«Հրապարակ». Դատավորը հաղթել է ԲԴԽ-ին, Կարեն Անդրեասյանի որոշումը կչեղարկվի

«Հրապարակ». Դատավորը հաղթել է ԲԴԽ-ին, Կարեն Անդրեասյանի որոշումը կչեղարկվի

Մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, վարույթ էր հարուցել եւ դադարեցրել դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները։ Այդ որոշումը ԲԴԽ-ն պատճառաբանել էր նրանով, թե դատավորը բազմաթիվ դատական գործերով խախտել է դատական ակտերի հրապարակման եւ այդ ակտերը կողմերին տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետները։ Դատական համակարգում, սակայն, այլ կարծիքի էին` Ստեփանյանի լիազորությունների դադարեցման որոշումը մեկնաբանում էին որպես նրանից ազատվելու քայլ, քանի որ նա «հարուստ գիտելիքներով, անկախ որոշումներ կայացնող» դատավորի համբավ ուներ, ինչը ձեռնտու չէ ԲԴԽ-ին ու ՀՀ քաղաքական իշխանությանը։ Դատավորի լիազորությունները դադարեցվելուց հետո աղմուկ էր բարձրացել, եւ սոցիալական ցանցերում բազմաթիվ փաստաբաններ ԲԴԽ-ի որոշումն անվանում էին խայտառակություն։
Դատավորը, որի լիազորությունները դադարեցվել էին, պարզվում է, անցած մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարել՝ արդարությունը վերականգնելու համար: Դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան, Եվրոպական դատարան։ Եվ, ահա, օրերս ՍԴ-ն որոշում է կայացրել՝ որոշ կետերով հօգուտ Ստեփանյանի։

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց ՍԴ որոշումը․ «Մենք բազմաթիվ դրույթների հակասահմանադրականության խնդիր էինք դրել, մի մասով կարճել է, այստեղ կան հատվածներ, որ ես մասնագիտորեն անհամաձայնություն ունեմ, բայց, բոլոր դեպքերում, մենք դրական ենք գնահատում։ Այն մասը, որը հակասահմանադրական է ճանաչել, վերաբերում է կարգապահական պատասխանատվության, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ձայներին, ԲԴԽ-ում ձայների հաշվարկին։ Ինչպես գիտեք, Դատական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որի արդյունքում ԲԴԽ ընդհանուր թվի կեսից ավելին փոխարինվել էր 5 ձայնով, որով հնարավոր էր դատավորների լիազորությունները դադարեցնել։ Սա նաեւ անկախության հետ կապված հարցեր էր առաջ բերում՝ հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն կազմված է դատավոր եւ ոչ դատավոր անդամներից (գիտնական)։ Այս պարիտետի սահմանումն էլ նպատակ ուներ մի կողմից կանխել կորպորատիվիզմն ու մյուս կողմից` դատավորներին չենթարկել ոչ դատավոր անդամների ազդեցությանը։ Սա հատկապես հիմա վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ գիտնական անդամները նշանակվում են Ազգային ժողովի կողմից: Մենք իսկապես որակի խնդիրներ ենք դիտարկում, որոշումներով անտեսվում է պառլամենտական ընդդիմության դերը, ինչը նշանակում է, որ այդ անդամները ոչ թե օրենսդիր մարմնի, այլ քաղաքական ուժի կողմից ընտրված անդամներ են եւ ենթարկվում են քաղաքական ազդեցություններին։ Այս պայմաններում, Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցման որոշումն ընդունվել էր 5 ձայնով։ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ նորմը, ժամկետ է տրամադրել՝ համապատասխանեցման համար, եւ այսուհետ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար կպահանջվի ոչ թե 5, այլ՝ 6 ձայն, ինչը, կարծում ենք, դատավորների անկախությանը նպաստող կարեւոր գործոն է»։

Փաստաբանի խոսքով՝ քանի որ Արթուր Ստեփանյանի նկատմամբ հակասահմանադրական նորմ է կիրառվել, ԲԴԽ որոշումը պետք է վերանայվի, այն գոյություն ունենալ չի կարող․ «Տրամաբանական լուծումը դատավորի կարգավիճակի վերականգնումն է, կան այլ հարցեր, որոնք ներկայացված են ՄԻԵԴ-ում։ Մենք ակնկալում ենք, որ մյուս հարցերին լուծում ենք ստանալու ՄԻԵԴ որոշումով։ Մենք դիմելու ենք վերանայման նպատակով, մեզնից կախված գործողություններն իրականացվելու են»։
Կարեն Անդրեասյանի ձեռքով` Նիկոլ Փաշինյանը մեծ խումբ փորձառու դատավորներից է ազատվել, նրանք արդեն հերթով հաղթում են, մեկը` ՍԴ-ում, մյուսը` ՄԻԵԴ-ում, եւ որոշ ժամանակ անց նաեւ կսկսեն վերականգնվել իրենց պաշտոններում: Ժամանակին իշխանություններին զգուշացնում էին, որ չգնան նման ապօրինությունների եւ չփորձեն հպատակեցնել դատական համակարգը` այն համալրելով կամակատարներով եւ հին դատավորներին ազատելով, որովհետեւ գալու է նաեւ այս օրը` նրանք վերականգնվելու են ու չաշխատած տարիների աշխատավարձն էլ ստանալու են պետբյուջեից: