Ձնհալ չկա, պլստալ էլ չի լինելու

Ձնհալ չկա, պլստալ էլ չի լինելու

Ինձ թվում է Չեխիայում, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ, մի սխալ տեղի ունեցավ և այդպես էլ շարունակվեց: Լրագրողը, որ հավանաբար Փաշինյանի հեքիաթներից էր տեղյակ Հայաստանում ժողովրդավարության մակարդակից, ընդդիմության և իշխանության փոխհարաբերության մասին ինչ-որ հիմար հարց տվեց և նույնքան հիմար պատասխան լսեց Փաշինյանից, թե Հայաստանում իշխանություններն ու ընդդիմությունը սկսել են խոսել, հարցեր քննարկել, մինչդեռ կար ժամանակ, որ միմյանց վրա բաներ էին շպրտում… Ազգային ժողովում կառավարության մեկամյա գործունեության տեղեկագրի քննարկումն էլ մատին փաթաթան է դարձրել: Ինչ է թե՝ ընդդիմությունը ներկա է եղել այդ քննարկմանը, հիմա որտեղ նստում՝ իշխանության և ընդդիմության հարաբերություններում «նկատվող» ձնհալից է խոսում: Իսկ ձնհալ, բնականաբար չկա, հետևաբար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստեց Չեխիայում:

Ավելին ասեմ ձեզ՝ ձնհալ երբեք չի լինելու: Փաշինյանը վաղուց է անցել ռուբիկոնը և վերադարձ դեպի հայրենի տուն այլևս չունի: Ոչ մի քաղաքական ուժ, պատեհապաշտներին չհաշված, ոչ մի ցանկություն չունի Փաշինյանի հետ խոսելու կամ որևէ հարց քննարկելու: Բացառություն կարող է կազմել նրա հեռացման պայմանների քննարկումը, բայց դա էլ միայն այն դեպքում, երբ նա արդեն հրաժարական տված կլինի: Հավատն առ այն, որ Փաշինյանը կքննարկի իր հեռացման պայմանները և նոր միայն հրաժարական կտա, վաղուց մեռել է, և ընդդիմությունն այդպիսի շքեղություն իրեն թույլ չի տա: Բայց սա չի նշանակում, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած պիտի նստի, որ Նիկոլը հրաժարական տա և նոր միայն մտածի՝ ի՞նչ անել այդ հրաժարականից հետո:

Իսկ Փաշինյանի հրաժարականից հետո շատ գործ կա անելու: Սա այն դեպքը չէ, որ ասենք՝ տնտեսությունն ենք վերականգնում, դրոշներն առնենք ու գնանք առաջ: Նիկոլն այնպես է քանդել երկիրը՝ սկսած տնտեսությունից և վերջացրած արտաքին հարաբերություններով, սկսած ներքին համերաշխությունից ու վերջացրած աշխարհաքաղաքական բնույթի տապալումներով, որ վերականգնումը, իսկ ավելի՝ ստույգ վերակենդանացումը, շատ բարդ է լինելու: Լևոն Տեր-Պետրոսյանը կերազեր քանդելու գծով հավասարվել Նիկոլին…

Ես տնտեսագետ չեմ, դիվանագիտության մեջ առանձնապես չեմ փայլում, պետականության նրբություններին չեմ տիրապետում, քաղաքական խարդավանքների չեմ մասնակցում, պետական պաշտոնի հույս էլ չունեմ: Այս կարգավիճակում, բնական է, չունեմ նաև հստակ պատկերացումներ այն մասին, թե Նիկոլի հրաժարականից հետո ինչ երկխոսություն կարող է տեղի ունենալ ընդդիմության և Նիկոլի թիմակիցների միջև: Անդրանիկ Քոչարյանի, Վահագն Ալեքսանյանի, Վիգեն Խաչատրյանի, Հովիկ Աղազարյանի Արփի Դավոյանի և մյուսների հետ ի՞նչ պետք է քննարկի ընդդիմությունը: Բայց պետք է ռեալիստ լինել և ընդունել, որ Նիկոլի հրաժարականից հետո ընդդիմությունը ստիպված կլինի կանգնել այդ խնդիրը հաղթահարելու հարցի առջև:

Պակաս բարդ չէ նաև Նիկոլի ընտրազանգվածի հետ խոսելու նյութ գտնելը: 680 հազար զոմբի՝ բերանով ասելն է հեշտ: Այս զանգվածին դեռ պետք է վերադարձնել հասարակություն և նրան համոզել, որ իր տեղը հայ հասարակությունն է և ոչ թե Նիկոլի ախոռը, որի պատերից երկրորդ անգամ ներս մտավ 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններով: Ես կասեի՝ Նիկոլի հրաժարականից հետո սա ամենաբարդ գործն է, որովհետև զոմբիները սուիցիդի հանդեպ, սովորաբար, վախ չեն տածում և, աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր է տեղաշարժվող կենդանի ուժի լրջագույն կորուստներ ունենանք: Նկոլի հրաժարականն այս զանգվածի համար կարող է իսկական արմագեդոնի վերածվել, իսկ այնտեղ արդեն չգիտես՝ Հիսուսը կհաղթի, թե սատանան: Այդ իսկ պատճառով նիկոլի հրաժարականի լուրը զոմբիներին պետք է փոխանցել բավականին նրբանկատորեն, ժողովրդի լեզվով ասած՝ պետք է հեռվից գալ:

Այս թեմայով մի լավ անեկդոտ կա խոպանչի լոռեցու մասին: Սա խոպանից զանգում է կնոջը, հարցուփորձ անում տնեցիներից.
-Հերս ո՞նց ա…
-Հերդ մեռավ…
-Վայ քու արա, տո շան տղու կնիկ, բա ըթենց բանը միանգամից կասե՞ն: Գոնե մի քիչ հեռվից գայիր, ասեիր հերդ բարձրացավ կռիշը, ոտի տակ փետը կոտրվեց, վեր ընկավ ու… Սրտաճաք էլա, ախչի… Բա մե՞րս ոնց ա, ի՞նչ ա անըմ:
-Մերդ, հրե, կռշըմն ա…

Ուզում եմ ասել, որ զոմբիներին՝ հասարակությանն ինտեգրելու համար անհրաժեշտ են ոչ միայն փող և հատուկ հաստատություններ, այլև մասնագետ հոգեբաններ, պետք է աշխատել յուրաքանչյուրի հետ, զոմբի առ զոմբի պետք է վերադարձնել իրականություն: