Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի գործում պատասխանատվություն ունեն

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի գործում պատասխանատվություն ունեն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է․ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հարցը ֆրակցիայում չի քննարկվել, բայց մասնավոր զրույցներից ինքը տպավորություն ունի, որ մեծ մասը կողմ է վերաբացմանը։ Այդ դեպքում ինչո՞ւ են իշխանականներն այս գործի հետ կապված նախաձեռնողականությունը «զիջել» Արման Բաբաջանյանին ու հավատում են նրա վերջին հայտարարություններին, արդյոք Բաբաջանյանին այդ առաքելությամբ գործուղել է հենց իշխանությո՞ւնը․ այս եւ այլ հարցերի պատասխանեց Կարեն Սարուխանյանը։ 

- Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատ արձակվելու դիմումից անմիջապես հետո ակտիվ գործընթացներ ծավալվեցին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է հատկապես շատ ակտիվ։ Իշխանական ֆրակցիայում քննարկե՞լ եք հարցը, գործը վերաբացելու անհրաժեշտություն կա՞։

- Ես խմբակցության վերջին նիստին չեմ մասնակցել, բայց քիչ առաջ տեսա, որ արդարադատության նախարարությունը մերժել է դիմումը։ Ինչ վերաբերում է գործի վերաբացմանը, ապա՝ այո, միանշանակ գործի վերաբացման անհրաժեշտություն եմ տեսնում։ Համենայնդեպս, հանրության պահանջը կա, մինչեւ հեղափոխությունը եւ հիմա էլ մարդիկ, շատերը բավարարված չեն Նաիրի Հունանյանով եւ միայն այն մարդկանցով, որոնք այսօր դատապարտված են։ Ուստի վերաբացման կարիք ունի, որպեսզի հանրությունն իմանա, թե իրականում ինչ է եղել, ինչ կատարվեց մեր երկրի հետ, որը երկար տարիներ է անցել, բայց մեջքը նոր փորձում ենք ուղղել։

- Իսկ փաստական նոր հանգամանքներ կա՞ն, թե՞ նոր ցուցմունքների հիման վրա պետք է գործը վերաբացել։

- Ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել։

- Նաիրի Հունանյանի ցուցմունքները 20 տարի անց կարելի՞ է արժանահավատ համարել, պաշտոնապես հայտարարվեց, որ նա մոտ տասը տարի է՝ հոգեմետ դեղեր է խմում։

- Ես անձամբ չեմ տեսել, չեմ շփվել Նաիրի Հունանյանի հետ, բայց հավատում եմ Արման Բաբաջանյանին, ով հանդիպել է նրա հետ ու հայտարարեց, որ բավականին ադեկվատ վիճակում է գտնվում  Հունանյանը։ Ինչու ոչ՝ կարող է ադեկվատ վիճակում լինել։ Ես Բաբաջանյանին չհավատալու հիմք չունեմ։

- Իսկ ինչո՞ւ է Արման Բաբաջանյանն այս գործով ակտիվ նախաձեռնություն դրսեւորում եւ ոչ թե դուք՝ իշխանություն կրողներդ։ Միգուցե Բաբաջանյանի գործողությունները իշխանության հետ ուղիղ առնչություն ունեն, դրա համար էլ հավատում եք իրեն։

- Չեմ կարծում․․․ վստահ եմ, որ նման բան չի կարող լինել, Բաբաջանյանը կապ չունի իշխանության հետ։ Այս գործի բացահայտմամբ բոլորն են շահագրգռված՝ իշխանությունները, ժողովուրդը։
Իմ կարծիքով՝ հետագայում  գուցե դա էլ լինի, որ մենք հանդիպենք, ուղղակի այս պահին չի եղել, բայց շահագրգռվածություն, միանշանակ, կա գործի լիարժեք բացահայտման համար։ Այնպես որ՝ այս ամենը թողնենք ժամանակին։

- Ձեր կարծիքով՝ Նաիրի Հունանյանն ի՞նչ չի ասել քսան տարի առաջ, որ հիմա պիտի բացահայտի։

- Դե, հեղափոխություն է եղել, շատ բաներ են փոխվել, եւ այո, հիմա լավագույն պահն է, եթե իրականում չբացահայտված հանգամանքներ կան, ժողովուրդն իմանա՝ իրականում ի՞նչ է կատարվել։ Իմ կարծիքով՝ այն մարդկանց քանակը, այն մարդիկ, ովքեր կապվում են «27»-ի գործի հետ, դրանով սահմանափակված չեն, այսինքն՝ էլի մարդիկ պիտի լինեն անպայման։

- Դուք է՞լ եք կարծում, որ այդ ժամանակվա իշխանությունն է եղել Հոկտեմբերի 27-ի շահառուն։

- Ես չեմ կարող որակել «պատվիրատու» կամ «շահառու», բայց այն ժամանակվա անվտանգության ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, պետության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար՝ այդ մասով պատասխանատվություն միանշանակ ունեն։

- Արման Բաբաջանյանի վարկածով՝ Վազգեն Մանուկյանն ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի գործողությունների վրա, այդ հիմքով նախօրեին պատգամավորը միջնորդել է Փաշինյանին Հանրային խորհրդի պաշտոնից Վազգեն Մանուկյանին ազատելու հարցով։ Սրան է՞լ եք հավատում։

- Ես Արման Բաբաջանյանին չհավատալու որեւէ հիմքեր չունեմ, եթե նման բան կա, դիմել է վարչապետին, ապա, խնդրեմ՝ համապատասխան ընթացք թող տրվի։ Թե ինչ է քննարկվել  Հունանյանի հետ, ես չեմ կարող ասել, բայց Բաբաջանյանին չհավատալու հիմքեր չունեմ։

- Իսկ հավատալու հիմքեր ունե՞ք։

- Ես ոչ թե հավատում եմ, այլ ասում եմ՝ չհավատալու հիմքեր չունեմ, դրանք տարբեր բաներ են։ Այո, հավատալու հիմքեր ունեմ, որովհետեւ, որպես պատգամավոր, ինչքան շփվել ենք, ինքը չհավատալու հիմքեր չի ստեղծել։

- Երբ իշխանությունը մերժեց Հունանյանի վաղաժամ ազատ արձակվելու դիմումը, կարծում եք՝ հնարավոր կլինի՞ ցանկալի ցուցմունք կորզել նրանից։

- Դրանք պետք չէ կապել իրար հետ ու ասել, թե ցանկալի ցուցմունք․․․ գործը վերաբացվելու համար փաստական նոր հանգամանքներ պետք է առաջ գան։