«Հրապարակ». Երբեւէ եղե՞լ է նման ղեկավար, որը սեփական ժողովրդի հետ շանտաժի լեզվով խոսի

«Հրապարակ». Երբեւէ եղե՞լ է նման ղեկավար, որը սեփական ժողովրդի հետ շանտաժի լեզվով խոսի

«Հրապարակի» զրուցակիցը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է:

- Վարչապետ Փաշինյանն օրերս Տավուշում հայտարարեց, որ պետք է 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, հակառակ դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան կհարձակվեն: Դուք արմատներով Նոյեմբերյանից եք, այս հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Մեր խնդիրը ոչ միայն Տավուշի 4 գյուղերն են, այլեւ այն, որ տրվել է երկրի վերջնական կործանման մեկնարկը: Իհարկե, գլոբալ առումով կործանման մեկնարկն ազդարարվել է տարիներ առաջ, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, երկիրը վերջնական կործանման է տանում: Ես այս հարցին կպատասխանեմ ոչ թե որպես տավուշցի, այլ պարզապես ՀՀ քաղաքացի, ով խոր անհամաձայնություն ունի այսօրվա քաղաքական իշխանությունների հետ, մասնավորապես քաղաքական լիդերի վարվելակերպի հետ: Այդ տեսակետը, թե հանձնվող գյուղերի բնակիչներն 90 տոկոսով վերընտրել են այս իշխանություններին, ուրեմն լավ է` թող իրենց կաշվի վրա զգան իրենց իսկ ընտրության ողջ ծանրությունը, ուղղակի անհեթեթություն է, որը ոչ մի լավ տեղ չի տանում մեզ: 2021 թվականին 680 հազար մարդ, ըստ էության, վերընտրեց այս իշխանություններին: Այսօրվա քաղաքական ամուլ իշխանությունը, իրենց առաջնորդի գլխավորությամբ, վախկոտ եւ ողորմելի կեցվածքով՝ Հայաստանը վաճառքի է հանել ամբողջությամբ, որի մեկնարկն ազդարարել է Տավուշի մարզի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց սկսելու հիմար ձեւակերպմամբ: Իրականում այս հայտարարությունները Հայաստանը կործանելու պրոցեսների ազդարարումն են:

- Ի՞նչ ասել է սահմանազատում: Այդ երբվանի՞ց հող նվիրելը դարձավ սահմանազատում: Գյուղացին ինչպե՞ս տարբերի հողավաճառությունը սահմանազատումից:

- Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է մտածում առհասարակ: Իրականում նա ինձ համար խիստ անհետաքրքիր ֆիգուր է: Նա ուղղակի չի պատկերացնում, թե ինչ է խոսում: Եթե դու սահմանազատում եւ սահմանագծում ես հայտարարում մի պետության հետ, որն իրեն համարում է 1918 թվականի մուսավաթական` դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, ապա դու առնվազն պետք է գիտակցես, որ նույն մուսավաթական Ադրբեջանն Ազգերի լիգայի կողմից ճանաչված պետություն չի եղել երբեք, հետեւաբար, եթե դու սահմանազատում ես ուզում մի պետության հետ, որի սահմանները, ըստ էության, գոյություն չեն ունեցել նախախորհրդային ժամանակաշրջանում, իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում, որպես այդպիսին, գոյություն չունեն որպես քաղաքական սուբյեկտ, այստեղ արդեն պարզ է դառնում, որ քո քաղաքական տգիտությունը միախառնվել է քաղաքական վախերի հետ, ինչը ստիպում է շանտաժի ենթարկել հասարակ գյուղացուն՝ պնդելով, որ եթե ադրբեջանցու ասածները չանենք, պատերազմ կսկսվի, որ եթե Ադրբեջանից չենք վախենում, կհարձակվի մեզ վրա նաեւ Թուրքիան: Երբեւէ եղե՞լ է նման ղեկավար, որը սեփական ժողովրդի հետ շանտաժի լեզվով խոսի, թշնամի երկրի ագրեսիայով վախեցնի: Ինձ այդ մարդու մտքերը բոլորովին չեն հետաքրքրում: Քաղաքական տգիտությունն անմեկնաբանելի է:

- Այսինքն` Փաշինյանը հակասում է ինքն իրեն: Նախ խաղաղության եւ սահմանազատման մասին է խոսում, ապա հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա:

- Գոլդա Մեիրն ասում է․ «Չի կարելի խաղաղության լեզվով խոսել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու»: Այո, անհնար է բանակցել մեկի հետ, ում նպատակը քեզ ոչնչացնելն է: Պետք է հիշել, որ մենք ունենք մի քանի հարյուր տարվա փորձառություն` թուրքական սինդրոմի հետ: Թուրքը ծնվել է հայերին կոտորելու համար: Թուրքը չարիք է, կործանարար չարիք: Հայը թուրքական աշխարհի համար սպառնալիք է, ու այդպես եղել է միշտ: Նրանք դա գիտակցելով՝ ամեն բան անում են հային մորթելու համար, որպեսզի մեկընդմիշտ փակվի հայկական հարցը: Այն, ինչ մեկնարկել է 100 տարի առաջ, այսօր փորձում են հասցնել ավարտին: Մարդ ինչքան պետք է սեփական պատմությունից հեռու լինի ու ինչքան պետք է գեների պակաս ունենա, որ մտածի՝ այսօր հնարավոր է թուրքի հետ խաղաղություն ստեղծել, այն դեպքում, երբ ծնկած ես, ինչպես մորթվողը…. ծնկածդ տեղից պետք է վեր կենաս ու կյանքի եւ մահվան կռիվ տաս: Ավելի լավ է մեռնել արժանապատիվ, քան յաթաղանի գերի դառնալ: Այսօրվա իշխանությունը հարկ եղած դեպքում ժողովրդին պետք է մահապարտության տանի, ոչ թե շանտաժով կառափնարան:

- Սակայն սահմանամերձ տարածքներում ասում են, որ չկան կուտակումներ: Նիկոլ Փաշինյանը կա՛մ սարսափներ ունի Ադրբեջանից, կա՛մ փորձում է սարսափ տարածել: 

- Շարքային մանիպուլյացիա եւ շանտաժ: Սեփական ժողովրդին շանտաժ է անում` դավադրապաշտական նկրտումներով: Ոչ ոք չի ասում, թե վերջնականապես արտաքին խնդիրները լուծված են։ Ոչ, բայց ինչ վերաբերում է նրան, որ եթե այս պահին չորս գյուղերի հարցը չլուծենք, պատերազմ է սկսվելու, իրականությանը չի համապատասխանում: Կա նման վտանգ, եթե թշնամին տեսնում է, որ սարսափած ես, սեփական ժողովրդին շանտաժներ ես անում, գուցե մարտական գործողություններ մոգոնի, այնպես, ինչպես եղավ Արցախում: Ի՞նչն է խանգարում հիմա նույն բանն անել Տավուշում, հատկապես երբ ողջ աշխարհը լուռ էր` արցախյան դեպքերի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը ջլատում է հայ ժողովրդին, առաջացնում ներքին խժդժություններ ու մարսում է: Կոտրում է պայքարի ոգին: Այդ ամենից օգտվելու է թշնամին, պարարտ հող է այս ամենը նրա համար: Թե ինչ տեսակի օպերացիա կսկսի, դա էլ ճաշակի եւ ընտրության հարց է: Այս իշխանություններն անգրագետ են, տգետ, ոչինչ անել չեն կարող: Խոսքը մեր ժողովրդի լինել-չլինելու մասին է, իսկ պետականությունն արդեն կորցրել ենք: Թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգային առումով մեր երկիրը խաթարված է: Կորցրել ենք ինքնիշխանության բոլոր ատրիբուտները: Հայաստանը վերածվել է ուղղակի թղթի վրա գրված պետության: