Շատ մի ոգեւորվեք

Շատ մի ոգեւորվեք

Գուցե բնական է, անգամ կանխատեսելի էր, որ ընտրություններից հետո, ստացած 53 տոկոսից, գործող իշխանությունը պետք է ոգեւորվի ու ցինիզմով համակվի։ Չէ՞ որ անգամ իրենց ամենավառ երազում չէին կարող տեսնել, որ հասարակության կեսից ավելին իրենց ասելու է «այո» եւ քարտ-բլանշ է տալու, որ շարունակեն 3 տարում արածը։ Այսինքն՝ ավերեն ու ոչնչացնեն համակարգեր, պառակտեն հասարակությանն ու թշնամանք սերմանեն, պատերազմում պարտվեն եւ Արցախի մեծ մասը հանձնեն, հազարավոր զոհեր տան ու դրանց մասին խոսեն այնպես, ասես այդպես էլ պետք է լիներ։ Ու միաժամանակ այս ամենի մեղքը շարունակեն բարդել իրենցից 3-5-10 անգամ 20 տարի առաջ պաշտոնավարած քաղաքական ուժերի եւ իշխանությունների վրա։ Եվ այս ամենին զուգահեռ մուննաթ գան հասարակության վրա, ծեծի ենթարկեն ընդդիմությանը, իրենց մերժողներին բանտ նստեցնեն, իրենց քննադատողների դեմ քրեական հոդվածներ ընդունեն եւ հպարտ քայլեն երկրում՝ առանց ամոթի ու զղջման։

Բայց անգամ եթե մեր հասարակության 53 տոկոսը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, նրանց ասել է «այո» եւ երկարաձգել նրանց հասանելիք ժամանակը, դա դեռ չի նշանակում, որ ընտրությունների ելքը թուլացրել է երկրում ստեղծված լարումը, լուծել է մեր պետության առաջ ծառացած խնդիրները, հանրային համերաշխության մթնոլորտ է ձեւավորել կամ արտաքին թշնամիների ու բարեկամների հետ հարաբերություններն է կարգավորել։ Անգամ այդ 53 տոկոսի մաս կազմող անձինք եւ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք մտածելու դույզն-ինչ ունակություն ունեն, շատ լավ հասկանում են, որ ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել՝ երկրում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել։ Մենք նույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ հունիսի 19-ին։ Բացարձակապես ոչինչ չի փոխվել։