Ես մտածում էի՝ միլիոն մարդ կա Երևանում, միլիոնն էլ դուրս կգար, որովհետև իրենց բռնաբարել էին, բայց․․․ Վ․ Մանուկյանը՝ Գյումրիում

Ես մտածում էի՝ միլիոն մարդ կա Երևանում, միլիոնն էլ դուրս կգար, որովհետև իրենց բռնաբարել էին, բայց․․․ Վ․ Մանուկյանը՝ Գյումրիում

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր մարզային այցելությունների մեկնարկը տվեց Գյումրիից: Գյումրու «Արագած» մարզամշակույթային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի եւ նրա համախոհների հանդիպումը:

Նշենք սակայն, որ ընդդիմության մուտքը Գյումրի ուղեկցվեց խոչընդոտներով: Մի խումբ գյումրեցիներ իրենց ավտոմեքենաներով փակեցին Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ թույլ չտալով շարժման անդամների մուտքը Գյումրի: «Վազգեն դավաճան, Նիկոլ վարչապետ» կոչերով՝ ճանապարհին կանգնած քաղաքացիները, փորձում էին հակառակ տրամադրություններ ստեղծել: Այնուամենայնիվ, ոստիկանների միջամտությամբ ճանապարհը բացվեց, իսկ Վազգեն Մանուկյանին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերը համակարգող, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ավելի շուտ հաջողվեց հասնել հանդիպման վայր, քան մյուսներին: Լրագրողների հետ ճեպազրույցում Վազգեն Մանուկյանը կատարվածը մեկնաբանեց․ «Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել»:

Դահլիճում արդեն կարծիք հայտնեց՝ նշելով, թե ճանապարհ փակելն այդ մարդկանց ներքին համոզմունքը չէր, այլ պարտադրել էին նրանց: Հարցին՝ ինչու առաջինը Գյումրի, ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց․ «Մեծ մտավորականություն, կարողություն ունի Հանրապետության երկրորդ քաղաքը, ճիշտ է՝ առաջինը այստեղ գալը: Շատ տառապանքներով անցած, բայց պայծառ մնացած, Գյումրի»: Իր խոսքերով, հանդիպման նպատակը երկրի վիճակը քննարկելն ու այդ վիճակից դուրս բերելու ելքերն են: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին մի շարք հարց ու պատասխաններ՝ գերիների փրկությունից մինչև հայրենիքի փրկության տեսլականներ:

Հնչեց տեսակետ, որ թեև 90-ականներին ներքին կյանքում դժգոհություններ շատ կային, բայց որպես պետություն հաջողված էինք: «Ցանկացած պատերազմ այս պահին խելահեղություն է, անհեթեթություն, մեզ պետք է վերանայել այդ պայմանագիրը: Ռուսաստանին ձեռնտու է, որ մենք ոտքի կանգնեք, բայց ոչ՝ Նիկոլի կողքին», - ասաց Վազգեն Մանուկյանը՝ շարունակելով․ «Ես մտածում էի՝ միլիոն մարդ կա Երևանում, միլիոնն էլ դուրս կգար, որովհետև իրենց բռնաբարել էին, բայց մարդիկ այնքան ընկճված էին, վշտի մեջ․․․, շատ մարդկանց ճանաչում եմ՝ տանը նստած լացում են, բայց հավես չունեն դուրս գալու, այստեղ մեր անելիքները մեծ են»:

Հանդիպման մասնակիցների կողմից առաջարկ եղավ համահայաստանյան ստորագրահավաք անցկացնել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար: «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վստահեցրին, որ, չնայած մի շարք մինուսներին, ստորագրահավաքի հարցն իրենց օրակարգում առկա է:

Հանդիպման ավարտին Վազգեն Մանուկյանի վերջին կոչն ուղղված էր երիտասարդներին․ «Երկրի ապագան վերցրեք Ձեր ձեռքը, մի թողեք, որ պատահական մարդ որոշի հայրենիքի ճակատագիրը, մտեք քաղաքականություն, ընտրեք այն կուսակցությունը, որը հոգեհարազատ է»: