Հաջորդ թիրախը դու ես

Հաջորդ թիրախը դու ես

Երբ օրեր առաջ որոշ «խելացիներ» հայտարարում էին, թե «եկեք «ոչ»-ի ճակատ չձեւավորենք, որ Նիկոլ Փաշինյանը թիրախ չունենա, չկարողանա «այո»-ի օգտին քվեներ կորզել հակաքարոզչության միջոցով», եւ ասում էին՝ որ օրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտ տան քաղաքականությանը, ու նոր քաղաքական ուժեր հայտնվեն դաշտում, Փաշինյանն այլեւս կզրկվի նախկիններով վախեցնելու թեմայից, ու ընդդիմադիր դաշտը կկայանա, ես ծիծաղում էի նրանց միամտության վրա։ Մի՞թե պարզ չէ, որ թիրախավորելու ունակություն ունեցողը միշտ կգտնի թիրախ։ Եվ ցանկացած մեկին կարելի է ասել՝ «քո ետեւից երեւում են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ականջները», իսկ էպատաժային խոսքին հավատացող մարդիկ կհավատան դրան՝ նույնիսկ եթե դա ծայրեծայր սուտ է, մանիպուլյացիա եւ էժան դեմագոգիա։ Ու հիմա որքան էլ հանրաքվեն լինի անօրինական, եւ «ոչ»-ի ճամբարը՝ ձեւական ու պրոֆեսիոնալ իրավաբաններից կազմված, պարզ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը շրջելու է գյուղից գյուղ, պիտակավորելու է նրանց, անվանելու է «ոչիստներ», ծաղրելու է, կապելու է սերժառոբական կլանին, հրապարակավ նվաստացնելու է, որ քվեներ ստանա։ Իսկ ինչո՞ւ պետք է դա չանի։ Ինչո՞վ են Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանն առավել 2018-ի մայիսին պառլամենտում նստած պատգամավորներից, որոնց նա նվաստացնում էր ու հայհոյում։

Եվ հարցն այն չէ, որ դրանք ՀՀԿ-ականներ էին, ուստի նրանց կարելի էր, իսկ իրավաբաններին կամ հանրային այլ խավերի՝ չի կարելի։ Ոչ, եթե դու հանդուրժում ես ցանկացած մեկի նվաստացումը, անգամ քո թշնամու, պետք է պատրաստ լինես, որ մի օր էլ քեզ են նվաստացնելու։ Եթե հանրությունը հանդուրժում է նման լեքսիկոնն ու պահվածքը, պետք է պատրաստ լինի, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է մի օր հայտնվել թիրախում։