Որեւէ լավ բան չեմ սպասում, բայց գնահատականները՝ ավելի ուշ

Որեւէ լավ բան չեմ սպասում, բայց գնահատականները՝ ավելի ուշ

Հարցազրույց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի hետ

- Պատերազմից ու Հայաստանի կապիտուլյացիայից հետո արտարժույթի փոխարժեքները սրընթաց բարձրանում են․ կան կանխատեսումներ, որ դոլարի փոխարժեքը տարեվերջին կհասնի 600-ի սահմանագծին։ Սրանից բխող՝ դրամի արժեզրկում, գնաճ։ Ի՞նչ կասեք այս կանխատեսումների մասին։

- Ճիշտն ասած՝ 600-ի հասնելու համար տնտեսական հիմքեր չեմ տեսնում։ Բայց հոգեբանական հիմքերով կարող է 600-ի էլ հասնի, 700-ի էլ, հետո իջնի։ Բայց տնտեսական հիմք, որպես այդպիսին, որեւէ կերպ չեմ տեսնում՝ մինչեւ տարեվերջ։

- Եթե դրամի արժեզրկում է տեղի ունենում, արդյոք սա  հաղորդակից անոթի էֆեկտով չի՞ անդրադառնա արտարժույթների առքուվաճառքի վրա։

- Խնդիրը կախված է բնակչության տրամադրություններից, դոլարիզացիայի ավելացումից, պակասեցումից եւ այլն։ Բայց գլխավորը հոգեբանական գործոններն են, ու նորից եմ ասում՝ զուտ տնտեսական հիմքերով տնտեսության այնպիսի զարգացումներ տնտեսության տարբեր ճյուղերում ու ձեռնարկություններում, որոնք կուրսը ճնշելով բերեն-հասցնեն մինչեւ տարեվերջին 600-ի, չեմ տեսնում։

- Տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ պատերազմը հիմնահատակ ավերել է մեր առանց այն էլ թույլ տնտեսությունը։ Նախ, կարծո՞ւմ եք, որ կառավարությունը բյուջեի սեկվեստոր կանի, նաեւ՝ հաջորդ տարվա բյուջեն․․․

- Դժվարանում եմ ասել։ Սեկվեստորի չեն գնա, ըստ իս, քանի որ այս պահին նմանատիպ խնդիր չկա։ Իսկ հաջորդ տարվա բյուջեն դժվարանում եմ ասել, թե ինչպես է լինելու։ Ինձ թվում է՝ կմնա նույն հաստատվածը, որովհետեւ վերահաշվարկի եւ այլնի խնդիր չեմ տեսնում։

- Այսինքն՝ պետությունն ունի՞ այդ գումարները, չնայած պատերազմին։

- Պետությունը կարող է պարտքի ավելացման գնալ։ Ինչ վերաբերում է մնացած հաշվարկներին, պետք է քաղաքական որոշումներ ընդունեն, ես չեմ կարծում, որ այս պահին ինչ-որ մեկն այդ քննարկումների մեջ է։

- Կառավարության 80 տոկոսը, ըստ հայտարարվածի, փոխվելու է՝ քաղաքական, ռազմական իրավիճակով պայմանավորված։ Վերանանք այն հարցից, թե ինչու են նման քայլեր արվում․ տնտեսական բլոկից ինչ-որ բան կարելի՞ է սպասել։ Այսինքն, որ նախարարներ փոխվեն, որոնք էլ, հնարավոր է, այս ծանր իրավիճակից երկիրը կարողանան դուրս բերել։ 

- Գաղափար չունեմ՝ կփոխե՞ն, թե՞ ոչ։

- Իսկ պե՞տք է փոխեն, թե՞ ոչ, եւ, առհասարակ, իմա՞ստ ունի այս իրավիճակում մեկ անձին փոխարինել մեկ այլ անձով, եթե անգամ նա շատ խոստումնալից տնտեսագետ է կամ բարեփոխիչ։ 

- Փոփոխությունների կարիքը, որպես այդպիսին․․․ գաղափարական ինչ-որ նոր բաներ չկան, որ կարողանամ գնահատականներ տալ։ Եթե քաղաքականությունները չեն փոխվում, եւ չկա գաղափարական նոր գիծ, ակնհայտ չէ, թե ինչի համար պետք է այդ մարդկանց փոխեն կամ չփոխեն։ Ուզում եմ ասել՝ գնահատական չի տրվել իրենց կողմից տնտեսական քաղաքականությանը, եւ երբ որ այդ «ա» անձին փոխարինեն «բ» անձով, այս պահին դատողություն անելը, թե ինչու են փոխարինում․․․ այս պահին ոնց որ թե առանձնապես հիմնավորումներ չունի, որպեսզի դրա հիման վրա էլ  դատողություններ անեմ։

- Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատերազմի պատճառների մասին, ասում էր, որ 30 տարի կերել են։ Մեր ռազմական բյուջեները, կարծեմ, իր կառավարման 2․5 տարիների ընթացքում առանձնապես չէին ավելացել, թեեւ գերմանական պարբերականին տված հարցազրույցում ասել էր, թե իմացել է, որ պատերազմ է սկսվելու։

- Ռազմական բյուջեն ավելացել էր 2019-20 թթ․, ըստ իս՝ ՀՆԱ-ի 4-4․25 տոկոսի չափով։ Այլ դետալների տեղյակ չեմ։

- Պարգեւավճարների մասին է մշտապես խոսվում, Ձեր ժամանակ կայի՞ն դրանք՝ այդքան մեծ գումարների չափով։ Թե՞ կային, ուղղակի գաղտնի էր, հիմա գաղտնի չէ՝ բարձրաձայնվում է։

- Պարգեւավճարների նմանատիպ պրակտիկա չի եղել։ Պարգեւավճարներ եղել են, բայց այս չափով, ու որ դրանք լինեն ամենամսյա՝ նման բան չի եղել։

- Ունե՞ք հաշվարկներ, թե այս պատերազմը տնտեսական ինչ վնասներ տվեց մեր տնտեսությանը, խոսվում էր, որ օրական 50 միլիոն դոլարի վնաս ենք կրել։

- Ոչ, չունեմ, չէի ուզենա ինչ-որ բանի մասին խոսել։

- Իսկ, առհասարակ, ի՞նչ սպասումներ ունեք․ արտագաղթ, տնտեսության էլ ավելի գահավիժում, աղքատություն, գործազրկություն։ Դրանցից ո՞րը կունենանք, գուցե ամեն ինչ իրար հե՞տ։

- Դժվարանում եմ ասել։ Հիմա վերլուծություններ եմ անում, դրանք չեմ վերջացրել։ Երբ վերջացնեմ, հանդես կգամ գնահատականով։ Որեւէ լավ բան չեմ սպասում, բայց գնահատականներ չեմ կարող տալ։

- Այսինքն՝ «լավ բան չեք սպասում»-ը նման է ապոկալիպտիկ սցենարների՞։

- Ապոկալիպտիկ չի լինի։ Տնտեսությունը կոլապս չի ապրի։

- Արտագա՞ղթ։

- Արտագաղթի վերաբերյալ․ կարճաժամկետ հատվածի տնտեսությունից ելնելով, եկող տարվա աճից ելնելով՝ արտագաղթի խնդիր չի լուծվում։ Դրանք շատ ավելի երկարատեւ տրենդներ են, որոնց վերաբերյալ ուրիշ տեսակի վերլուծություն պետք է անել։

- Ղարաբաղում լրացուցիչ գործողությունների ծրագրի շրջանակներում ՌԴ-ն հումանիտար օգնություն է տրամադրում, չգիտեմ՝ շինանյութի տեսքով։ Հնարավոր է էլեկտրաէներգիայի որոշակի փոխհատուցում՝ Արցախի ամեն մի բնակչին։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս վիճակում ՀՀ-ն Արցախին այլեւս սուբսիդիա չհատկացնի, եւ դա իր վրա վերցնի Ռուսաստանը։

- Տեղեկացված չեմ, որպեսզի դատողություններ անեմ, ամեն դեպքում, չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը չշարունակի Արցախին աջակցությունը։ Չափերի վերաբերյալ, կամ թե ռուսների հետ ինչ են պայմանավորվելու, չեմ կարող ասել։ Իշխանություններին հարցրեք։