Մարտի 1-ը փակվեց փողով եւ խայտառակ խաղով

Մարտի 1-ը փակվեց փողով եւ խայտառակ խաղով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց։ 

ՀՀ գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետն այսօր էլ գնացել են աշխատանքի, հավանաբար, հանգիստ խղճով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվածներն արդյո՞ք գիտակցում են, թեկուզ աղոտ կերպով, որ երկրում տապալել են օրենքն ու օրինականությունը, դատարանն ու արդարադատությունը, գոնե դրա անհաջող փորձն են արել: Եթե իրականում երկիր ասվածի տակ առկա է պետությունը: Իսկ շատ թե քիչ նորմալ, իրավական ու բարոյական պետության մեջ այս պաշտոնյաները պետք է ներողություն խնդրեին եւ հրաժարական տային դեռ մարտի 26-ին, երբ Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր։ 

Այդ անվավեր հոդվածով վավերացվել է, իրողություն դարձել Քոչարյանի՝ 500 օրից ավելի ճաղերի ետեւում մնալը, ընթացքում երկու անգամ վիրահատվելը, որ նշանակում է վտանգել ե՛ւ առողջությունը, ե՛ւ հեղինակությունը: Յուրի Խաչատուրովին ետ են կանչել` պահանջելով ազատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, խայտառակել այդ կառուցը, որ հանցագործի է ընտրել ղեկավար: Ապացուցվեց, որ իրավական առումով կեղծ, սուտ, շինծու մեղադրանք է: Իսկ ո՞վ է տալու դրա պատասխանը: Այդ մարդիկ, անկախ իրենց նախկին եւ ներկա պատկանելությունից, ՀՀ քաղաքացիներ են, որոնց հետ պետությունը, մեղմ ասած, անթույլատրելի է վարվել` փորձելով տապալել օրենք ու Սահմանադրություն, դատարան ու արդարադատություն: 

Իսկ ապացուցվե՞ց այդ ոճիրի գոնե բարոյական կողմը, որ մարտի 1-ի 10 զոհերի նկատմամբ արդարությունն է, այդ արյունոտ գործի բացահայտումը` նրանց սպանողներին հայտնաբերելը եւ հանգամանքների պարզելը: Մարտի 1-ի արդարությունը մեռավ այն օրը, երբ որպես փոխհատուցում՝ վճարվեցին սպանվածների հարազատները եւ այսօր լուռ են: 10-ի սպանությունից հետո սպանվեց նրանց նկատմամբ արդարությունը: Ֆիզիկական սպանդին հաջորդած բարոյական սպանդի ոճիրը հավասարապես կիսում է ե՛ւ փող տվողը, ե՛ւ փող վերցնողը: Մարտի 1-ը փակվեց փողով եւ խայտառակ ներկայացման տապալված համարով: 

 Ներկայացումը տապալումից չփրկեց անգամ Սահմանադրական դատարանի կազմալուծումը` նախագահի փոփոխությամբ, նոր դատավորների համալրումով, որ ներկա իշխանության օրենք ու սահման շրջանցող ցանկությունն էր: Ըստ նույն իշխանության, պատերի տակ վնգստացող ու չվնգստացող դատավորներն էլ չփրկեցին ներկայացումը: Բայց հանդիսատեսին կտրուկ ու վերջնականապես չհիասթափեցնելու համար գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ որոշ օրենսդրական նորմերի սահմանադրականությունը պարզելու համար: Բացի այդ, Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։

Սա այն երկիրն է, որտեղ մարդավարի մարդ չեն կարողանում դատել: Սա այն երկիրն է, որտեղ որեւէ իշխանավոր որեւէ անօրինականության համար պատասխանատվություն չի կրում. պարտված պատերազմի, հայրենադավ հայտարարությունների, շինծու մեղադրանքի ու ֆարսի վերածած դատավարության: Որտեղ սուտն ու կեղծիքը, խաբեությունն են իշխանական մակարդակով իշխում: Որտեղ բարոյականության մասին անգամ հիշողություն չկա վերնախավում: Սա այն երկիրն է, որը պետություն չի դառնում:

Հուսիկ Արա