Ուշագրավ իրավիճակ

Ուշագրավ իրավիճակ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռոսմուսենը Վրաստանին առաջարկել է մտածել ալյանսյին առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անդամակցելու մասին: Վրաստանը, կարելի է ասել, հուսախաբության եւ վերագնահատումների ժամանակներ է ապրում: Քաղաքական հայտ է ներկայացրել եւս մեկ մուլտի-միլիարդատեր՝ Խազարաշվիլին, որ խոսում է Վրաստանը դեպի Արեւմուտք տանելու հեռանկարից եւ ներկայիս իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլիին մեղադրում անհետեւողականության մեջ: Գնալով ավելի հավակնոտ է դառնում «Վրաստանի հայրենասերների միություն» կուսակցությունը, որին վերագրում են վերջերս Բաթումիում ռուսամետ հանրահավաքների անցկացման նախաձեռնությունը: Այս համատեքստում Վրաստանին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի առաջարկությունը մի փոքր ցինիկ, բայց ավելի շատ ուշացած է թվում: Այստեղ, թերեւս, կարելի է տեսնել 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի արձագանքները: Չափազանց ուշագրավ է, որ Վրաստանին ՆԱՏՕ-ի անուղղակի առաջարկին գրեթե զուգահեռ՝ ՌԴ փոխվարչապետ Բորիսովը խոսել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդ կամ գործընկեր երկրի կարգավիճակ շնորհելու հնարավորությունից: Այդ մասին առաջին «ստուգողական կրակոցներն» անցյալ տարի հնչեցին Բաքվից՝ Միլլի մեջլիսի կոմիտեներից մեկի նախագահի մակարդակով, ապա հետեւեցին փորձագիտական թեր եւ դեմ կարծիքներ: Երեւում է, հարցը հիմնավորապես քննարկվել է ռուս-ադրբեջանական ամենատարբեր մակարդակի շփումներում, բայց ընդհանուր հայտարար, կարծես, չի ստացվել: Այս առումով բավական թափանցիկ ակնարկ օրերս արեց Regnum-ի՝ մերձավորարեւելյան եւ հարավկովկասյան հարցերով փորձագետ Տարասովը՝ նկատել տալով, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանին որեւէ կարգավիճակ տալու միջոցով Մոսկվան ձգտում է «այս անգամ Լեռնային Ղարաբաղին մոտենալ արդեն Ադրբեջանից»: Նախկինում Մոսկվան փորձե՞լ է Լեռնային Ղարաբաղին «մոտենալ» կամ, ավելի պարզ ասած՝ այնտեղ հաստատվել Հայաստանից: Նախաձեռնությունը Երեւանում աջակցություն չի՞ գտել եւ ներկայումս Ռուսաստանը մտադրվել է նպատակին հասնել Ադրբեջանի՞ միջոցով:

Ռուսաստանցի մեկնաբանին այսպե՞ս կարելի է կամ պետք է հասկանալ: Բայց որտեղի՞ց Մոսկվայում այն վստահությունը, թե Ադրբեջանը կհամաձայնի, որ Ռուսաստանն իր միջոցով «մոտենա Լեռնային Ղարաբաղին»: Կա՞ն այդ տեսակետն առաջ մղելու գոնե տեսական հիմքեր: Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի միջոցով «մոտենալու» հնարավորություն կարող է ստեղծել Թուրքիան: Ինչպես անցյալ դարի 20-ական թվականների սկզբին քեմալականները եղան Ադրբեջանի բոլշեւիկացման եւ այդ միջոցով ամբողջ Հարավային Կովկասում Ռուսաստանի վերահաստատման նախագծի փաստացի կնքահայրը, այսօր Էրդողանը կարող է Ադրբեջանին մղել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ: Փորձագետները կարծում են, որ աշխարհաքաղաքական այդ նախագծին սկզբունքորեն չի առարկի Իրանը: Ավելի վաղ ռուսաստանցի վերլուծաբանները շատ թափանցիկ ասում էին, որ Ռուսաստանը մտել է Սիրիա, որպեսզի պահպանի Հարավային Կովկասը: ՌԴ արտգործնախարար Լավրովն օրերս հայտարարեց, որ Սիրիայում պատերազմ ավարտվել է: Ներկայումս քննարկվում է երկրի պոստկոնֆլիկտային կառուցվածքի հարցը: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը միանշանակորեն դեմ են Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական պետական կազմավորման ստեղծմանը: Երեւում է, Միացյալ Նահանգները դադարել է հուսալ, որ Մերձավոր Արեւելքի՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված քաղաքական խճանկարը հնարավոր է վերաձեւել: Մերձավոր Արեւելքում նախակոնֆլիկտային ստատուս-քվոյի վերականգնման հարցում Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը դաշնակիցներ են: Հարավային Կովկասում նույն սցենարի խաղարկման հիմնական պատասխանատուն այսօր Ադրբեջանն է: Ո՞ր գծին կհետեւի Բաքուն՝ առանց Լեեռնային Ղարաբաղի եվրաատլանտյան ինտեգրմա՞ն, թե ՀԱՊԿ-ին դեպի Լեռնային Ղարաբաղ անցում տրամադրելու՞: Եկող տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Մուլտի-միլիարդատեր Խազարաշվիլիին կհաջողվի՞ եվրաատլանտյան ինտեգրման քաղաքական քարտ-բլանշ ստանալ: Ադրբեջանը կհաղթահարի՞ երկրի տարածքում օտար ռազմական ներկայությունը բացառող սահմանադրական արգելքը: Այս անորոշ իրավիճակում արտաքին ի՞նչ ազդակներ է ստանում Հայաստանը: 1920թ. գարնանը, երբ հստակվում էր դեպի Ադրբեջան բոլշեւիկյան ռազմերթի հավանականությունը, Կովկասում բրիտանական առաքելության ներկայացուցիչը Հայաստանին հորդորում էր հրաժարվել հարեւանների հետ սահմանային վեճերից, համադաշնություն կազմել Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ընդդեմ բոլշեւիկյան Ռուսաստանի: Նույն հորդորն, ամենայն հավանականությամբ, արվում էր նաեւ Վրաստանին եւ Ադրբեջանին: Այդ նախագիծը չաշխատեց, Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան հերթականությամբ, խորհրդայնացվեցին: Պոստխորհրդային գրեթե երեք տասնամյա ժամանակաշրջանում, կարծես, Արեւմուտքին դարձյալ չի հաջողվում ձեւավորել հավակովկասյան ընդհանուր պլատֆորմ՝ ընդդեմ Ռուսաստանի: Ռուսաստանին կհաջողվի՞ ստեղծել հարավկովկասյան ալյանս…