Քաղաքականություն

«Հրապարակ». Ո՞ւմ հետ են հանդիպում ՔՊ-ականները եւ ինչո՞ւ

«Հրապարակ». Ո՞ւմ հետ են հանդիպում ՔՊ-ականները եւ ինչո՞ւ

Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի` IRI-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթին։ Ըստ տարածված հաղորդագրության՝  «Հանդիպմանը քննարկվել են կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է կառավարության ռազմավարական հաղորդակցության դպրոցի ամրապնդումը եւ ինստիտուցիոնալացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ՄՀԻ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հանրային հաղորդակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում հետագա համատեղ քայլերի կապակցությամբ»։

Իհարկե, դժվար է հավատալ, որ մինչ այժմ մամուլի խոսնակ չունեցող վարչապետն ու նրա աշխատակազմը, որի դեմ տասնյակ հայցեր կան ներկայացված՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով, ցանկանում են հաղորդակցության ոլորտում բարեփոխումներ կատարել, եւ Արայիկ Հարությունյանն էլ դրա համար է հանդիպել Դե Ուիթին։ Այս կազմակերպությունը վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՀՀ գործող իշխանությունների հետ, եւ այս հանդիպումը միակը չէ:

2021 թվականի սեպտեմբերին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն էլ էր ընդունել Ուիթին։ 2022 թվականին էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Վաշինգտոնում հանդիպել Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Դրանից ամիսներ հետո՝ 2022 թ․ մայիսի 5-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ է Վաշինգտոնում հանդիպում ունեցել Սթիվեն Նիքսի հետ։

Նշենք, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը ոչ առեւտրային կազմակերպություն է, ԱՄՆ պետդեպարտամենտի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ սերտ կապեր ունեցող եւ, ըստ ամենայնի, ամերիկյան կառավարության հետ եւս համագործակցող։ Այս կազմակերպությունը մեզանում հայտնի է իր սոցիոլոգիական հարցումներով: Նման հարցումներ մշտապես իրականացնում են նաեւ Հայաստանում` գործընկեր կազմակերպությունների օգնությամբ, սակայն ոչ բոլորն են հրապարակվում, հանրայնացվում: Հիմնականում հրապարակվում են այն հարցումները, որոնց հրապարակումն ԱՄՆ կառավարությանը քաղաքական իմաստով նպատակահարմար է եւ ՀՀ իշխանությունների շահերից է բխում։

Օրինակ՝ Ինստիտուտի պաշտոնական կայքում 2021 թվականի սեպտեմբերի 3-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, հրապարակվել են «Բրեվիս» ընկերության միջոցով իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Ըստ դրանց․ «Հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին», որոնց արդյունքում ՔՊ-ն հավաքեց խորհրդարանական մեծամասնություն, իսկ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետ։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մեջ տարբեր հարցադրումներ էին արվել. օրինակ, Հայաստանը գնում է ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ: Կամ` որն է մեր երկրի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրը: Բայց, ամենայն հավանականությամբ, հարցումն արվել էր մեկ հարց ու պատասխան ստանալու համար. ո՞ր քաղաքական գործչին կամ հանրային դեմքին եք ավելի շատ վստահում: Ըստ IRI-ի՝ ստացվել էր հետեւյալ պատասխանը. հայաստանցիների 64%-ը չի վստահում քաղաքական որեւէ գործչի, ամենաշատ վստահությունը շարունակում է վայելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ այդմ` 50%-ը խիստ բացասական կարծիք ունի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանի մասին, 49%-ը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին խիստ բացասական կարծիք ունեցողները 22% են կազմում: «Նույնքան մարդ Փաշինյանի մասին ունի նաեւ խիստ դրական կարծիք, եւ այդ առումով նա առաջատար է»։ Ո՞ր քաղաքական կուսակցությանը կընտրեիք, եթե կիրակի օրը կայանային խորհրդարանական ընտրություններ․ այս հարցին էլ, պարզվում է, հարցվողների 25 %-ը նշել է ՔՊ-ին, եւ միայն 6%-ը՝ «Հայաստան» դաշինքին:

Այնպես որ, խիստ հնարավոր է, որ իշխանականները, մեկը մյուսին հերթ չտալով, այս կազմակերպության ղեկավարության հետ հանդիպումներ են ունենում՝ հերթական նման սոցհարցում կազմակերպելու ակնկալիքով։ Չէ՞ որ առջեւում Երեւանի ընտրություններն են:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image