ԳԱԱ-ի կարգավիճակը հստակեցվել է օրենքի նոր նախագծում
ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված եւ բազմիցս քննարկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի նոր տարբերակում երկու սկզբունքային փոփոխություն է արվել. խմբագրվել են Սահմանադրական դատարանի կողմից 2021 թ. օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթները, որոնք վերաբերում էին բուհերի ռեկտորների ընտրությանը, ինչպես նաեւ՝ փոխվել են Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին ու գործունեությանն առնչվող դրույթները:
Նախնական տարբերակում ԳԱԱ կարգավիճակի վերաբերյալ օրենքը պարունակում էր խիստ անորոշ ձեւակերպումներ եւ չէր սահմանում ԳԱԱ-ի փաստացի կարգավիճակը՝ կազմակերպաիրավական ձեւը։ Ինչպես նաեւ՝ օրենքում բացակայում էին ԳԱԱ-ի ինքնակառավարման երաշխիքները, ինչը տվյալ նորմը դարձնում էր հռչակագրային դրույթ եւ գործադիր իշխանության համար հիմքեր էր ստեղծում՝ ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահմանափակել ինքնակառավարման շրջանակները:
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանից հետաքրքրվեցինք, թե օրենքի լրամշակված տարբերակում արդյոք հստակեցվե՞լ է ակադեմիայի կարգավիճակի հարցը, եւ, ընդհանուր առմամբ, ի՞նչ փոփոխություններ են արվել, ինչին ի պատասխան՝ ԳԱԱ նախագահը նշեց, որ օրինագծի ներկայիս տարբերակը համաձայնեցված է ակադեմիայի ղեկավարության հետ, ավելին՝ նոր տարբերակում որոշիչ փոփոխություններ են կատարվել այն կետերի նկատմամբ, որը ՍԴ-ն ճանաչել էր հակասահմանադրական, խոսքը, մասնավորապես, 26-րդ հոդվածի եւ 25-րդ հոդվածի 4-րդ կետի մասին է․ «Ամենակարեւորը նա է, որ 26-րդ հոդվածը, որն առնչվում է ԳԱԱ-ին, հենց առաջին կետում այդ հոդվածին ներառվել է, որ ակադեմիան միավորում է նաեւ գիտական կազմակերպությունները՝ ինստիտուտները։ Նախկինում դա հանված էր եւ ամենակարեւոր, խոցելի խնդիրն էր, որն ակադեմիայի ոչ միայն ղեկավարությունը, այլեւ ոչ մի գիտնական չէր ընդունում, որովհետեւ այն ժամանակ դեռ հարցում էր կատարվել, եւ 90 տոկոսով բոլոր ինստիտուտները, բացի մեկից, որը չէր մասնակցել քվեարկությանը, գաղտնի քվեարկությամբ կողմ էին արտահայտվել, որ ակադեմիայի ստատուսը պետք է պահպանվի, եւ այդ ինստիտուտները պետք է մնան ակադեմիայի կազմում։ Դա էր հիմնական խնդիրը, որը հիմա վերականգնվել է։ Հիմա գրված է, որ ակադեմիան միավորում է ակադեմիայի անդամներին, նշված են իր կազմում ներառված կազմակերպությունները, որոնց ցանկը որոշում է կառավարությունը»։
Մյուս կարեւոր կետը, որի համար պայքարում էին իրենք, Ա․ Սաղյանը համարում է այն, որ ակադեմիայի ինստիտուտների համար ղեկավար մարմնի՝ տնօրենի ընտրությունն իրականացնում է կոլեկտիվը, որը հետո հաստատում է նախագահությունը․ «Այսինքն՝ այնպես, ինչպես այսօր կա, իսկ նախորդ տարբերակում, ինչպես բոլոր ՊՈԱԿ-ների դեպքում, դա իրականացվում էր հոգաբարձուների խորհրդի միջոցով, որը կազմված էր 8 հոգուց, որից 4-ը՝ ինստիտուտից, 1-ը՝ ակադեմիայից, 3-ը՝ դրսից։ Ամեն դեպքում, մենք կարողացանք համոզել, որ 30 ինստիտուտ ունենք, եւ 30 անգամ 8՝ այդքան մասնագետ դժվար է գտնել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշում կատարել։ Նախարարությունն ընդունեց դա, եւ այդ կետը եւս փոխվել է։ Պետք է նշեմ, որ ինչպես ընտրության կարգը, այնպես էլ պատվովճարների՝ վարձատրության չափը, մենք հատուկ կարգ ենք մշակելու, երբ այս անգամ ընտրություններն իրականացնենք, դա պետք է լինի ըստ չափորոշիչների, որը պետք է նախօրոք որոշվի եւ հաստատվի կառավարության կողմից, եւ դա հնարավորություն կտա, որ հնարավորինս արժանի մարդիկ՝ թղթակից անդամներ կամ ակադեմիկոսներ ընտրվեն ակադեմիայի համակարգում»։
Օրենքի լրամշակված տարբերակում ավելացվել է մեկ կարեւոր կետ եւս, ըստ որի՝ ակադեմիայի ղեկավար կազմի համար սահմանվում է տարիքային ցենզ, համաձայն որի՝ 75 տարին լրացած անձը թողնում է իր պաշտոնը ղեկավար կազմում․ «Այս կետը կա նաեւ Ռուսաստանի ԳԱ կանոնադրության մեջ, եւ հիմա դա ամրագրվել է նաեւ մեզ մոտ՝ օրենքով։ Ընդ որում, նախարարության նախնական տարբերակում ֆիքսված է եղել 70 տարին, բայց քննարկումների արդյունքում եկել ենք այն համաձայնության, որ, հաշվի առնելով ակադեմիայի տարիքը եւ այն հանգամանքը, որ այստեղ ակադեմիկոսներ են որոշակի նվաճումներ եւ ներդրում ունեցող մեր գիտության պատմության մեջ, նաեւ հաշվի առնելով միջին տարիքը գիտնականների, մենք կանգնեցինք 75-ի վրա, որն էլ ընդունեց նախարարությունը»։
Օրինագծի ներկայիս պատկերն ընդունելի է գիտնականների համար, թեպետ կան դեռ չլուծված հարցեր․ «Կան հարցեր՝ կապված դոկտորի աստիճանի հետ, բայց դրան առանձնապես չենք անդրադարձել, որովհետեւ ամենակարեւորն ակադեմիայի կարգավիճակն է, այն, փաստորեն, մնում է ոչ առեւտրային կազմակերպություն, որն իր կազմում պարունակում է այն ինստիտուտները, որ կան, եթե կլինի որեւէ ինստիտուտ, որն ինքը ցանկանա դուրս գալ ակադեմիայի կազմից, մենք խնդիր չունենք, բայց այսօրվա միտումն այնպիսին է, որ այլ կազմակերպութույուններ եւս ուզում են ներառվել ակադեմիայի կազմում։ Ակադեմիայի կարգավիճակի պահպանումը մեզ հնարավորություն է տալիս բարեփոխումներ անելով՝ վերականգնել այն նախկին հեղինակությունը, որ ուներ մեր ակադեմիան մեր հասարակության մեջ, իսկ եթե չլինեին ինստիտուտները, դա նշանակում է, որ ակադեմիան աստիճանաբար պետք է վերածվեր հասարակական կազմակերպության, որն անընդունելի է մեզ նման երկրի համար, որը միշտ գիտությամբ է առաջ գնացել»։
Կարծիքներ