Ռուսաստանի տնտեսությունը դժվարություններ կունենա, բայց դժվար է ասել, թե ծնկի կգա

Ռուսաստանի տնտեսությունը դժվարություններ կունենա, բայց դժվար է ասել, թե ծնկի կգա

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհը՝ Ամերիկա, Եվրոպա, Հեռավոր Արեւելքի որոշ երկրներ, սկսել են լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Դրանք հիմնականում տնտեսական սանկցիաներ են՝ զրկել միջազգային ֆինանսական համակարգերից, դադարեցնել եվրոպական մատակարարումները, անջատել ռուսական բանկերը միջազգային SWIFT համակարգից, հրաժարվել ռուսական ռուբլիով գործարքներից, արգելափակել ռուսաստանյան ակտիվները եվրոպական բանկերում եւ այլն։ Այս ամենից, բնականաբար, տուժելու է ոչ միայն հզոր տնտեսություն ունեցող Ռուսաստանը, այլեւ այդ տնտեսությունից կախում ունեցող Հայաստանը։ Միայն ռուբլու կուրսի կտրուկ անկումն իր բացասական հետեւանքն է թողնել ՀՀ քաղաքացիների եւ բիզնես միջավայրի վրա։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով թեմային, նկատեց՝ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ սանկցիաների կիրառումը նոր երեւույթ չէ, դեռ 2014-ից է կիրառվել, իհարկե, ոչ այս ծավալով։ «Ճիշտ է, դա բերեց բավականին լուրջ հետեւանքների, բայց լավն այն էր, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը շատ խոհեմ գտնվեց, թույլ տվեց, որպեսզի փոխարժեքն արժեզրկվի, եւ դա տնտեսությունն ահագին կարգաբերեց, հակառակ դեպքում խորը ճգնաժամն անխուսափելի էր, եթե հանկարծ ԿԲ-ն փորձեր ֆիքսել ռուբլու կուրսը։ Արժեզրկման հետեւանքով ունեցան մրցունակություն, կարողացան հաշվեկշռվածություն ապահովել, եւ էդ գործիքը՝ առեւտրային հոսքերի, ապրանքների նկատմամբ սահմանափակումները, կարծես հիմա արդեն անիմաստ է։ Դրա համար եվրաատլանտիկ բլոկը հիմա քննարկում է ֆինանսական շուկաների եւ հոսքերի նկատմամբ սանկցիաների կամ սահմանափակումների տարբերակը»։ Վարդան Արամյանը նկատեց նաեւ, որ 2014-ից հետո ՌԴ-ի քաղաքականությունը մշակողները հաշվարկել են այս ամենը եւ դրա դեմ ինչ-որ տարբերակներ են մտածել։

- Իսկ ի՞նչ կարող է անել եվրաատլանտիկ բլոկը։

- Առաջինը արեց այն, ինչի մասին Միացյալ Նահանգներն արդեն պետքարտուղարության մակարդակով օրեր առաջ խոսել էր՝ 750 մլրդ ակտիվների սառեցման մասով։ Դա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է պետական մասնակցությամբ ռուսական բանկերին, որոնց մեջ են ՎՏԲ բանկը, Սբերբանկը։ Իսկ դա նշանակում է, որ այդ բանկերը չեն կարողանալու հաշիվներում ունեցած միջոցներն օգտագործել։ Սովորաբար, նմանատիպ սանկցիաների կիրառման առաջին քայլը լինում է շուկաների էմոցիոնալ դրսեւորումը։ Հետո, երբ փաստացի կիրառվում է, նոր գալիս են ֆունդամենտալ գործոնները։ Այսինքն՝ առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք, որ ռուսական ռուբլին կարժեզրկվի։ Հիմա հարց՝ արդյոք Ռուսաստանն այս իրավիճակը չի՞ կանխատեսել։ Ես կարծում եմ՝ մարդ պետք է տգետ լինի, որպեսզի դա չկանխատեսի։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի կառավարությունում չկան իմաստուն գլուխներ, որոնք դեռեւս 2014-ից այս կողմ սցենարներ չեն մշակել կամ իրենց տնտեսական կառուցվածքը չեն վերաուղղել չինական շուկա։

- Ի դեպ, խոսվում է նաեւ SWIFT համակարգից ռուսական բանկերն անջատելու մասին։ Ի՞նչ հետեւանքներ կառաջացնի դա։

- SWIFT-ը միջազգային փոխանցումների եւ քլիրինգային համակարգերին օժանդակող տեղեկատվության փոխանակման համակարգ է, որին միացված են ավելի քան 11 հազար ֆինանսական կազմակերպություններ՝ աշխարհի մակարդակով, եւ որը թույլ է տալիս, որպեսզի երկրների միջեւ, օրինակ, առեւտրային հոսքերի ֆինանսավորման համար կատարվող վճարումներն արագ մաքրվեն՝ clearing արվի, այդ վճարումների մասին արագ, ապահով եւ կոդավորված տեղեկատվության փոխանակում ապահովելով։ Որքանով տեղյակ եմ՝ դրա կրկնօրինակը ՌԴ-ն փորձել է ստեղծել 2014-ից հետո, որը կոչվում է Система передачи финансовых сообщений (СПФС), որը, սակայն, լայն կիրառում չունի դեռեւս ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների միջեւ փոխանցումների սպասարկման տեսանկյունից։ Երեւի ՌԴ-ն ավելի կագրեսիվացնի իր քաղաքականությունը նշյալ համակարգին տարածաշրջանի այլ բանկերի միացման հարցում։ Ինչ վերաբերում է արտաքին առեւտրում կատարվող վճարումների փոխադարձ հաշվարկների իրականացմանը, որը կարող է առաջանալ եվրաատլանտիկ բլոկի կողմից ռուսական բանկերի ակտիվների սառեցման եւ հետագայում էլ ավելի խորը ֆինանսական գործարքների սահմանափակումների հետեւանքով, ապա այստեղ եւս կա փոխարինելի լուծում․ այդպիսի համակարգի փոխանորդ ժամանակին Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ ուներ, եւ այսօր էլ այն առկա է, օրինակ՝ Մեժգոսբանկը, որտեղ ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերն ունեն թղթակցային հաշիվներ։ Ամեն դեպքում, պետք է փաստել, որ սրանք բոլորը հնարավոր փոխարինումներ են, որոնք ամբողջությամբ չեն կարողանալու այս փուլում փոխհատուցել վերոնշյալ սահմանափակումների բացասական հետեւանքները ՌԴ տնտեսության վրա։

- Իսկ որո՞նք են դրանց հակակշռող քայլերը, եւ ունի՞ Ռուսաստանը նման հակաքայլեր։

- Կարծում եմ՝ Ռուսաստանն ունի որոշակի գործիքակազմ իր արսենալում։ Ո՞րն է Ռուսաստանի տնտեսության հիմնական ուժեղ կողմը եղել այսքան ժամանակ՝ էներգակիրների շուկան։ Օրինակ՝ եվրոպական գազի մատակարարման շուրջ 41 տոկոսը պատկանում է Ռուսաստանին։ Իհարկե, եվրոպացիների համար լավ լուրն այն է, որ հիմա գնում է եղանակը դեպի տաքացման, եւ գազի նկատմամբ պահանջը նվազում է, իսկ վատ լուրն այն է, որ, ամեն դեպքում, 41 տոկոսը լուրջ կշիռ է։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն հայտարարեց, որ կմեծացնի նավթի արտահանումը, բայց Ռուսաստանը գազի եւ նավթի շուկայում խոշոր խաղացող է եւ կարող է այնտեղ խնդիրներ ստեղծել։ Սա էական է լինելու Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար, եւ կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչքան երկար այս մարտը կշարունակվի տնտեսական հարթությունում։

- Այսօր ռուբլին մեծ տեմպերով արժեզրկվում է, սա մեր տնտեսության վրա ինչպե՞ս կանդրադառնա։

- Պարզ է, որ վտանգ կար, եւ հիմքերը կային, որ ռուսական ռուբլին արժեզրկվելու է։ Իհարկե, արժեզրկման չափը եւ հեռավորությունը կախված է նրանից, թե ինչ քայլերի հաջորդականությամբ, ինչ խորությամբ եւ ինչ ժամանակային հորիզոնում այդ սանկցիաները կկիրառվեն։ Բայց որ արժեզրկվելու էր, միանշանակ է։ Դա նշանակում է, որ հայկական դրամն արժեւորվելու է ռուսական ռուբլու նկատմամբ։ Նույնիսկ եթե մտածենք, որ մեր արտահանողները ռուսական շուկայում ապրանք մատակարարում են դոլարով, ամեն դեպքում, մեր ապրանքը վաճառվում է ռուբլով։ Իսկ դա նշանակում է, որ մեր ապրանքները թանկանալու են ռուսական շուկայում, իսկ դա բերելու է պահանջարկի նվազման։ Երկրորդ գործոնը՝ փոխանցման ուղին, դա, ինչպես ասացի, պահանջարկն է։ Քանի որ ռուսական տնտեսությունում թուլություններ են նկատվելու, դա ազդելու է սպառվող ապրանքների պահանջարկի վրա։

- Արեւմուտքը պատժամիջոցներով կկարողանա՞ Ռուսաստանին ծնկի բերել։

- Նախ պետք է ձեւակերպենք՝ ինչ ենք հասկանում ծնկի բերել ասելով, որովհետեւ մենք ունենք նմանատիպ օրինակ Իրանի մասով․ արդյոք Իրանի տնտեսությունը ծնկի եկա՞վ 2004 թվից այս կողմ կիրառվող սանկցիաների համատեքստում։ Մի որոշ ժամանակ նա ունեցավ բավականին լուրջ դժվարություններ, բայց նրանք եւս խելոք գտնվեցին, թույլ տվեցին, որ իրանական արժույթն արժեզրկվի, երկրորդը՝ սկսեցին ավելի մեծ ներդրումներ եւ գիտական ուժ օգտագործել, որպեսզի իրենք արտադրեն այն ապրանքները, որոնք ժամանակին ներմուծում էին։ Եվ այդ սանկցիաների պայմաններում Իրանը, իհարկե, դժվարություններ ունեցավ, խնդիրներ ունեցավ, բայց  ծնկի չեկավ։ Դրա համար ռուսական արժույթն արժեզրկվելու է՝ այո, Ռուսաստանի տնտեսությունը դժվարություններ է ունենալու՝ այո, բայց որ Ռուսաստանը ծնկի է գալու, կամ տնտեսությունը փլուզվելու է ամբողջովին, դժվարանում եմ վստահ ասել, որ այդպես լինելու է։