Պոլ Վալերի. Պատմություն

Պոլ Վալերի. Պատմություն

Պատմության մեջ այն կերպարները, որոնք իրենց գլուխները չեն կորցրել, եւ նրանք, որոնք գլուխ չեն թռցրել, հետակորույս չքացել են։

Պետք է լինել կա՛մ զոհ, կա՛մ դահիճ, կա՛մ աննշանակ մեկը։ 

Եթե Ռիշելյոն չօգտագործեր կացինը, իսկ Ռոբեսպիերը՝ գիլյոտինը, առաջինը կլիներ նվազ նշանակալից, իսկ երկրորդը՝ ընդհանրապես մոռացված։ Սա մի հոռի օրինակ է։

Քրիստոսի չարչարանքները հսկայածավալ ալիքի սկիզբն էին եւ ավելի շատ արարածների վրա ազդող, քան բոլոր հրաշագործությունները. նրա մահն ավելի զգայելի էր մարդկանց համար, քան նրա հարությունը:

Պատմական հիշողությունը ենթարկվում է թատրոնի օրենքներին։ Տղամարդը սիրում է դրամա, իսկ դրաման դրամա է առաջ բերում:

Պատմությունը նաիվ տեսակի գրականություն է, նույնապես խառը, ինչպիսին երեւակայությունն է իր նորածին վիճակում՝ իր ամենից «պարզունակ» ձեւի մեջ։ Դրա մեջ համոզվելու համար բավական է փորձել որեւէ «պատմական» տվյալ ներկայացնել ծայրահեղ ճշգրտությամբ։ Այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ դեր են խաղում մեր կամայականությունը, դյուրազգայնությունը եւ մեր գիտելիքներն այս բանսարկության միջոցին։

Մյուս կողմից, եթե պատմության ընթերցումից հեռացնենք մեր հավատն անցյալի պատկերման արժեքի հանդեպ, այդ ներկայացումը (représentation) կվերածվի ընդամենը մի համակցության՝ ի շարս հնարավոր այլ տարբերակների։ Միայն ինձնից է կախված՝ Շամիրամի՞ն (1) պատմական կերպար կդարձնեմ, թե՞ Մսյո դը Մարսեին։

Դիպվածները խաղում են մեր մտքերի հետ, ինչպես կատուն՝ մկան։ Դրանք բոլորովին այլ բաներ են, քան մտքերը։ Եվ երբ թվում է, թե դրանք կատարում են մեր կանխատեսությունները, այսուհանդերձ, դրանք տարբեր են։ Կանխատեսությունը երազ է, որից պատահականությունը մեզ արթնացնում է։

Ի վերջո, ամեն ինչ հանգում է, եթե կուզեք, սեղանի մի անկյան, պատի մի հատվածի, մեր ձեռքը կամ երկնքի մի կտոր դիտարկելուն։

Մարդը, ներկա լինելով աշխարհի ամենամեծ տեսարանի՝ X ճակատամարտի կամ Հարության վկան, կարող է ցանկացած պահի նայել իր եղունգներին կամ նկատել, որ իր ոտքերի մոտ ընկած քարն այսինչ կամ այնինչ ձեւի եւ գույնի է։

Նա վերացնում է «ազդեցությունները», փոքրացնում է դաշտը եւ սահմանափակվում միայն այն բանով, որն իսկապես տեսնում է։

Այսպիսով, նա մեկուսանում է Իրականության հետ։

Ի՞նչ ես տեսնում։ - Կեսա՞ր… Ո՛չ։ Ես տեսնում եմ մի փոքրիկ ճաղատ գանգ եւ անհանգստանում եմ ինձ շրջապատող ամբոխի ճնշումից ու դրա հոտից, որն ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում։

Մահը կերպարն ամրակայում (fixer) է այնպես, ինչպես քիմիական լուծույթով լոգանքը՝ լուսանկարը։

Պատմական կերպարը պարզապես ամրակայման արդյունք է՝ տվյալ պահի ու դրության մեջ։

Ես բավականին մտերմիկ զրույցներ եմ ունեցել այն մարդկանց հետ, որոնք տնօրինել են միլիոնավոր մարդկանց կյանքը՝ վտանգելով իրենց նմանների բազմություններ մահվան առաջ։ Զրուցելով եւ մտածելով նրանց հետ՝ փորձել եմ պատկերացնել նրանց ներքին բնույթը, զգայականությունը, բանականությունը եւ այդ երկու ուժային համակարգերի փոխհարաբերությունը։ Ես չկարողացա ստեղծանել ինձ գոհացնող մի պատկեր։ Ի՞նչ կուզեի։ Ուզում էի պատկերացնել նրանց այն պահին, երբ միայնակ էին իրենք իրենց առջեւ։ Դրանք շատ պարզ մարդիկ էին, որոնց հետ զրուցելիս միշտ մտածում էի, որ նրանք ենթարկվել են խիստ լարված նյարդային եւ մտավոր դժվարությունների՝ ծանրագույն իրավիճակների ու ծայրահեղ բարդության խնդիրների պատճառով։

1. Ի թիվս մի շարք գրողների (Դանտե Ալիգիերի, «Աստվածային կատակերգություն», Վոլտեր, «Հարցեր հանրագիտարանների վերաբերությամբ», Ֆոլքներ, «Քաղաքը»), նկարիչների (Էդգար Դեգա, «Շամիրամը կառուցում է Բաբելոնը», Ռընե-Անտուան Հուաս, «Նաբուգուդոնոսորը, Շամիրամը եւ Բաբելոնի այգիները», Ֆրանչեսկո Գվերչինո, «Բաբելոնի Շամիրամը», «Շամիրամը ստանում է Բաբելոնի ապստամբության լուրը»), երաժիշտների (Յոհան Ադոլֆ Հասսե, «Semiramide riconosciuta, dramma per musica», Ջոակինո Ռոսսինի, «Շամիրամ», Ջակոմո Մեյերբեր, Semiramide riconosciuta), Վալերին եւս, ըստ էության, խորապես հետաքրքրված է եղել Շամիրամի կերպարով․ նա գրել է «Շամիրամի արիան» վերնագրով մի բանաստեղծություն եւ ներառել այն «Հնօրյա բանաստեղծությունների ալբոմ» ժողովածուի մեջ (1920 թ.), իսկ նրա «Շամիրամ» թատերախաղը ներկայացվել է 1934 թվականին՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Արթյուր Հոնեգերի երաժշտությամբ:
Անրի դը Մարսեն Օնորե դը Բալզակի «Մարդկային կատակերգության» («La Comédie humaine») կերպարներից է՝ Լորդ Դադլիի որդին։ Առաջին անգամ ի հայտ է գալիս «Լանժեյի դքսուհին» նովելում։ Բալզակի ստեղծագործություններում Մարսեն ներկայացվում է իբրեւ հմայիչ, խելացի եւ ազդեցիկ դենդի։ 

Ֆրանսերենից թարգմանությունը` Սահակ Գալոյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ