Ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը տնտեսական հեղափոխությունը

Ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը տնտեսական հեղափոխությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից, որն այսօր մասնակցում էր «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի մեկնարկին, Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների՝ երկրի ժողովրդավարացմանն ուղղված քայլերը, մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, պայքար է իրականացվում կոռուպցիայի դեմ։

Դեսպան Լին Թրեյսին, սակայն, շրջանցեց մեր հարցը եւ տվեց բոլորովին այլ պատասխան։
«Այսօր ես ուզում եմ մեր ուշադրությունը բեւեռել այդ ծրագրի վրա, որը մեկնարկել է, մի ծրագիր, որն իրականացվում է Հայաստանի կառավարության հետ միասին։  Հայաստանի բնակչության 40 տոկոսից ավելին զբաղված է գյուղատնտեսությամբ, գյուղի զարգացման ոլորտում, եւ մենք մեկնարկում ենք մի կարեւոր ծրագիր, որն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը եւ ոլորտի զարգացման նախաձեռնություններին։ Եվ տնտեսական ուղղությամբ աշխատանքներն ուղղված են կառավարության ջանքերին, որոնք վերաբերում են ժողովրդավարության փոփոխություններին»,- նշեց դեսպանը։

Լրագրողներից մեկը նկատեց, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին, ինչո՞վ է ԱՄՆ կառավարությունն աջակցում դրան։

«Ես, որքան հասկանում եմ, կառավարության ծրագիրն՝ ուղղված տնտեսական հեղափոխությանը, մասամբ առնչվում է նրան, որ վերացվեն բիզնես-միջավայրում եղած խոչընդոտները։ Իսկ դրանց վերացումը հնարավորություն կտա բիզնեսներին ծաղկում եւ զարգացում ապրել։ Հաջորդն այն է, որ տնտեսական հնարավորություններ լինեն, որպեսզի անհատները կարողանան իրացնել իրենց ներուժը՝ քաղաքական գործունեության, բիզնեսի ոլորտներում։ Եվ այս ծրագիրն ուղղված է անհատի ներուժի իրացմանը, հատկացվելու են նաեւ դրամաշնորհներ, որոնք անհատներին թույլ կտան իրացնելու իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները՝ լինի դա գինեգործության, այգեգործության, թե արտահանման հարցերում։ Եվ դա կնպաստի տնտեսական զարգացմանը։ Ես կարճ ժամանակ է, ինչ Հայաստանում եմ, բայց հասցրել եմ փորձել հայկական գինիները, հայկական չրեղենը, եւ շատ տպավորված եմ ապրանքների ձեւավորման հայկական ջիղից։ Կարծում եմ, հաջողության համար կան շատ հնարավորություններ»,- ասաց Լին Թրեյսին։