Թորոսյանի նշանակած ո՞ր տնօրենն է հաջողել, որ ուզում է մասնավորներում էլ տնօրեն նշանակել

Թորոսյանի նշանակած ո՞ր տնօրենն է հաջողել, որ ուզում է մասնավորներում էլ տնօրեն նշանակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հավակնոտ ախորժակը շոկի մեջ է գցել առողջապահական համակարգը։ Նրանք հասկանում են, որ նախարարի կողմից օրերս շրջանառության մեջ դրված օրենքի չարաբաստիկ նախագծի ընդունումից հետո առողջապահական ոլորտում սեփականության վերաբաշխման գործընթաց կսկսվի։ Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ստեղծել:

Ըստ այդմ, բոլոր հիվանդանոցների կառավարումը, անկախ սեփականության ձեւից, անցնում է առողջապահության նախարարությանը։ Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։ Նախարարն է որոշում, թե տվյալ հիվանդանոցն ինչի պետք է ծառայի, ինքն է նշանակում ժամանակավոր տնօրեններին։ Թորոսյանը կառավարության նիստում նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ «սկզբունքորեն դեմ է, որ պետք է փոխհատուցել մասնավոր բուժհաստատությունների չստացված եկամուտը», ինչը նշանակում է նաեւ, որ արտակարգ դրության պատրվակով ցանկացած պահի կարող են ցանկացած մասնավոր բուժհաստատություն նախ սնանկացնել, ապա փաստացի խլել սեփականատիրոջից։ Ավելին, մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործընթացի բուն նպատակը ոչ թե կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, ինչպես փորձում են հրամցնել այս նախագծի հեղինակները, այլ սեփականության վերաբաշխումը։ 

Առողջապահության պատասխանատուներն անցած չորս-հինգ ամիսներին ցույց տվեցին, որ ունակ չեն պայքարել համավարակի դեմ։ Այսքանից հետո միայն անուղղելի լավատեսները կհավատան, որ մասնավոր հիվանդանոցների կենտրոնացված կառավարման արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել համաճարակային այս ճգնաժամը։ Հատկապես որ հայտնի էլ չէ, թե ովքեր են իշխանության այն բացառիկ կադրերը, որոնք կկարողանան ավելի լավ կառավարել մասնավոր հիվանդանոցները, քան, օրինակ, Հարություն Քուշկյանը, Արմեն Չարչյանը կամ Արմեն Մուրադյանը։ Այս օրենքի առկայությունը նաեւ նշանակում է, որ իշխանությունները մտադիր են արտակարգ դրության ռեժիմը դեռ երկար պահել Հայաստանում, հակառակ դեպքում մեկ ամսվա համար բարդ եւ ժամանակատար գործընթաց չէին սկսի։ Միայն հիվանդանոցի հանձնում-ընդունում անելը կարող է շուրջ մեկ ամիս տեւել։

Մասնագետները վստահեցնում են նաեւ, որ ներկայացված նախագիծն իրավական լուրջ խնդիրներ ու անորոշություններ է պարունակում, թերեւս սրանով է պայմանավորված, որ ԲԿ-ների տնօրեններն ու սեփականատերերը գերադասում են լռել՝ միայն մասնավոր զրույցներում չթաքցնելով, որ նախաձեռնությունն իրենց սրտով չէ: Նրանք հույս ունեն, որ իրավական եւ տեխնիկական բազում խնդիրներ առաջացնող այս նախագծի հեղինակները, ի վերջո, այն կվերանայեն։ 

Երեկ մեզ հաջողվեց կապ հաստատել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, ով հարկ համարեց մեզ փոխանցել միայն հետեւյալը․ «Եթե կառավարությունը որոշեց, եւ իմ երկրի ԱԺ-ն հաստատեց, եւ եթե ՀՀ նախագահը ստորագրեց, դա արդեն օրենքի ուժ է ստանում, իսկ ես օրինապաշտ քաղաքացի եմ եւ պարտավոր եմ կատարել այդ օրենքը»: Ճշտող հարցին՝ նույնիսկ եթե այդ օրենքը խնդրահարույց դրույթնե՞ր ունենա։ «Եթե դա արդեն օրենք դառնա, ես համաձայն լինեմ-չլինեմ, խնդրահարույց լինի-չլինի, ես օրինապաշտ եմ, եթե իմ երկիրն օրենք է ընդունում, ես նախասիրություններով չեմ կարող առաջնորդվել՝ սիրեմ կամ չսիրեմ, ընդունեմ կամ չընդունեմ»,- ասաց Չարչյանը։ Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։ Իշխանությունների սիրելի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենին էլ, պարզվեց, շեֆից «խոնավություն է քաշել»․ նա անհեթեթ «հիմնավորմամբ» մերժեց մեզ հետ զրուցել՝ պատճառաբանելով, թե չգիտի մենք ով ենք, լրագրող ենք, թե չգիտեմ ով, ուստի չի կարող մեկնաբանություն տալ։

Վերադառնալով նախագծում առկա իրավական խնդիրներին՝ մասնագետները փաստում են, որ դրանք շատ են։ Դիցուք՝ մեկ օրինակ․ ներկայացված փաստաթուղթն ամբողջովին հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության, մինչդեռ հստակեցում չեն տալիս տնտեսվարողներին՝ կանխատեսելու նման սահմանափակումների հետեւանքները, ինչպես նաեւ անկանխատեսելի են իշխանությունը կրողի գործողությունների տեսանկյունից։ «Օրենքի նախագիծը նույնիսկ մոտավոր չի սահմանում, թե կազմակերպությունների կառավարման որ լիազորությունների մասին է խոսքը, եւ ինչ ծավալներով են դրանք սահմանափակվելու, դրանով իսկ տալով իշխանությունը կրողին չհիմնավորված իրավասության շրջանակ՝ առանց բավարար անհրաժեշտության, ըստ ցանկության, փոխանցելու կառավարման լիազորությունները ՀՀ առողջապահության նախարարությանը»,- նշեց մեր աղբյուրը:

Բացի դա, նախագծով չի հիմնավորվում, թե, ասենք, պարետի որոշումներն ինչով են խոչընդոտում կամ անբավարար առողջապահության նախարարության արտակարգ դրությամբ պայմանավորված խնդիրների լուծմանը. պարզաբանված չէ, թե գործող արտակարգ դրության ընթացքում ինչ խնդիրների առաջ է կանգնել առողջապահության նախարարությունը, եւ արդյոք դրանում առկա՞ է մասնավոր բուժհաստատությունների մեղքը, որո՞նք են այն իրավական եւ գործառնական երաշխիքները, որ ԱՆ-ն կկարողանա լուծել ծառացող խնդիրները: Գնահատված չեն առաջարկվող կարգավորման բացասական կողմերը եւ դրանց ռիսկի աստիճանը արտակարգ դրության պայմաններում: Ներկայացված չէ, թե ինչ մարդկային ներուժի միջոցով է դա իրականացվելու, ինչ լրացուցիչ նյութական, ֆինանսական ռեսուսրներ պետք է ներգրավվեն՝ այս կարգավորումն իմպլեմենտացնելու համար: