Քաղաքապետի, նախկին տնօրենի  եւ աշխատակիցների միջեւ հակասությունը խորանում է. ով ում է մեղադրում

Քաղաքապետի, նախկին տնօրենի  եւ աշխատակիցների միջեւ հակասությունը խորանում է. ով ում է մեղադրում

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի, պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի  եւ աշխատակիցների միջեւ թնջուկը ոչ միայն լուծում չի ստանում, այլ հասակությունները ավելի են խորանում: Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Մոսիկյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ իր պաշտպանյալները, երբ  հրաժարվել են կաշառք տալ քաղաքապետին, իրենց նկատմամբ սկսվել է հետապնդում քաղաքապետի կողմից:

Քաղաքապետը հանդիսանում է Արմեն Մոսիկյանի գործատուն, եւ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինական ենթարկվում է քաղաքապետարանին: Քաղաքապետը  շարունակում է իր վարչական լծակները օգտագործել եւ բուժքույրերին ուղղորդել դատարանում. «Ապացույցների հետազոտումը ավարտել ենք, մտել ենք միջնորդությունների քննության փուլ: Ես բազմաթիվ միջնորդություններ ունեմ անելու: Դատաքննության ընթացքում իմ պաշտպանյալները ցուցմունք տվեցին, որ քաղաքապետը մի քանի տարի շարունակ իրենցից կաշառք է պահանջել, դրա վերաբերյալ դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, եւ հիմա  Աբովյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցված ՀՀ ՔՕ-ի 311 հոդվածի  1-ին մասով:   Այս գործը քննիչի վարույթում է: Մենք 2 օր առաջ են հարցաքննվել, որպես վկաներ, եւ սպասում ենք նոր քննչական գործողությունների, առերեսումների: Իսկ երկրորդ գործով դատավարության ընթացքում հարցաքննվել են 60-ից ավելի վկաներ, եւ միայն այդ 4 բուժքույրերն են տվել մեղադրանք հիմնավորող ցուցմունքներ: Այդ 4 բուժքույրերը բերման որոշումով են ներկայացել դատարան եւ հարցաքնվել, եւ ողջ դատավարության ընթացքում դատական նիստի չեն եկել: Երբ Մոսիկյանն ու Բաղդասարյանը կաշառքի մասով ցուցմունք տվեցին, առանց դատարանի, կամ կողմերի հրավիրման, բուժքույրերը դատարան եկան քաղաքապետարանի իրավաբանի եւ կանաչապատման բաժնի պետի ավտոմենքայով եւ ողջ դատական նիստի ընթացքում այն աստիճան էին բղավում, որ նախագահողը հեռացրեց դատական նիստերի դահլիճից: Ցայտուն տեսանելի էր, որ եկել էին շոու անելու նպատակով»,-ասաց Մոսիկյանի պաշտպանը: 

Ըստ Հովհաննիսյանի՝ քաղաքապետի հրահանգով սկսվել է ստուգումներ պոլիկլինիկայում: Մարինե Բաղդասարյանի աշխատասենյակում կարճ ժամանակահատվածում նշանակվել են մի քանի ֆինանսական  գործունեության ստուգումներ՝ ստուգվել են դեղաչափերի բաշխումները, արդյոք հիվանդները ստացել են դեղորայքը, թե՞ ոչ, հիվանդության պատմություններում առկա դեղաչափերը. «Մանրակրկիթ ստուգումներ են իրականացրել նպատակ ունենալով որեւէ խախտում հայտնաբերել եւ նրան ազատել աշատանքից:  Ստուգումների արդյունքում որեւէ խախտում չի հայտնաբերվել: Քաղաքապետը հայտնվելով անելանելի վիճակում, լծակ չունենալով աշխատանքից ազատել Բաղդասարյանին, նա օգոստոս ամսին կրճատում է էնդոկրինոլոգի հաստիքը, որի իրավունքը ինքը չուներ: Նման բան ինքը կարող էր անել միայն ամեն տարվա դեկտեմբերի 31-ին, կամ՝ տարվա սկզբին: 2 ամիս անց կրկին հաստիքը վերականգնել է, եւ աշխատանքի է ընդունել նոր էնդոկրինոլոգի: Ասեմ, որ միայն այդ 4 բուժքույրերն են ցուցմունքներ տվել Մոսիկյանի եւ Բաղդասարյանի դեմ, ոչ թե ամբողջ բուժանձնակազմը: Մենք մինչեւ հիմա էլ պնդում ենք, եւ ապացույցներ ներկայացնելու ենք, որ իրականում ուղղորդվել են քաղաքապետի կողմից, այսինքն՝  սա եւս եղել է մի լծակ, որպեսզի  այս անձանցից ազատվի անգամ քրեական պատասխանվության ենթարկելու ճանապարհով»:

Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանը նշեց, որ ինքը կոլեկտիվի հետ խնդիրներ չի ունեցել, իսկ քաղաքապետի հետ  միակ անձնական խնդիրը դա իրենից կաշառք պահանջելն է եղել, որի շրջանակներում քրեական գործ է հարուցվել. «Ներկայիս տնօրենը հայտարարում է, որ 13մլն. պարտքով է վերցրել հիմնարկը: Առաջինը նա ինձանից չի ընդունել հիմնարկը,  իրենից առաջ եղել է ուրիշ տնօրենը, ով 1 տարի  աշխատել է:   Ես հիմնարկը թողել եմ դրական բալանսով,  հիմնարկի հաշվին եղել է 250հազար դրամ ավել գումար:  Այդ ժամանակ քաղաքապետի կողմից   արգելափակվեց հաշիվները եւ 2 ամսվա աշխատավարձը մենք չկարողացանք մարդկանց վճարել:  Եթե հիմա 13մլն. պարտքի մասին խոսում են ուրեմն թալանել են էդ հիմնարկը: Իսկ էդ 5մլն.-ի մասին, որ խոսում են, դա սարքած ակտ էր, որի տակ ես չեմ ստորագրել: Ես դիմել եմ 6-րդ վարչություն,  վարչապետին եմ գրել, առողջապահության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին: Գրել եմ իմ նկատմամբ կատարված ոչ իրավաչափ գործողությունների մասին: էն ժամանակ ես ընդամենը բժիշկ էի, ու հասկանալի պատճառներով իմ խոսքը տեղ չի հասել է: Էնպես չի եղել, որ ես լռել եմ, ու հիմա հանկարծակի խոսում եմ»:   

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանն էլ՝ կեղծիք է համարում այն, որ կաշառք է պահանջել տնօրենից. «Ես դատարանին գրություն եմ ուղարկել, դա հերյուրանք ու զրպարտանք է: Գլխավոր դատախազին հաղորդագրություն եմ ուղարկել սուտ մատնության համար: Սուտ մատնության վերաբերյալ իմ ուղարկած հաղորդումը ուղարկվել է քննչական, հիմա բերել են համատեղ, որ քննեն, չգիտեմ այդ գործի շրջնակներում, թե առաջին քրգործով: Ես հետեւողական եմ լինելու, քանի որ իմ արժապատվության հետ կապված խնդիրն է: Կրկնում եմ դա կեղծիք է, եւ ես դա կապացուցեմ»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը: 

Մեր տեղեկություններով՝ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը երեկ հարցաքննվել  է։ Բալասյանը դատավարական որեւէ կարգավիճակ այս պահին չունի։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին, որը հարուցվել էր մեկ այլ քրեական գործով մեղադրյալ, Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի ցուցմունքի այն դրվագի հիման վրա, որով նա հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքի ղեկավարը իրենից որպես կաշառք ամսական 250.000 ՀՀ դրամ գումար է պահանջել։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր նաեւ, որ Մոսիկյանը 2015թ.-ին սոցիալական փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունները չիրականացված՝ 71 քաղաքացիների իր ստորագրությամբ և պոլիկլինիկայի ֆիրմայի անվամբ կնիքով հաստատված տեղեկանքներ է տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ պետությունը յուրաքանչյուր հիվանդի դեպքով 8-հազարական դրամ փոխանցի պոլիկլինիկային: Արդյունքում տնօրենը պետությանը պատճառել է 568 հազար դրամի վնաս: Բացի դրանից, նախաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Մոսիկյանը 2013- 2015թթ. բժշկուհի Մարինե Բաղդասարյանի հետ հափշտակել է Բյուրեղավան, Արզնի և Նուռնուս համայնքներից դիակային տեղափոխությունների համար հավաքագրված 852 հազար դրամը:

Արմեն Մոսիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (Խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Մարինե Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափի յուրացումը: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: