Հայկ Ղալումյանը գյուղեգյուղ ընկած քարոզարշավ է անում

Հայկ Ղալումյանը գյուղեգյուղ ընկած քարոզարշավ է անում

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ գրեթե բոլոր համայնքներում իշխանական թեկնածուները վարչական ռեսուրս են կիրառում․ մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում տարբեր համայնքներից` ընտրություններից առաջ դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Օրինակ, Նոյեմբերյան խոշորացված համայնքի նախընտրական փուլն անցնում է ճնշումների եւ կաշառքների ուղեկցությամբ։ Մենք տեղեկացանք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի հետ անցնում է գյուղեգյուղ, քարոզում բնակիչներին քվեարկել Նոյեմբերյանի իշխանական թեկնածու, նախկին ՀՀԿ-ական Կարեն Աբազյանի օգտին։ Սպառնալիքներ են հնչում նաեւ դպրոցի աշխատողների նկատմամբ՝ եթե չընտրեն Աբազյանին, ապա կհեռացվեն։ 

Կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ մասնակցո՞ւմ է արդյոք քարոզարշավին, նա ասաց, որ ինքը Կրթության վարչության պետն է, եւ ուումնական հաստատություններն ապաքաղաքական են․ «Իրենց իրավունքն է, ով ինչ կուզի՝ կասի։ Հիմա ես դպրոցներից մեկում ընտրության եմ, փաստաթղթերը վերցնում եւ գալիս են մարզպետարան»։ Ասաց նաեւ, որ ծնունդով իջեւանցի է, դեկտեմբերի 5-ի ընտրություններին չի կարող մասնակցել։

Հարցին, թե ահազանգեր կա՞ն, որ դպրոցները խառնվում են քաղաքական հարցերին, պատասխանեց․ «Ես նախապես զգուշացնում եմ, որ դպրոցը իրավունք չունի խառնվի, ուսուցիչը դասերից հետո, աշխատանքային ժամերը վերջացնելուց հետո, թե իր հարեւանի հետ ինչ կխոսի, դա իր իրավունքն է, բայց դպրոցներում բացարձակ չի խոսվում քաղաքական թեմաների»։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ նոյեմբերի 28-29-ին Նոյեմբերյան է գործուղվել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը հավաքել է ոստիկանության բոլոր աշխատողներին, ժողով է արել եւ ուղիղ տեքստով սպառնացել, որ եթե չընտրեն իրենց թեկնածու Աբազյանին, ապա աշխատանքից կզրկվեն։

Նշենք, որ այստեղ միավորվելու են 19 գյուղ եւ 2 քաղաք։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ Քաղպայմանագիրը՝ նախկին ՀՀԿ-ական Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիրը»՝ Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ եւ «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ։