Միակ ուրախալի լուրը

Միակ ուրախալի լուրը

Զանգեցի Սոս գյուղում(Արցախ, Մարտունու շրջան) ապրող եղբորս՝ իմանալու որպիսությունն ու տեղական տրամադրությունները: «Լոխ լյավ ա»՝ միանգամից ամփոփեց եղբայրս: Արցախցիներիս համար կարճ օրհներգի պես հնչող այդ դարձվածքը միշտ էլ հուսադրող տոնայնությամբ է հնչում՝ անկախ տեղից ու ժամանակից: Բայց պատասխանը ինձ լիովին չգոհացրեց, էդ ,,լոխ լյավա,,-ն հավաստող թեկուզեւ մեկ-երկու փաստի կարիք ունեի: Այն ստացա ինքնաբերաբար: Հեռախոսում տղամարդկանց առույգ, ձայներ էին լսվում: «Որտե՞ղ ես»՝ հարցրի եղբորս: «Ամարասում ենք, տղերքով եկել ենք մի կտոր հաց ուտելու: Էսա՝ պիտի նստենք»: 

Ամարասի հովիտը՝ իր հնադարյան վանքով, այժմ այնքան էլ անվտանգ չէ, մոտակա բարձր բլուրներից մեկին դիրքավորվել են թուրքերը, եւ եթե լկտիանալ կամենան՝ կարող են կրակի տակ առնել տեղանքը: Բայց մեր հայրենակիցները էդ հանգամանքը բանի տեղ չեն դնում, շարունակում են Աստծո եւ հոգու կանչով այցելել իրենց սիրելի սրբավայրը, նրանց ետ չի պահում շրջափակումային ճնշող իրավիճակը:
Այ, էդ կարգի տեղեկություն էի ուզում լսել, ինչը եւ մատուցվեց ակամա: Եղբորս փոխանցած «լոխ լյավա»-ն արդեն համոզիչ էր հնչում ականջիս: Միակ ուրախալի լուրը վերջին քառասուն օրվա ընթացքում:

Հրանտ Ալեքսանյան