Միայն Փաշինյանը կարող է հաստատել՝ ապրե՞լ է այդ վիրավորանքը, թե՞ ոչ

Միայն Փաշինյանը կարող է հաստատել՝ ապրե՞լ է այդ վիրավորանքը, թե՞ ոչ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Ն․ Փաշինյանի գրքից վերցված մեկ բառանոց մեկնաբանությամբ եւ ՔՊ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։ Ադիբեկյանի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը զարմանք էր հայտնել, թե ինչու Ն․ Փաշինյանը տուժող չի ճանաչվել․ «Եթե քննիչը հանգել է հետեւության, որ իմ վստահորդ Ադիբեկյանն այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչո՞ւ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետեւության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչո՞ւ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։ Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է»։  

Նախօրեին Արմինե Ադիբեկյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու՝ արդյոք ի՞նքն է գրել, թե՞ ոչ։ «Ասել եմ, որ ես եմ գրել։ Հարցրել են՝ որտեղի՞ց եմ գրել, ասել եմ՝ մեր տնից, հետո միջնորդություն ենք ներկայացրել, որ անպայման Նիկոլ Փաշինյանը ներգրավվի քրեական գործի մեջ՝ որպես տուժող, որովհետեւ քրեական գործի նկարագրի մեջ գրված է, որ ինձ մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար, բայց թե ինչու Նիկոլ Փաշինյանը ներգրավված չէ որպես տուժող, անհասկանալի է։ Մենք պահանջեցինք, որ նրան եւս ներգրավեն այս գործի մեջ, որովհետեւ միայն նա կարող է հերքել կամ հաստատել՝ արդյոք ապրե՞լ է այդ վիրավորանքը, եւ նկարագրի վիրավորանքի ծանրությունը»,- ասում է Ադիբեկյանը։

Վերջին տարում Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից տարբեր մարդիկ տարբեր մեջբերումներ են արել, բայց, ի տարբերություն իրեն, մյուսներին մեղադրանք չեն առաջադրել․ սա անձնավորվա՞ծ մեղադրանք է, հնարավո՞ր է այսկերպ փորձ են անում իրեն լռեցնել։ «Այս հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ չգիտեմ։ Ես գիտեմ, որ այսօր արդեն հարյուրավոր մարդիկ այս հոդվածով ենթարկվել են քրեական հետապնդման, այդ գործերի մանրամասներին ես ծանոթ չեմ եւ չեմ կարող ասել, որ թիրախավորել են ինձ անձամբ։ Նրանք թիրախավորում են մարդկանց, ովքեր ունեն հնչեղություն, հնարավորություն՝ իրենց միտքը հասանելի դարձնել, որոնք ի վիճակի են հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, եւ հանրայնացնել այս հայատյաց ու հակապետական քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանն իր քայլող ոհմակի հետ միասին։ Եթե ես լինեի Պողոսյան Լիլիթ եւ անեի նույնը, հավանաբար, կրկին քրեական գործ կհարուցվեր»։

Ա․ Ադիբեկյանը չգիտի, թե ինչքան կձգվի այս գործը, որովհետեւ «Քննչական կոմիտեն կաշկանդված է օրենքով նախատեսված ժամկետներով, նա 2 ամսվա ընթացքում պետք է գործն ավարտի եւ փոխանցի դատարան կամ կարճի, ու գործը դատարան չհասնի, բայց եթե հասավ դատարան, դա մենք կիմանանք մարտի սկզբներին, դրանից հետո դատարանը կարող է այս դատավարությունը տարիներով շարունակել, ու ես բացարձակ պատկերացում չունեմ, թե դա ինչքան կձգձգվի։ Ուրիշ հարց, եթե դա շատ ձգձգվի, ես իմ անձնագիրը հետ կպահանջեմ, որովհետեւ չեմ կարող ոչ մի տեղ չգնալ, նստել երկրում, ինչ է թե Նիկոլ Փաշինյանը ծանր վիրավորանք է ապրել»։

Ձեր հրապարակած լուսանկարում միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ՔՊ ողջ վերնախավը, սակայն մեղադրանքը միայն Փաշինյանի մասով է, ինչո՞ւ։ «Այդ հարցի կապակցությամբ ես մի քանի վարկած ունեմ։ Տարբերակ 1․ գուցե հենց Նիկոլ Փաշինյանը չի գրել բողոքը, այլ այդ լուսանկարում պատկերված մեկ ուրիշը, բայց մտածել է, որ ծանր հնչեղություն կապահովի, եւ իմ մեղքի բեռն ավելի կծանրանա, եթե դա լինի, պայմանականորեն, ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար մատնանշել է Նիկոլ Փաշինյանին։ Սա իմ առաջին վարկածն է, որովհետեւ այդ հոդվածով անպայման պետք է լինի բողոք, եթե չկա բողոքող կողմ, քրեական գործ չի հարուցվում, եւ բողոքողը որպես տուժող նշել է Նիկոլ Փաշինյանին ու քանի որ չի կարդացել Փաշինյանի գիրքը, ապա չի իմացել, որ սա ցիտատ է, եւ գցել է Փաշինյանին շատ անհարմար վիճակի մեջ։ Ու Փաշինյանը ստիպված է լինելու գա ու պատմի իր ապրած տառապանքների մասին։ 2-րդ վարկածն այն է, որ այդ գիրքը Նիկոլ Փաշինյանը չի գրել, այսինքն՝ ինչ-որ մեկը նստել գրել է եւ Փաշինյանի անվան տակ տպագրել է, նա էլ չի կարդացել իրեն վերագրվող գիրքը եւ տեղյակ չի, որ դա ցիտատ է իր անվան տակ տպագրված գրքից, եւ նա է բողոքը գրել՝ չիմանալով, որ սա ցիտատ է իր սեփական գրքից։ Եվ 3-րդ՝ երեւի մտածել են, որ եթե ես Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու համար դատապարտվեմ, լրիվ հերիք է… ուրիշ բացատրություն չունեմ, այս տարբերակներից մեկը պետք է լինի»,- հավելեց Ադիբեկյանը։