Իբրև թե...

Իբրև թե...

Քաղաքականությունից զզվածների կամ քաղաքականությամբ չզբաղվողների վերաբերյալ ամենատարածված ասույթը, ենթադրում եմ, ծանոթ է բոլորին: Ահա այն՝ «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա այն զբաղվում է քեզանով»: Կարծում եմ, որ այս ասույթը հասարակության վրա քաղաքականության ազդեցության տեսակետից ամենատարրական և ամենաընդգրկուն դատողությունն է: Կարող եմ ավելացնել, որ հասարակական տեղաշարժերի և փոփոխությունների ժամանակ այդ դատողությամբ ներկայացված երևույթը տասնապատիկ ավելի ազդեցիկ գործոնի է վերածվում առանձին մարդկանց կյանքում: Եվ դա չընդունելը ոչ թե խելացի լինելու և առօրյայից վեր կանգնած լինելու դրսևորում է, այլ ջայլամային վարքագծի դրսևորման մեկ այլ տարբերակ: Ի գիտություն՝ ընդունված է համարել, որ վտանգի պահին երկարավիզ այդ կենդանին փորձում է գլուխը «թաղել» ավազի մեջ՝ ենթադրելով, թե դրանով կարող է խուսափել վտանգից: Երևի ջայլամային իր ուղեղով մտածում է, որ վտանգի աղբյուր հանդիսացող սուբյեկտն այլևս չի տեսնի իրեն: Փոխաբերաբար հենց այդպես է դրսևորվում քաղաքականությունից դուրս (կամ վեր) կանգնած լինելու՝ առանձին անձանց կամ խմբերի մտայնությունը:

Փաստ է, որ «քաղաքականությամբ չզբաղվողների» մեծամասնությունն աչքի է ընկնում նաև նախկինների նկատմամբ ատելությամբ: Կամ գոնե այդպես է համոզում ինքն իրեն և ուրիշներին: Ասեմ, որ դա ևս ինքնախաբեության ոլորտից է, քանի որ նախկինների օրոք վերջիններիս նկատմամբ ընդգծված ընդդիմադիր լինելը (ատելությունն ընդամենը դրա զգացմունքային դրսևորումն է) ենթադրում է նույն վարքագիծը նաև Փաշինյան Նիկոլի իշխանության նկատմամբ: Որովհետև այդ վարքագիծը ենթադրում է իրականացվող քաղաքականության նկատմամբ սկզբունքային անհամաձայնություն, իսկ այսօր վարչապետի պաշտոնին կառչած Նիկոլի իրականացրածը շատ ավելի նախկին է, քան նրա նախորդներինն էր: Եվ, բնականաբար, Նիկոլի իշխանության դեմ պայքարը նորմալ կամ ավելի ճիշտ՝ անհրաժեշտ վարքագիծ էն նման պարագայում: Դա՝ մեկ: Եվ ըստ այդմ՝ նախկինների նկատմամբ անհանդուրժողականությունն իրավունք չունի վերածվելու Նիկոլի վարչապետության նկատմամբ հանդուրժողականության: Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք կյանքում. նախկինների օրոք նրանց «քսմսվողներն» այսօր դարձել են «ներկաներին քսմսվողներ»՝ եթե ոչ հենց «ներկաներ»: 

Մի երկու բան էլ ասեմ: Նախ, նախկինների օրոք իշխանության նկատմամբ գոյություն ունեցող անտարբերության մասին: Հիշեցնեմ, որ նախկինների օրոք չկար պարտված պատերազմ և արժանապատվության կորուստ, չկար Արցախի հանձնում և ըստ այդմ՝ Հայաստանի առումով գոյաբանական խնդիր: Նախկինում ընդամենը կռիվ էր գնում քաղաքացիական իրավունքների համար, ինչը ենթադրում է քաղաքացիական մտածելակերպի և ակտիվության որոշակի մակարդակ: Ինչը տրված է լինում, բնականաբար, ոչ բոլորին: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ նախկինում քաղաքականապես անտարբեր լինելն ուներ գոյության իրավունք: Դա ասում եմ որպես մի անձ, որ երկու տասնամյակ պայքար էր մղում հանուն այն բանի, որպեսզի մեր երկրում իրավունքն «օգտագործվի» հանուն և ոչ թե ընդդեմ օրինականության. դա էլ երկու: Մեզ շրջապատող իրականությունից բերեմ մեկ օրինակ: Նախկինների օրոք սկիզբ էր առել մի երևույթ, որ Նիկոլի իշխանության պայմաններում դարձել է ավանդույթ: 

Դա քաղաքացիների կողմից ընտրված պատգամավորների (կամ ավագանու անդամների) նկատմամբ հետապնդումների գործընթացն է: Նիկոլի նախկին օգնականը, որ այսօր դարձել է գլխավոր դատախազ, Ազգային ժողով է ուղարկել ընդդիմադիր պատագամավորների նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու թույլտվության առաջարկ: Նախկինում նման երևույթը ևս կարող էր դիտվել բնականոն, քանի որ ավտորիտար իշխանությունն աստիճանաբար վերափոխվում էր: Բնականաբար, վերափոխումը տեղի էր ունենում հետքայլերով ու շեղումներով, բայց այն օբյեկտիվ գործընթաց էր: Եվ ըստ այդմ, տեղական կամ պետական մակարդակում ընտրվածների նկատմամբ վատ վերաբերմունքն էլ դրա անբաժան մասն էր: Սակայն այն այդպիսին չէ և տեսականորեն անգամ չի կարող լինել այդպիսին իբրև թե թավշյա հեղափոխությունից հետո հասատված իբրև թե ժողովրդավարության պայմաններում: Որովհետև այդ դեպքում մենք կունենանք ոչ թե դեպի դրական վերափոխման գործընթացի մաս, այլ ամբողջովին հետքայլ ինքնահռչակ ժողովրդավարությունից: Եվ դա այն է, ինչը տեղի է ունենում այսօրվա Հայաստանում:

Հ. Գ. Որպեսզի մենք, որպես ժողովուրդ, այս տարածքում ապագա ունենանք՝ պետք է մերժենք Նիկոլին, նրա իշխանությունը, նրա ձևավորած պետական համակարգը: Եվ միայն այդ դեպքում կարող ենք կրկին տեղ գրավել արժանապատվություն ունեցող ժողովուրդների շարքում, ներկայանալ որպես պետականակիր սուբյեկտներ: