Թամանյանի թոռը դիմել է վարչապետին ու քաղաքապետին՝ վերաբացելու Թամանյանի թանգարանը

Թամանյանի թոռը դիմել է վարչապետին ու քաղաքապետին՝ վերաբացելու Թամանյանի թանգարանը

Դեռ 2016թ․ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը եւ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը վերամիավորելու մասին, որը պետք է կրեր «Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» անունը։ 

Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռը՝ Գագիկ Թամանյանը, որն այս օրերին Երեւանում է, մեզ հետ զրույցում նկատում է, որ վերամիավորված թանգարանը մնաց միայն թղթի վրա։ «Մեկ էլ մնաց թանգարանի պատի վրա փորագրված գրությունը՝ Թամանյանի թանգարան, ու նրա կիսանդրին, բայց ներսում նրա հետ առնչվող ոչ մի նմուշ չկա»,- ասում է նա ու հավելում, որ իրենք՝ ժառանգները, իրենց հետ վերցրել են ողջ արխիվը․ «Դա մեզ է պատկանում, եւ մինչեւ մեզ չտան առանձին շենք, չենք համաձայնի արխիվը տրամադրել։ 70 տարի մեր ընտանիքը սպասել է, որպեսզի առանձին շենք տան Թամանյանի թանգարանի համար, Հայաստանի բոլոր ղեկավարները միշտ կանչում էին հորս, հորեղբորս, խոստանում այս կամ այն անկյունում մի տարածք հատկացնել, բայց նրանք ասում էին՝ ոչ, տվեք առանձին շենք, որովհետեւ շատ մեծ ու արժեքավոր նյութեր ունենք։ Չի ստացվի մի փոքրիկ անկյունում դրանք ցուցադրել, եւ անիմաստ բան կդառնա»։ 

Գ․ Թամանյանը հիշում է՝ 2001թ․ Ջիմ Թորոսյանի եւ Յուրի Խոջամիրյանի ջանքերով քաղաքաշինության նախարարության բանկետի դահլիճը հատկացրին Թամանյանի թանգարանի համար, որը 15 տարի գործեց։ «Սկզբից հորեղբորս տղան էր տնօրենը՝ Ալեքսանդր Թամանյան կրտսերը, որն Արցախի հերոս է, հետո տնօրեն դարձավ նրա տղան՝ Հայկ Թամանյանը։ Ժամանակին ասում էին, որ դա ենթադրում է միայն կառուցվածքային փոփոխություն, ոչ ավելին, բայց ընդամենը 3 հաստիք կրճատեցին՝ 100 դոլար, դա՞ է իրենց շահածը, ամոթ էլ է խոսելը։ 15 տարվա գործունեությունից հետո թանգարանը փակելը շատ անհարգալից վերաբերմունք է Թամանյանի հիշատակին»,- ասում է նա ու հավելում, որ Ավստրալիայում իր երգչախումբն ուներ, որի հետ մի շարք համերգներ է իրականացրել ու ամբողջ հասույթն ուղարկել թանգարան, որպեսզի թանգարանն աշխատի, կարողանա շրջանակներ գնել։

Նա հիշում է՝ Թամանյանի թանգարանը 3 անգամ ցանկացել են փակել, նախ՝ 2004-ին, հետո՝ 2008-ին, այդ ժամանակ նույնիսկ Լոնդոնից թռչել-եկել է Հայաստան, 3-րդ անգամ արդեն 2016-ին էր, երբ թանգարանը միավորման անվան տակ փակվեց։ «Պարզ էր, որ դա ուղղակի առիթ էր, որպեսզի դահլիճը վերցնեն։ Թեպետ տարածքն այնքան էլ հարմար չէր թանգարանի համար, բայց տնօրենի ջանքերով նորմալ աշխատող թանգարան էր դարձել»։ Այդ ժամանակ է, որ Գագիկ Թամանյանը «Բռավո, մինիստր» վերնագրով նամակ է գրել Նարեկ Սարգսյանին. «Շնորհավորում եմ, Դուք հասաք Ձեր ուզածին եւ հետ վերցրիք Ձեր նախարարության բանկետի սրահը, խմեք այնտեղ շամպայն, բայց իմացեք, որ Ձեր այդ քայլով Դուք բազմապատկեցիք Ձեր հերոստրատյան հիշատակը»։ Այդ նամակը գրելուց հետո նա հանդիպում է Նարեկ Սարգսյանին, ով զրույցի ընթացքում խոստովանում է իր մեղքը։ «Ինձ ասաց՝ կներես, դա իմ ամենամեծ սխալն էր, ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի բացեմ նորից։ Ինձանից ներողություն խնդրեց, ես էլ իմ հերթին ներողություն խնդրեցի, որ իր դեմ նման հոդված եմ գրել, բայց արդյունքում խաբեց ինձ եւ 3 տարի ոչինչ չարեց»,- ասում է նա ու հավելում, որ այս անգամ գալով Հայաստան՝ նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նաեւ՝ Հայկ Մարությանին։

«Քաղաքապետարանից մեկը եկավ, հետս խոսեց, ասեց, որ կզեկուցեն Մարությանին, եւ եթե ուզենա, կհանդիպի ինձ, բայց ոչ մի հանդիպում էլ չեղավ։ Փաշինյանից եւ նրա տիկնոջից նույնպես ոչ մի արձագանք չեղավ»,- ասում է Գ․ Թամանյանը, ով իր նամակում Փաշինյանին խնդրել էր Թամանյանի թանգարանի վերաբացման կապակցությամբ կառավարության որոշում կայացնել։ 

Գ․ Թամանյանը հանդիպել է նաեւ քաղշինկոմիտեի նոր ղեկավարի՝ Վահագն Վերմիշյանի հետ, ում հետ շրջել է քաղաքում եւ փնտրել հարմար տարածքներ։ Ավելին՝ ճարտարապետ Կարեն Բալյանն էլ առաջարկել է, որ Բաղրամյանում գտնվող Ճարտարապետների միության տունը, որը ոչ մի ձեւով չի օգտագործվում, մի մասով հատկացվի Թամանյանի թանգարանին, որը հրաշալի լուծում կլինի․ «Մենք գնացինք միության նախագահ Մկրտիչ Մինասյանի մոտ, բայց նա միանգամից եւ կտրուկ ասաց՝ ոչ»։          

Ալ․ Թամանյանի թոռը 2 տարի առաջ մեծ դժվարությամբ ընդունելության է գնացել նաեւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ․ «Ինձ շատ լավ ընդունեց, Թամանյանի կիսանդրին սենյակում դրված էր, որն իր հայրն էր ինչ-որ ցուցահանդեսից բերել, բայց, փաստորեն, ինքն էլ ինձ խաբեց, որովհետեւ ասաց՝ դու ինձ բեր կառավարության որոշումը, ես ամեն ինչ կանեմ, բայց կառավարության որոշումն ինձանից կախված չէ, դա դուք պետք է անեք»։   

Ամիրյան փողոցում գտնվող Գիմնազիայի շենքը, որը տարիներ շարունակ փակի տակ է, ըստ նրա, հրաշալի թանգարան կարող է լինել։ «Պատրաստի թանգարան է, վերանորոգված, բայց պատկանում է Անգլիայում ապրող միլիոնատեր Վաչե Մանուկյանին, որն ամսի 7-ին գալիս է Հայաստան»,- ասում է  Գ․ Թամանյանն ու նկատում, որ արդեն ձեւավորել է գոյություն չունեցող թանգարանի հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահը կլինի Մարկ Գրիգորյանը, խորհրդի կազմում կլինեն Կարեն Բալյանը, Անուշ Տեր-Մինասյանը, Գագիկ Գինոսյանը, Հայկ Թամանյանը, Լեւոն Աբրահամյանը եւ ինքը։ Այդ խորհուրդը կհանդիպի Վաչե Մանուկյանին եւ կփորձի նրա հետ քննարկել Գիմնազիայի շենքը Թամանյանի թանգարանին տրամադրելու հարցը։ 

«Հայաստանում չեք գտնի որեւէ մեկին, որը չհասկանա, որ Թամանյանը պետք է թանգարան ունենա, եւ իր հսկայածավալ արխիվը պետք է իր թանգարանում պահվի, որովհետեւ անգին առարկաներ կան, որոնք արժե, որ ժողովուրդն էլ տեսնի։ Ես էլ ունեմ մեծ քանակի արխիվ, բայց Հայկի արխիվը շատ մեծ է՝ հազարավոր նմուշներ, ի՞նչ պետք է անենք դա։ Դրա համար ենք պնդում, որ այդպիսի թանգարանը չի կարող մաս կազմել ուրիշ թանգարանի»։ Նա ընդգծում է, որ վերամիավորելով այդ 2 թանգարանները՝ իշխանություններն այդպես կկարողանան Թամանյանին եւ նրա ճարտարապետությունն իրենց ուզած լույսի ներքո ներկայացնել․ «Իրենց շատ ձեռնտու է չունենալ Թամանյանի թանգարան, որովհետեւ ամեն անգամ պիտի ասեն՝ բա Թամանյանն ուրիշ ձեւ էր ասել»։ 

Նա հիշում է, որ դեռ 34թ․ կառավարության որոշումով Թամանյանի համար պետք է կառուցեին առանձնատուն, բայց նա հրաժարվեց՝ հորդորելով այդ գումարը դնել եւ Օպերայի կառուցումն ավարտին հասցնել, որովհետեւ գումարը չէր բավականացնում Օպերան կառուցելու համար․ «Նա ասեց՝ ինձ առանձնատուն մի սարքեք, Օպերան սարքեք։ Հիմա եթե նրան առանձնատուն սարքեին, ինչպես Սարյանին, Իսահակյանին, այդ հարցերը ոչ մի անգամ չէին բարձրանա, եւ ոչ ոք չէր էլ ուզի այն փակել։ Նա անգամ տուն չուներ Երեւանում, 2 սենյակի մեջ ապրում էին 3 քույրերը եւ իր ընտանիքը»։ Ավելին՝ ինչպես ընդգծում է նա, Թամանյանը ժամանակին թե՛ Օպերայի, թե՛ կառավարության տան համար ոչ մի «կոպեկ» չի ստացել պետությունից, պետությունը պարտք է մնացել Թամանյանին, եւ նրա անունով թանգարանի ստեղծումը կլինի ինչ-որ չափով հատուցում նրա անվան ու վաստակի առաջ։ 

«Անցյալ տարի կառավարական որոշում կար Թամանյանի 140-ամյակը տոնելու համար, ստեղծվել էր հանձնաժողով, բայց ոչ մի բան չարվեց, մոռացվեց-գնաց»,- ասում է Թամանյանի թոռն ու նկատում, որ Մոսկվայից պարբերաբար առաջարկներ են արվել ու արվում, որ Թամանյանի արխիվը տեղափոխեն այնտեղ, եւ իր անունով թանգարան բացվի, բայց ինքը չի համաձայնում, հույս ունի, որ նոր կառավարությունը քայլ կանի եւ Թամանյանի թանգարանի համար առանձին շենք կհատկացնի, որովհետեւ Թամանյանը համամարդկային արժեք է։