Խոսելու եւ լռելու ժամանակը

Խոսելու եւ լռելու ժամանակը

Հրապարակային խոսքը բացառիկ ուժ եւ արժեք ունի՝ կախված պահից ու բովանդակությունից: Պատերազմը ցույց տվեց, որ կռիվը միայն ռազմաճակատում չէ: Գնում է նաեւ տեղեկատվական դաժան պատերազմ, երբ ամեն բառ ու արտահայտություն կարող է ոգեւորել կամ ընկճել մարդկանց, բազմապատկել ճակատայինների ուժը կամ թուլացնել թիկունքի դիմադրողականությունը: Կա՞ մեկը, որ կասկածում է, թե ինչպես են թշնամական հատուկ ծառայությունները հենց մեր մամուլով, սոցցանցային գրառումներով ճշգրտում հայ հասարակության տրամադրությունները, դրա վրա կառուցում հեռահար ծրագրեր: Մեզ ոչինչ չեն տա միմյանց հասցեին հնչող անգամ արդարացի քննադատությունները, բացի կասկած հարուցելուց ու պառակտման վիհը գլորելուց: Սեւի ու սպիտակի, հնի ու նորի, իշխանավորի ու ընդդիմադիրի մասին դատողություններն այս պահին ժամանակավրեպ են: Եթե դա ըմբռնելի ու բնական էր մինչեւ սեպտեմբերի 27-ը, այսօր դա հարված է մեր արդար գործին: Հետեւաբար, թիկունքային ամեն հայ իր մասնակցությունը պատերազմին կարող է բերել ոչ միայն հայրենասիրական հորդորներով, այլ նաեւ լռելով, եթե ասելիքը կարող է վնասել մեր միասնականությանն ու ընդհանրական ջանքերին: Ճիշտ քննադատությունը կազդուրիչ է: Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի:

Հպարտությամբ նկատենք, որ այսօր հայ հանրությունը ցուցաբերում է բացառիկ համախմբվածություն ու զսպվածություն: Վաղուց այսքան միասնական չէինք եղել: Այդ միասնությունը մեր հաղթանակի կարեւորագույն գրավականներից մեկն է: Պատերազմը չի կարող անվերջ շարունակվել: Գնում է ռեսուրսների պայքար: Հայերիս համար բացառիկ ռեսուրս է հենց միասնականությունը: Նրա թանձրությունից է կախված մեր հավաքական շնչառությունն ու թարմությունը: Սպիտակ դրոշ առաջինը կպարզի այն երկիրը, որն առաջինը կզգա հոգնածություն:
Պատերազմն իր կանոններն ունի, իսկ ամեն սերունդ՝ իր կռիվը: Քանի՜-քանի սերունդ է բաց թողել իր բաժին կռիվը, որ 100 տարուց ավելի ջանք ենք թափում մեջքներս ուղղելու համար ու դեռ լրումին չենք հասցրել: Այնտեղ՝ Արցախում, վճռվում է երկրի բախտը՝ հայրենիք եւ ինքնիշխան պետություն ունենալու իրավունքի հարցը: Եվ մեզ, շնորհիվ հերոսական Արցախի, շնորհիվ պետականության ու մարտունակ բանակի, տրվել է պատմական եզակի հնարավորություն՝ պաշտպանելով ունեցածը,  իրականացնել հարյուրամյակների գլխավոր երազանքը: 

Ամեն ոք իր անելիքն ունի: Նպաստը հայրենիքին առավել մեծ կլինի, եթե դրսեւորելով զգուշություն, սթափություն ու բարձր պատասխանատվություն՝ կարողանանք այս օրերին ոչ միայն լրատվական դաշտը, այլեւ առօրյա զրույցները հագեցնել բարի լուրերով, ապրեցնող ու ոգեւորող պատմություններով: Դա բնավ էլ տեղեկացվածության իրավունքի խաթարում չէ: Ընդհակառակը, դա լավագույն միջոցն է՝ վանելու ավելորդ լարվածությունն ու աններելի խուճապը, որից այսօր չի կարողանում խուսափել թշնամական ճամբարը:

Առջեւում, հնարավոր է, համառ ու վճռական մարտերի եւս մի քանի օրեր են մեզ սպասվում: Ցավոք, չեն բացառվում նաեւ կորուստները: Մենք պիտի սփոփվենք նրանով, որ զոհված ամեն մի հայորդու գեները պահպանվում են տոհմակիցների՝  քույր-եղբայրների, արյան մեջ: Ազգերն այդպես են դարերը ճեղքում՝ ամբողջի համար զոհելով մասնիկը: Դա՛ է հաղթանակի գինն ու հարատեւման բանաձեւը: 

Ճակատի ու թիկունքի միակամությունն ու համախմբվածությունն են մոտեցնելու հաղթանակի բաղձալի օրը: Ուրեմն, ազգովի տա՛նք մեր բաժին կռիվը՝ զենքո՛վ, գրչով ու խոսքով, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խոհուն լռությամբ:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ