր անցյալ փորձառությամբ արդեն յուրացրած լինեիք։