Ինձ չտեսա փոփոխված ստրուկտուրայում 

Ինձ չտեսա փոփոխված ստրուկտուրայում 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին հրաման է ստորագրել՝ աշխատանքից ազատելով տարածքային կառավարման նախարարության գլխավոր քարտուղարին՝ ֆիզիկոս, գիտությունների թեկնածու, դաշնակցական (եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ) Մասիս Բաղդասարյանին։ Նա մեզ հետ զրույցում լակոնիկ էր, ասաց՝ «ազատվել եմ օրենքով սահմանված կարգով»։ Ապա պարզաբանեց․ «Հսկայական կառուցվածքային փոփոխություններ էին եղել նախարարությունում, արդյունքում լրիվ ուրիշ ստրուկտուրա եղավ, ինձ առաջարկվեց այլ պաշտոն, եւ այդ ստրուկտուրայում ես ինձ չտեսա»։ Հարցին, թե դժգո՞հ էին իրենից, պատասխանեց․ «Հատուկ դժգոհություն չեմ լսել»։ Գուցե փոխարինող մա՞րդ ունեին աչքի առաջ։

Մասիս Բաղդասարյանն ասաց․ «Չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվում»։ Ավելին՝ ասաց, որ 20 տարի է՝ պետական կառավարման համակարգում է, ուզում է մի քիչ հանգստանալ, ուստի չի համաձայնել աշխատանքային առաջարկին, որը, անշուշտ, զիջել է նախկին կարգավիճակին։ Նրան ուղարկել են կադրերի ռեզերվ։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ վերջին մեկ տարվա ընթացքում տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հետեւողականորեն փորձել է ազատվել Մասիս Բաղդասարյանից, ով ամենափորձառու չինովնիկներից է, աշխատակազմի երկարամյա ղեկավար է աշխատել քաղաքաշինության նախարարությունում, ճարտարապետության պետական կոմիտեում, ապա՝ ՏԿՆ-ում։