«Շախմատային պարտիա» Ֆրանցիսկոս Պապի եւ Դոնալդ Թրամփի միջեւ

Մինչ Միացյալ Նահանգներում սկսում է մեծանալ պահպանողականների ազդեցությունը, պայմանավորված այդ երկրում Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելով, եւ արդեն մեկ շաբաթից՝ հունվարի 20-ից՝ նախագահական իր լիազորությունների լիակատար անցմամբ, Սուրբ Աթոռը որոշել է մարտահրավեր նետել Դոնալդ Թրամփին իր կադրային քաղաքականությամբ։ Համաձայն ԱՄՆ Կանզաս-Սիթիում հրատարակվող National Catholic Reporter պարբերականի, Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հայտարարել է, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի արքեպիսկոպոսի պաշտոնի համար ունի թեկնածու։ Մասնավորապես, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը մտադիր է այդ պաշտոնին նշանակել կարդինալ Ռոբերտ Մաք-Էրոլին, ով համարվում է Միացյալ Նահանգներում Կաթոլիկ եկեղեցու ներսում եղած «ազատականների խմբակցության» ղեկավարը։ Փորձագետների ուշադրությունը գրավել է այն, որ Վատիկանը նման նշանակում է կատարում այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգներում իշխանության մի վարչակազմից մյուսին փոխանցման անցումային փուլն է։ Սա նշանակում է, ըստ վերլուծաբանների, որ Սուրբ Աթոռում ուշի ուշով հետեւում են Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին։
Վիլանովայի համալսարանի պրոֆեսոր, աստվածաբան եւ եկեղեցու պատմության մասնագետ Մասիմո Ֆաջոլին կարծում է, որ Մաք-Էրոլի նշանակումը ամերիկյան մայրաքաղաքի թեմի առաջնորդ, կարելի է համարել Ֆրանցիսկոս Պապի ամենից կարեւոր նշանակումներից մեկը։ «Շատերը մեզանից կարծում էին, որ նա չափազանց առաջադիմական է, որպեսզի լինի Վաշինգտոնի արքեպիսկոպոս, եւ նրա նշանակումը Վաշինգտոնի արքեպիսկոպոսական Աթոռի վրա, չափազանց համարձակ քայլ կլիներ ու չափազանց կտրուկ, քանի որ նա չափազանց առաջադիմական մոտեցումներ ունի բոլոր հարցերի առնչությամբ»,- նշել է պրոֆեսոր Ֆաջոլին։ Պարբերականը հիշեցրել է, որ Մաք-Էրոլի ոչ այնքան պոպուլյար եւ չափազանց ազատամտական հայտարարությունների պատճառով 2023 թվականին ամերիկացի կաթոլիկ եպիսկոպոսներից մեկը նրան նույնիսկ կասկածել է հերետիկոսության մեջ։ Ի դեպ, պարզվում է, որ այս նշանակումն ամենեւին էլ պատահական չէ եւ ըստ էության հանդիսանում է Դոնալդ Թրամփի՝ Սուրբ Աթոռի հանդեպ վարելիք քաղաքական գծի հակազդեցությունը, որի «ծիծեռնակները» երեւացին դեռ անցյալ տարվա վերջին։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հրատարակվող Catholic Herald պարբերականն էլ նշում է, որ Ֆրանցիսկոս Պապի եւ Դոնալդ Թրամփի միջեւ տեղի է ունենում շախմատի պարտիա եւ այդ պարտիայում նորանոր քայլեր են սպասվում։
Ընդ որում, շախմատային պարտիան բացել է հենց ԱՄՆ ընտրյալ նախագահը՝ անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 20-ին հայտարարելով, որ մտադիր է Սուրբ Աթոռում ԱՄՆ դեսպան նշանակել Բրայան Բյորչին, ով մինչեւ այժմ էլ չի թաքցնում, որ հակասություններ ունի Ֆրանցիսկոս Պապի վարած հովվապետական քաղաքականության հետ։ Պարբերականը հռետորական հարց է բարձրացնում, թե նման իրավիճակում ինչ կարելի է սպասել հետո՝ Վաշինգտոն-Վատիկան հարաբերություններում։ Այսպես, եթե Թրամփը սկսի անօրինական ներգաղթյալների մասսայական արտաքսում, ապա լարվածություն կառաջանա նրա եւ Կենտրոնական ու Հարավային Ամերիկաների միջեւ, իսկ այդ ռեգիոններում Սրբազան Քահանայապետի ազդեցությունը նաեւ քաղաքական իմաստով, չափազանց մեծ է։ Այդ իրավիճակում հնարավոր է, որ Թրամփը ստիպված լինի դիմել Կաթոլիկ եկեղեցու հովվապետի օգնությանը՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բացի այդ, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին ամեն դեպքում նստեն բանակցությունների, ապա թե Թրամփը եւ թե Ֆրանցիսկոս Պապը, որ տարիներ շարունակ լավ հարաբերություններ են պահպանել Մոսկվայի հետ, երկխոսելու առիթ կունենան՝ ընդհանուր գործը գլուխ բերելու համար։ Եւ ի վերջո, ենթադրենք հնարավոր կլինի Իրանում իշխանությունից հեռացնել կրոնապետական վարչակարգին։ Այդ դեպքում Թրամփը Իրանը սնանկացնելու քաղաքականությունից անմիջապես անցում կկատարի Իրանի ենթադրյալ նոր իշխանություններին՝ Արեւմուտքի հանդեպ բաց վերաբերմուքը որդեգրելու քաղաքականությանը համոզելուն եւ այդ հարցում Ֆրանցիսկոս Պապի դերակատարությունը, ըստ ամենայնի, կլինի բացառիկ եւ անգնահատելի։
Կարծիքներ